ՎԱՐՉԱՊԵՏԻ ՍԵՎ ԿԱՏՈՒՆԵՐԸ
Եվ սկսվեցին հասարակական լայն քննարկումները, թե ինչու Փաշինյանն ասաց այսինչ բանը, ինչու ասաց այնինչ բանը։ Դժբախտ մեկնաբանները մոլորվել են երեք ծառի արանքում։ Ինչո՞ւ վարչապետը կոչ արեց արգելափակել դատարանները, իսկ հետո հանել արգելափակումը։ Չէ՞ որ կարող էր և ելույթ ունենալ առանց դատարաններն արգելափակելու, առանց անհարմարություններ պատճառելու, դե, և ընդհանրապես, առանց սահմանադրությունը, օրենքներն ու ենթաիրավական ակտերը բազմիցս խախտելու։ Ի՞նչ կապ ունի այստեղ ընդհանրապես Արցախը։ Հարցեր, հարցեր և տրամաբանորեն կառուցված տարբեր վարկածներ…
Ողջ խնդիրն այն է, որ նրանք, ովքեր փորձում են մեկնաբանել ու պարզաբանել վարչապետի արարքները, գործում են հավերժական մարդկային սխալը. գնահատում են ուրիշների գործողությունները արժեքների սեփական սանղակով։ Այսինքն՝ փորձում բացատրել Նիկոլի գործողությունները սովորական մարդկային տրամաբանության տեսանկյունից։ Այնինչ վարչապետի գործողություններում դա փնտրելը պարզապես անիմաստ է։ Դա նույնն է, ինչ հայտնի ասույթում՝ այն մասին, որ դժվար է գտնել սև կատվին մութ սենյակում, մանավանդ երբ նա այնտեղ չէ։
Սակայն դա չի նշանակում, թե վարչապետի գործողություններում ընդհանրապես ոչ մի տրամաբանություն չկա, և պետք է ստորագրություններ հավաքել Փաշինյանի հոգեկան կայունությունը ստուգելու պահանջով հանրագրի ներքո, ինչպես դա այսօր տարածում են ինտերնետում վարչապետի առավել կոշտ հակառակորդները։
Կարծում ենք, դա մեկ այլ ծայրահեղություն է, պարզապես պետք է հիմք ընդունել այն, որ վարչապետի գործողությունների տրամաբանութունը, ասենք այսպես, այնքան էլ սովորական չէ։ Վերցնենք դատարանների արգելափակումը։ Ինչի՞ համար էր դա պետք, չէ՞ որ Փաշինյանն առանց դրա էլ լիովին կարող էր հնչեցնել իր թեզիսները։ Բայց բանն այն է, որ վարչապետի ելույթին նախորդել էր դատարանի որոշումը Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու մասին՝ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի երաշխավորությամբ։ Այդ որոշումը հիստերիկ վայնասուն առաջացրեց առավել զոմբիացվածների միջավայրում, որոնք նետվեցին ցույցեր անելու, փողոցներն արգելափակելու, հայհոյելու… Ի՞նչ պիտի աներ Նիկոլը։ Ներողությո՞ւն խնդրեր իր տխմարների համար, ինչպես դա պահանջում էր հասարակայնությունը։ Ներողություն խնդրելը վարչապետի համար չէ, նա բազմիցս ապացուցել է, որ վեր է կանգնած այդ «քաղքենիական» մանրուքներից։ Ուստիև մնում էր միայն մեկ ելք. նոր կրքեր բորբոքել, որպեսզի նախորդների մասին հնարավորինս շուտ մոռանան։ Սա՝ մեկ։
Դե, իսկ երկրորդ, դատարանների արգելափակումը կուտակված գոլորշին բաց թողնելու լավ միջոց է, որպեսզի զոմբիկները չվախենան իրականությունից, կրկին զգան հաղթանակի համը և չհիասթափվեն իրենց առաջնորդից։
Դե, իսկ ի՞նչ կապ ունի այստեղ Արցախը, կհարցնեք դուք։ Ի՞նչ կապ ունեն պնդումները ինչ-որ դավաճանների մասին, որոնք վարկաբեկում են հայկական նոր իշխանությանը արցախցիների աչքում, ի՞նչ կապ ունեն դավաճաները, որոնք պատրաստ են պատերազմ սադրել ու զիջել հողերը, իսկ հետո դրա մեղքը գցել վարչապետի վրա։ Ինչի՞ համար է ողջ այս զառանցանքը, որի առնչությամբ Արցախի նախագահը կարող էր ասել լոկ այն, որ իրենք այդօրինակ ոչ մի տեղեկություն չունեն։
Սովորական տրամաբանություն նույնպես այստեղ չկա։ Պարզապես Փաշինյանը ներքուստ զգաց, որ միայն դատարանների ագելափակումը որպես թամաշա բավական չէ։ Իր քաղաքական ու տնտեսական վրիպումները քողարկելու համար նրան պահանջվեցին նոր թշնամիներ, որպեսզի հակառակորդ լինի պայքարելու համար և չկորսվի հաղթանակի համը։
Բացի այդ, եկեք չմոռանանք, որ Փաշինյանը պատկանում է ավերիչ քաղաքական գործիչների տեսակին։ Նրանք պարզապես փայլուն են, երբ պետք է ինչ-որ բան փլուզել։ Ինչպես Լևոնը 90-ականներին։ Ինչպես Փաշինյանը այսօր։ Նրա ձեռքերը պարզապես քոր են գալիս ինչ-որ տեղ ինչ-որ բան քանդուքարափ անելու մարմաջից։ Այժմ օրակարգում Հայաստանի դատական համակարգն է և Արցախը։ Չէ՞ որ վաղուց է հայտնի. քանդելը հեշտ է, կառուցելն է դժվար։