ՀԱՐՑԵՐ՝ Ն.Փ.-Ի ՀԱՐՑԵՐԻՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրեն հայտնի էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու խնդրանքով դատարանին դիմելու Արցախի նախագահ Բակո Սահակյանի մտադրության մասին, բայց միջամտել այդ հարցին ինքը մտադիր չէ։ Այդ մասին Փաշինյանը ասաց ուրբաթ օրը՝ ռուսաստանյան լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է News.am-ը։

Այն հարցին, թե չի՞ անդրադառնա արդյոք Ռոբերտ Քոչարյանի գործի նկատմամբ տեսակետների տարբերությունը Երևանի և Ստեփանակերտի հարաբերությունների վրա, պարոն Փաշինյանը պատասխանեց զգուշորեն, գրում է «Կոմերսանտը»։

Քաղաքական գործչի խոսքերով, ինքը կարող է հասկանալ պարոն Սահակյանին «բարոյական տեսանկյունից», սակայն «քաղաքական տեսանկյունից որոշ հարցեր են առաջանում»։ «Օրինակ, եթե Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ դատարանում որևէ գործ լինի, ինչպես նրանք կվերաբերվեին, եթե ես էլ նույն կերպ փորձեի որևէ մեկի համար երաշխավորել: Եվ պետք է հստակեցնել՝ որ հարցում են նրանք աջակցում Ռոբերտ Քոչարյանին»,- նշեց Հայաստանի վարչապետը։ Նա պարզաբանեց, որ տեղյակ էր Բակո Սահակյանի գալուստի մասին և անձնական զրույցում արտահայտել է իր վերաբերմունքը նրա արարքի նկատմամբ։ Սակայն թե հատկապես ինչպիսին էր դա, պարոն Փաշինյանը հրաժարվեց մանրամասնել։

Նիկոլ Փաշինյանը հավելեց նաև, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ դատաքննությունը ամենալայն աջակցություն է վայելում հայ հասարակության մեջ, իսկ ոմանք նույնիսկ կցանկանային մեղադրյալի աթոռին տեսնել ևս մեկ նախկին նախագահի՝ Սերժ Սարգսյանին. «Ես անկեղծ կասեմ. մարդիկ ինձ ուղղակիորեն քննադատում են նրա համար, որ Սերժ Սարգսյանը մինչև հիմա ազատության մեջ է: Պարզապես մարդիկ չէ, այլ ԶԼՄ-ներ, հասարակական կազմակերպություններ»։ Բայց պարոն Փաշինյանը հիշեցրեց, որ նման հարցերը որոշում են քննչական մարմինները, և ոչ քաղաքական նկատառումներով։ Հակառակ դեպքում, Հայաստանի վարչապետի խոսքերով, «Սերժ Սարգսյանը վաղուց բանտում կլիներ»։

Բայց անհնար է լռել. այսօր, երբ դատարանն արդեն ընդունել է որոշումը, Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ է, հայկական դատարաններն արգելափակված են վարչապետի կողմնակիցների կողմից, Նիկոլ Փաշինյանի մի քանի օր առաջ արած հայտարարություններին անդրադառնալը կարծես թե արդեն արդիական չէ։ Անցած շաբաթ օրվանից Հայաստանը, Արցախը և ընդհանրապես ողջ հայությունը նոր օրակարգ ունեն, նոր մտավախություններ ու նոր մարտահրավերներ։ Այժմ ուրվագծվեց գործող իշխանության կողմնակիցների և հակառակորդների միջև կոշտ բախումների իրական հեռանկար։ Նկատեք, դեռ շաբաթ ցերեկով խոսքը վերաբերում էր դատարանի շենքի մոտ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների և հակառակորդների առճակատման մասին, իսկ երեկոյանհարձակում թատերական հրապարակում թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի վրա, և հետո, ինչպես ասում են, գնա՜ց։ Այս իրավիճակում ակներև է, որ իրադարձությունները զարգանում են այնպիսի կատաղի տեմպով, որ բառացի երեկվա իրադարձություններն այսօր արդեն կարելի է համարել հնացած։

Այդուհանդերձ, չնայած այդ հանգամանքին, ռուսաստանյան լրագրողների հետ ուրբաթօրյա հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններն արժանի են հատուկ ուշադրության, առաջացնելով հարցեր

ՀԱՐՑ ԱՌԱՋԻՆ. Արցախի նախկին և գործող նախագահները բացառապես օրենսդրության շրջանակներում են երաշխավորել, որ Ռոբերտ Քոչարյանը ոչ մի տեղ չի փախչի։ Դա զուտ իրավական ընթացակարգ է, նախատեսված, կրկնեմ, գործող օրենսդրությամբ։ Եվ եթե այդ տեսանկյունը չի վիճարկվում վարչապետի կողմից, եթե բարոյական տեսանկյունից նույնպես նրան հասկանալի է Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի քայլը, ապա ի՞նչ կապ ունի այստեղ ընդհանրապես «քաղաքական տեսանկյունը»։ Իրավական գործընթացում քաղաքական տեսանկյուն չպետք է լինի։ Առավելևս գործի այն մասով, որը վերաբերում է միայն խափանման միջոցին։ Իսկ եթե կա քաղաքական տեսանկյուն, ապա միանգամայն տեղին են պնդումները քաղաքական հալածանքի մասին։

ՀԱՐՑ ԵՐԿՐՈՐԴ. առհասարակ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն Հայաստանի նախկին նախագահն է, այլև Արցախի նախկին նախագահը, և ցանկացած տեսանկյունից Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը բոլոր հիմքերն ունեին երաշխավորելու իրենց նախկին նախագահի համար։ Ճիշտ այնպես, ինչպես եթե Նիկոլ Փաշինյանը երաշխավորեր, օրինակ, Ստեփանակերտում մեղադրյալի աթոռին հայտնված Լևոն Տեր-Պետրոսյանի համար։ Ինչ է, չէ՞ր երաշխավորի։

ՀԱՐՑ ԵՐՐՈՐԴ. Արցախի գործող և նախկին նախագահները հաստատ և՛ քաղաքական, և՛ բարոյական, և՛ իրավաբանական շատ ավելի իրավունքներ ունեն երաշխավորելու Ռոբերտ Քոչարյանի համար, քան հայկական սփյուռքի ներկայացուցիչները՝ անմիջականորեն մասնակցելու Հայաստանում իշխանափոխության գործընթացին։ Մեկ տարի առաջ մենք բախվում էինք դրան գործնականում ամեն օր։ Մերթ ԱՄՆ-ի քաղաքացի Սերժ Թանկյանը, մերթ Կանադայի քաղաքացի Արսինե Խանջյանը ակտիվ մասնակցություն էին ցուցաբերում այդ գործին։ Իսկ այստեղ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը ընդամենը երաշխավորեցին, որ Ռոբերտ Քոչարյանը փախուստի չի դիմի, և Հայաստանի վարչապետի մոտ հարցեր առաջացան

ՀԱՐՑ ՉՈՐՐՈՐԴ. ահավասիկ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե իբր պետք է ճշտել՝ «որ հարցում են նրանք աջակցում Ռոբերտ Քոչարյանին»։ Չգիտեմ, թե վարչապետի համար ինչու այնքան էլ պարզ չէ այդ հարցի պատասխանը, բայց ակնհայտ է, որ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը աջակցում են հայկական օրենսդրության լոկ այն նորմին, որը նախատեսում է անձնական երաշխավորություն։ Այստեղ ընդհանրապես խոսք չկա աջակցության մասին, այստեղ խոսքը միայն այն մասին է, որ այդ մարդիկ երաշխավորում են, որ Քոչարյանը չի փախչի արդարադատությունից։

Բայց տվյալ դեպքում խոսքը նույնիսկ այդ մասին չէ։ Խոսքն, ըստ էության, այն մասին է, որ երբ հայկական խորհրդարանի պատգամավորները երաշխավորում էին «Սասնա ծռեր» խմբի գրոհայինների համար, Նիկոլ Փաշինյանի մոտ ցանկություն չէր առաջանում ճշտել, թե հատկապես որ հարցում են ժողովրդի ընտրյալներն աջակցում դատապարտյալներին։ Իսկ այստեղպետք է ճշտել։

Սրանք Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի քայլի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի արձագանքին առնչվող լոկ մի քանի հարցեր են։ Բայց այդքանն էլ բավական է՝ արձանագրելու համար ակնհայտը. իշխանության այսպիսի մոտեցումների, այսպիսի երկակի չափանիշների պարագայում Հայաստանի՝ որպես իրավական պետության մասին խոսելն անիմաստ է։ Անիմաստ է խոսել օրենքի գերակայության մասին, եթե այդ սկզբունքը պետք է կողմնորոշվի «քաղաքական տեսանկյունով»։ Եվ առավելևս, երբ «օրենքի գերակայության» պայմանով տեղի են ունենում ինքնադատաստան տենչացողների հարձակումներ երեխաների հետ զբոսնող մարդկանց վրա։

Ասենք, եկավ երկուշաբթին, դատարանները վարչապետի կոչով արգելափակեցին նրա կողմնակիցները, դատական համակարգի աշխատանքը կաթվածահար է, արդարադատությունն՝ ընդհանրապես կոլապսի մեջ։ Այստեղ արդեն իրավական պետության մասին միտքն անգամ խորշելի է թվում։

Մինչդեռ միանգամայն ակնհայտ է, որ երկրի ներսում ստեղծված իրավիճակը չի կարող չանդրադառնալ արտաքին ճակատների վրա։ Եվ այստեղ խոսքն առաջին հերթին ռազմական սպառնալիքի մասին է։ Հարևանները դժվար թե բաց թողնեն երկրում այսօր արդեն չափազանց վտանգավոր դրսևորումներ ստացած ներհայկական պառակտումից և ապակայունացումից օգտվելու հնարավորությունը։ Հարևանները սեփական փորձով գիտեն, որ հասարակական-քաղաքական ներքին գործընթացները, ցնցումներն ու ապակայունացումը ռազմական հաջողություններ ակնկալելու հնարավորություն են տալիս հակառակորդին։ Կրկնեմ, նրանք գիտեն դա սեփական փորձով, 25-ամյա վաղեմության իրադարձություններով, երբ իրենց ներքին ցնցումները պարտությունների էին հանգեցնում ռազմաճակատներում։

Եվ էլի մի բան։ Այսօր իշխանության կողմնակիցները փորձեր են ձեռնարկում ներքաղաքական իրավիճակի սրման, հասարակության մեջ բաժանարար գծերի առաջացման և այլ մեղքերի համար պատասխանատվությունը բարդել Քոչարյանի վրա։ Իբր՝ հանուն այն բանի, որ հայտնվի ազատության մեջ, նա ինքը ծայրաստիճան սրեց իրավիճակը։ Փորձերն այդ, ասենք ուղղակի, ողորմելի են։ Քանի որ երկրի կայունության, սահմանադրության գործողության, հասարակական տրամադրության համար պատասխանատու է նախևառաջ գործող իշխանությունը, այլ բնավ ոչ նախկինը։

Основная тема:
Теги: