ՄԵՆՔ ԷԼ ԵՆՔ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ՑԱՆԿԱՆՈՒՄ, ՊԱՆ ՍՎԻՏԱԼՍԿԻ, ԲԱՅՑ ԻՆՉՈ՞Ւ ՓԱԿԵԼ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ

Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ միջազգային կառույցների և երկրների արձագանքը, որոնց ընդունված է համարել աշխարհում ժողովրդավարության սյուներ, բավական ուշագրավ գտնվեց։ Կարելի է նույնիսկ եզրակացնել, որ դա յուրօրինակ լակմուսի թուղթ դարձավ առանձին գործիչների համար, որոնք զբաղեցրած պաշտոնի բերումով անմիջականորեն կապված են Հայաստանում բարեփոխումների գործընթացի հետ։ Քանզի համարժեք, կշռադատված և օբյեկտիվ գնահատականների հետ մեկտեղ, հնչեցին նաև միջազգային իրավունքի և մարդու իրավունքների տեսանկյունից բացարձակ անբացատրելի մեկնաբանություններ, որոնք կարող են տարակուսանք ու հեղինակների քաղաքական վարձվածության վերաբերյալ լուրջ կասկածներ առաջացնել։

Առաջին արձագանքը հնչեց օվկիանոսի այն կողմից, Freedom House-ի բարձրաստիճան ներկայացուցչի հասարակական, բայց հեղինակավոր մակարդակով։ Ինչպես գրեց Twitter-ում կազմակերպության հատուկ հետազոտությունների գծով տնօրեն Նեյթ Շենկկանը, «Հետհեղափոխական Հայաստանում վտանգը միշտ ամփոփված է եղել նրանում, որ Փաշինյանը, անկարող լինելով արագ կամ կայուն վերափոխել երկիրը, նորից ընկնելու է պոպուլիզմի մեջ, որը նրան բերեց իշխանության։ Եվ ահա, հասանք դրան»։

Մի քանի ժամ անց արտահայտվեցին ԱՄՆ-ի իշխանությունները՝ ի դեմս ՀՀ-ում դեսպանության, չկիսելով սակայն ամերիկյան իրավապաշտպանի կարծիքն այն մասին, թե հատկապես «ուր հասանք»։ Դեսպանությունը, մասնավորապես, հայտարարեց անկախ դատական համակարգի վերաբերյալ Հայաստանի վարչապետի, Շենկկանի գնահատմամբ՝ «պոպուլիստական» ծրագրերին աջակցելու մտադրության մասին։ Պետության և հասարակական գործչի մոտեցումներում առկա տարբերությունը, անշուշտ, միանգամայն նորմալ երևույթ է։ Տարօրինակն այլ բան է. իրեն որպես ժողովրդավարության և մարդու իրավունքների ամենանվիրված կողմնակից ներկայացնող Միացյալ Նահանգները նախընտրեց «չնկատել», թե հատկապես ինչ եղանակով են Հայաստանի իշխանությունները սկսել «ամրապնդել» դատարանների անկախությունն ու օրենքի գերակայությունը։

Ավելին, դեսպանության հայտարարությունում, որի աշխատակիցները դեսպանի գլխավորությամբ հնարավորություն ունեին սեփական աչքով, տեղում հետևել իրավիճակին, ասվում է հետևյալը. «Հայաստանի ժողովուրդը հստակ հայտարարեց, որ աջակցում է այս փոփոխություններին, և մենք խրախուսում ենք կառավարությանը հետևողականություն դրսևորել դատական բարեփոխումների իրականացման գործում՝ համաձայն սահմանադրության»։ Մնում է ենթադրել, որ քաղաքական ու հասարակական բազմաթիվ ուժերը և նույնքան մեծաթիվ հեղինակավոր գործիչներն ու փորձագետները, որոնք սուր քննադատության ենթարկեցին վարչապետի գործողությունները, «Հայաստանի ժողովուրդ» հասկացության մեջ չեն մտնում, իսկ դատարանների շենքերի արգելափակումը միանգամայն սահմանադրական ուղի է տվյալ համակարգի բարեփոխման համար։

Լիովին հպամարժեք էր Եվրոպայի խորհրդում Հայաստանի հարցերով զեկուցողներ Յուլիա Լյովոչկինայի և Անդրեյ Շիրցելի արձագանքը, որոնք մտահոգություն արտահայտեցին կառավարության ղեկավարի կոչի առթիվ։ «Շահագրգռված քաղաքական կողմերը պետք է ձեռնպահ մնան այնպիսի գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես ճնշում դատական իշխանության վրա»,- շեշտեցին համազեկուցողներն իշխանության ճյուղերի բաժանման կարևորագույն սկզբունքը, ընդգծելով, որ «օրենքի գերակայությունը լավագույնս ապահովվում է քաղաքական խաղի մասնակիցների կողմից որևէ միջամտության բացակայության դեպքում»։ Նման մեթոդների անթույլատրելիության մատնանշման հետ մեկտեղ, ԵԽ պատգամավորները հայտարարեցին դատական համակարգը բարեփոխելու վարչապետի պարտավորությանն աջակցելու մասին։

Սակայն բառի ուղղակի իմաստով ամենից ինտրիգողը Եվրամիության դիրքորոշումն էր։ Սկզբում Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Սաջադ Քարիմը հայտարարություն տարածեց, որում մտահոգություն էր արտահայտվում «հանրապետության դատարանների շենքերի մուտքերն ու ելքերը արգելափակելու մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչի առիթով»։ Եվրոպական պատգամավորները նույնպես մտահոգություն հայտնեցին «պարտադիր և ընդհանուր «վեթինգի» առնչությամբ, որը պետք է վերաբերի բոլոր դատավորներին»։ Քարիմն ու իր գործընկերները կոչ արեցին պետական պաշտոնատար անձանց իմաստնություն և զսպվածություն դրսևորել, գործել բացառապես սեփական լիազորությունների շրջանակներում՝ համաձայն սահմանադրության, և պահպանել օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների առանձնության սկզբունքը։

Թվում է՝ առողջ, հավասարակշռված և միջազգային իրավունքի ու ՀՀ սահմանադրության պահանջներից բխող Եվրամիության դիրքորոշումը ներկայացված է։ Բայց ո՛չ։ Երկուշաբթի օրվա ողջ ընթացքում լռում էր Հայաստանում ԵՄ-ի պատվիրակությունն ու դրա սովորաբար ակտիվ ու առատախոս ղեկավար Պյոտր Սվիտալսկին, որը նախընտրեց չմեկնաբանել այդ թեման՝ ի պատասխան ԶԼՄ-ների հարցի։ Իսկ այ, մայիսի 21-ի երեկոյան պան Սվիտալսկիի լեզուն բացվեց։ Եվ պարզվեց, որ ինչպեսև ԱՄՆ-ի դեսպանությունը և ի տարբերություն Հայաստան-ԵՄ համագործակցության հանձնաժողովի անդամների, սույն պարոնը հակաօրինական ոչինչ չի տեսել դատական իշխանության շենքերի մուտքերն ու ելքերը արգելափակելու գործադիր իշխանության ղեկավարի կոչի մեջ։ Փոխարենը Սվիտալսկին նախընտրեց խորանալ լայնարձակ ընդհանրական դատողությունների մեջ, թե որքան կենսականորեն են անհրաժեշտ մեր երկրին դատական համակարգի բարեփոխումները և ինչ կարևոր է անցկացնել դրանք «համաձայն Հայաստանի սահմանադրության և երկրի հանձն առած միջազգային պարտավորությունների»։

Ակամայից ցանկություն է առաջանում հարց տալ ԵՄ դեսպանին. մի՞թե մի ամբողջ երկրի դատարաններն արգելափակելու և դրանով իսկ կաթվածահար անելու կոչը մտնում է Հայաստանի միջազգային պարտավորությունների մեջ։

Այնուհետ պատվիրակության ղեկավարը հայտարարեց ՀՀ դատական համակարգում բարեփոխումների գործընթացին աջակցելու և ֆինանսավորելու ԵՄ-ի պատրաստակամության մասին, կոչ անելով կառավարությանը երկխոսություն սկսել քաղաքացիական հասարակության և դատական մարմինների հետ։ Ընդգծենք. հենց այն դատական մարմինների, որոնց վարչապետի շուրթերով վեթինգ է խոստացվել, ինչի առնչությամբ, իրենց հերթին, ՀՀ-ում ԵՄ-ի դեսպանի գործընկերները դրանից մի քանի ժամ առաջ մտահոգություն էին հայտնել։

Այսպիսով, Սվիտալսկիի հայտարարությամբ Եվրամիությունը պաշտոնապես աջակցեց Նիկոլ Փաշինյանի գործողություններին, որոնք բազմաթիվ փորձագետների, քաղաքական և հասարակական գործիչների կողմից գնահատվել են որպես սահմանադրական կարգի տապալում և երկրի ապագայի համար ծայրաստիճան վտանգավոր։ Այդ թվում, ինչպես հետևում է դեսպանի խոսքերից, աջակցություն է ցուցաբերվում «անցումային արդարադատության» համակարգի անցնելու մտադրություններին, ինչը նույնպես խիստ բացասական արձագանք է առաջացրել հայ հասարակության լուրջ շրջանակներում, որոնց ևս, ամենայն հավանականությամբ, ԵՄ-ն չի համարում հայ ժողովրդի մաս։ Այդ ենթատեքստում ուշագրավ է, որ բառացիորեն երեք ամիս առաջ, 2019 թվականի փետրվարին հենց նույն Պյոտր Սվիտալսկին, մեկնաբանելով անցումային արդարադատության համակարգ մտցնելու հնարավորությունը, նշել էր, որ այդ հարցում «կուրորեն հիմնվել ուրիշի փորձի վրա պետք չէ»։ «Այդպիսի փորձ կա աշխարհում և նույնիսկ Եվրոպայում։ Մենք կարող ենք առաջարկել նայել ուրիշների պրակտիկային, թե ինչ է այնտեղ ստացվել։ Բայց եթե Արևմտյան Բալկաններում, օրինակ, դա գործեց, փաստ չէ, թե կգործի նաև այստեղ»,- հայտարարել էր նա։

Մնում է ենթադրել, որ Եվրամիության դեսպանն իրեն պահում է ամենասովորական հողմացույցի պես, փոխելով, ընդգծենք, ԻՐԱՎԱԿԱՆ հարցերի նկատմամբ իր դիրքորոշումը (հետևաբար՝ նաև ԵՄ-ի դիրքորոշումը), կախված մեր երկրում տիրող քաղաքական համատեքստից և իր կազմակերպության քաղաքական շահերից։

Դե ինչ, հիշեցնենք պան Սվիտալսկիին և իր գործընկերներին այն հայտնի ճշմարտությունը, որ չարժե Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել։ Առաջին և ցանկացած այլ հերթին հենց Հայաստանի բնակիչներն են շահագրգռված, որ ունենան պրոֆեսիոնալ, որակյալ և կոռուպցիայից առավելագույնս զերծ դատական համակարգ, քանզի առաջին հերթին մենք ենք սեփական մաշկի վրա և տարիներ շարունակ զգում հակառակի բոլոր «հրապույրները»։ Բայց չնկատել վտանգն ու այն մեթոդների անօրինականությունը, որ բացահայտ կիրառում են իշխանությունները, անտեսել դրանց բռնի և արհեստական բնույթը, հաշվի չառնել հայ հասարակության բազմաթիվ հայտնի ներկայացուցիչների արձագանքը և ցինիկորեն հայտարարել նման մտադրություններին աջակցելու և ֆինանսավորելու մասին. սա արդեն ոչ մի շրջանակի մեջ չի տեղավորվում։

Եվ վկայում է միայն արտաքին ուժերի՝ ի դեմս վերոնշյալ բոլորի, շահադիտական (ինչպես քաղաքական, այնպես էլ մնացած բոլոր իմաստներով) շահագրգռվածության մասին՝ Հայաստանում ստեղծելու իրավիճակ, որում գերակա են ոչ թե սահմանադրության և օրենքի պահանջները, այլ արկածախնդիր ձգտումները, որոնք բարեբեր հող են նախապատրաստում հայ ժողովրդի իրական շահերի հետ ընդհանուր ոչինչ չունեցող աշխարհաքաղաքական մեքենայությունների համար։

Մյուս կողմից, հիմքեր կան նաև ենթադրելու, որ արևմտյան հովանավորների գնահատականների որոշակի հակասականությունն ու բազմազանությունը յուրօրինակ նախազգուշացում է Հայաստանի իշխանություններին. չափը ճանաչել ու սահմանագիծը չանցնել։ Դրանից բխող բոլոր հետևանքներով։