Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ. «ՉԻ ԿԱՐԵԼԻ ՊԱՏԺԵԼ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ԻՐԵՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»
Զրույցը Արցախի նախկին օմբուդսմեն, Արդարադատության ակադեմիայի առաջին ռեկտոր, իրավագետ, իրավապաշտպան Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆԻ հետ տեղի ունեցավ վերջին շաբաթվա բուռն իրադարձություններից մի քանի օր առաջ։ Բայց այսօր էլ, չնայած որոշ հանգամանքների զարգացմանը, այդ թվում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխմանը, մեր շոշափած զուտ իրավական հարցերը չեն կորցրել արդիականությունը։
-Պրն. Մելիքյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Սահմանադրական դատարանի որոշումը, որով հակասահմանադրական ճանաչվեց Վճռաբեկ դատարանի 2018 թ. նոյեմբերի 15-ի որոշումը։ Բեկումնային չէ՞ արդյոք դա «Մարտի 1»-ի գործում, և ինչպիսի՞ն պետք է լինեն դրա իրավական հետևանքները։
-Նախ, կարծում եմ, որ այդ հարցը պետք է դիտարկել առանց կոնկրետ գործի հետ կապակցելու, այլ քրեաիրավական արդարադատության ընդհանուր զարգացման համատեքստում։ Դա այն հարցերից է, որոնք վերաբերում են Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների կարգավիճակին, և փաստացի այն, որ գործը հասել է Սահմանադրական դատարան, հասարակական մեծ արձագանք է ստացել։ Ես դեռևս 2018 թվականի նոյեմբերին արտահայտել եմ իմ կարծիքն այդ առնչությամբ, հայտարարելով, որ Վճռաբեկ դատարանը պարտավոր էր ինքնուրույն որոշում կայացնել, այլ ոչ թե գործն ուղարկել ստորադաս ատյան։ Գիտեմ, որ կան իրավաբանների կարծիքներ, որոնք տարբերվում են իմ տեսակետից, բայց Սահմանադրական դատարանը տվյալ դեպքում հիմք է ընդունել իր սահմանադրական գործառույթը։
Իսկ ինչ վերաբերում է իրավական հետևանքներին, ապա չեմ կարող ասել, թե ելնելով նրանից, որ Սահմանադրական դատարանն այդպիսի որոշում է ընդունել, պետք է հաջորդի անհապաղ ազատումը կալանքից։ Կարծում եմ, տվյալ դեպքում դժվար է խոսել իրավական հետևանքների մասին, քանի որ Վճռաբեկ դատարանում բողոքարկված որոշումն իր իրավական ազդեցությունը կորցրել է։ Այն ժամանակ վիճարկվող կալանքի երկամսյա ժամկետը վաղուց լրացել է, արձակվել են խափանման միջոցի մասին առաջին և երկրորդ ատյանների այլ որոշումներ և Վճռաբեկ դատարանի որոշումը սկզբունքորեն կորցրել է այն անձի ազատության վրա անմիջականորեն ազդելու իր նշանակությունը, որի նկատմամբ կայացվել է։
Մյուս կողմից, սա դատաիրավական համակարգի գործունեության այն կարևոր փաստերից մեկն է, որոնք հետագայում կարող են հանգեցնել որոշակի եզրակացությունների. լիազո՞ր էր արդյոք բուն դատավարությունը, և դեր ունեցա՞վ Հայաստանի իշխանությունների կողմից գործադրվող այն ճնշումը, որին ականատես էինք մենք բոլորս։
-Այո, վերջին ժամանակներս դիտարկվում է դատական իշխանության վրա գործադրվող ակնհայտ ճնշում։ Ինչպե՞ս եք, օրինակ, գնահատում արդարադատության նախարարի կողմից Բարձրագույն դատական խորհուրդ ուղարկված միջնորդագիրը՝ Վճռաբեկ դատարանի երկու պալատների բոլոր դատավորներին կարգապահական տույժի ենթարկելու նպատակով։ Թե՞ հակառակը, գուցե արժե պատասխանատվության ենթարկել Վճռաբեկ դատարանի այն դատավորներին, որոնք կայացրել են Սահմանադրական դատարանի տեսանկյունից հակասահմանադրական որոշում։
-Մենք կարող ենք քաղաքական նկատառումներով ունենալ տարբեր կարծիքներ, բայց չի կարելի պատժել դատավորներին իրենց որոշումների, իրենց մասնագիտական գործունեության համար։ Առանց այս կանխադրույթի մենք կկորցնենք անկախ դատական համակարգ ունենալու հնարավորությունը, ոչ ոք չի ցանկանա դատավոր դառնալ։ Ինչ վերաբերում է արդարադատության նախարարի միջնորդագրին, ապա հիշում եմ, որ մի քանի տարի առաջ նման գործընթաց սկսվեց, բայց ավարտի չհասցվեց։ Այն ժամանակ ամեն ինչ սկսվեց Եվրադատարանի մի նշանավոր որոշումից։ Բայց այն դեպքում էլ ես բացասաբար վերաբերվեցի դրան։ Նման որոշումները կարող են կրել բացառիկ բնույթ, այսինքն եթե չկան բացառիկ հանգամանքներ (կողմնակի միջամտություն, շարժառիթ, պատվեր), ապա խոսելու բան էլ չկա։ Իսկ այդ դեպքերում դատավորի նկատմամբ գործողություններ պետք է իրականացնեն արդեն դատախազությունն ու քննչական մարմինները։ Մի խոսքով, անհրաժեշտ եմ համարում դադարեցնել կայացրած որոշումների կապակցությամբ Վճռաբեկ դատարանի դատավորներին տույժի ենթարկելու հետ կապված գործընթացը։
-Ինչպե՞ս եք գնահատում Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) գործունեությունը։ Ձեզ չի՞ թվում, որ ԲԴԽ-ն մահակի է վերածվում դատավորների համար։
-Այդ մարմինը , թվում էր, կարող էր հեռանկարներ ունենալ, բայց ցավոք, իր գոյության ողջ ընթացքում ոչ մի կերպ չապացուցեց իր գործունակությունը։ Այն պետք է ակտիվ գործունեություն ցուցաբերեր, օրինակ, 2018 թվականի օգոստոսին, երբ վարչապետը Հանրապետության հրապարակից մատ էր թափ տալիս դատավորների վրա։ ԲԴԽ-ն չարձագանքեց ո՛չ այն ժամանակ, ո՛չ էլ վերջին օրերի իրադարձությունների ընթացքում։ Կարծում եմ, ԲԴԽ- փորձաքար է մեր դատական համակարգի համար, և դժվար է արդյունավետ գործունեություն ակնկալել դրա ներկայիս կազմից։
-Ձեր կարծիքը անցումային արդարադատության ներդրման առնչությամբ։
-Այդ մասին արդեն գրեթե մեկ տարի խոսակցություններ են գնում, բայց իրապես ոչինչ չկա։ Իսկ ի՞նչ կարծիք կարող է լինել այն բանի մասին, ինչը չկա։ Երբ լինի կոնկրետություն, կտեսնենք։ Բուն խոսակցությունների պատճառով արդեն իսկ տուժում է տնտեսությունը, մենք կորցնում ենք ներդրողների, որոնք, միանգամայն հասկանալի է, նախընտրում են հանգիստ երկրները։ Եթե պետության մեջ ուրվագծվում է անցումային արդարադատության հեռանկարը, ներդրումներ այնտեղ չեն լինի։ Քանզի ի՞նչ է կատարվում։ Կորսվում է իրավական մշակույթը, ոչ ոք չի պատկերացնում, թե ինչ է լինելու վաղը, դատական համակարգի կայունությունը հայտնվում է սպառնալիքի տակ։ Այդ գործընթացը, կարծում եմ, հենց սկզբից չուներ օբյեկտիվ նախադրյալներ։
-Ձեր գնահատականը այսօրվա բազմաչարչար դատական համակարգին։
-Կարծում եմ, որ դատական համակարգը մինչև 2018 թվական շարժվում էր դանդաղ քայլերով, բայց ճիշտ ուղղությամբ։ Այդ էֆեկտը նշել են շատերը, ովքեր առնչվել են դատարաններին պրոֆեսիոնալ մակարդակով, օրինակ՝ փաստաբանները և այլն։ Այդուհանդերձ խնդիրները դատական համակարգում չափազանց շատ են, և պետք է այդ մասին խոսել։ Բայց դրա փոխարեն հրապարակային ռեսուրսը վատնվում է ամեն տեսակի շատախոսության վրա։
-Ի՞նչ կասեք նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության գործընթացի վերաբերյալ։
-Ես ողջունում եմ, որ հանրապետության նախագահի կողմից կիրառվել է ՍԴ-ում ընտրական գործընթացի նկատմամբ այլ, ավելի ժողովրդավարական մոտեցում։ Բարձր եմ գնահատում այն փաստը, որ աշխատանքային խմբի մասնակցությունը վերջին անգամ նախատեսված չէր, իսկ դրա փոխարեն նախագահը հանդիպում ունեցավ իրավաբանական տարբեր շրջանակների ներկայացուցիչների հետ. գիտնականների, փաստաբանների և այլն։ Սա հուսադրող սկիզբ է։ Համարում եմ, որ դա դրական ազդեցություն ունեցավ նաև իրավաբանական շրջանակների վրա. երեք թեկնածուների փոխարեն այս անգամ հայտ ներկայացրեցին 9-ը, ինչը նույնպես լավ է։
-Ընտրվե՞լ է արդյոք, ձեր կարծիքով, ամենից արժանավոր թեկնածուն։
-Թե ում համարել ամենից արժանավոր, կողքից դժվար է որոշել։ Ինչպես գիտենք, ՍԴ-ի դատավորի թեկնածու առաջադրելու իրավունք ունեն դատավորների ընդհանուր ժողովը, կառավարությունն ու նախագահը։ Կարծում եմ, որ նախագահն այսպիսով պետք է թեկնածու առաջադրի իրավագետների ակադեմիական շրջանակներից։ Նրանցից, ովքեր կարող են նոր մտածողություն մտցնել Սահմանադրական դատարանի գործունեության մեջ։ Կառավարությունը կընտրի իր համախոհներին, դատավորների ընդհանուր ժողովը, համապատասխանաբար՝ իր գործընկերներին, իսկ նախագահի դերն ավելի կայունացնող է։ Հիմք ընդունելով այս տրամաբանությունը, համարում եմ, որ նախագահը ճիշտ է կատարել իր ընտրությունը։ Մի քանի օր անց կիմանանք, թե կընտրի արդյոք նախագահի թեկնածուին Ազգային ժողովը։