ՄԱՏՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՎԱԾ ԵՆ. ԶՐՊԱՐՏԵՔ, ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ, ԶՐՊԱՐՏԵ՛Ք
Երբ մի ծանոթ կին պատմեց տաքսու վարորդի մասին, որն իր ուղևորների համար ճեպահարցում էր կազմակերպել ընթացիկ իրավիճակի և իշխանություններից գանգատների վերաբերյալ, իսկ վերջում՝ այցեքարտ տվել օպերատիվ միջամտության «թեժ գծի» հեռախոսահամարով, սեղանի շուրջ նստածներս դա համարեցինք կատակի պես մի բան։ Չէ՞ որ դա Չալո շան ուղեկցությամբ պատմական քայլերթից մեկ ամիս առաջ էր, երբ ողջ թափով աշխատանք էր տարվում հասարակական տրամադրությունները գնահատելու ուղղությամբ։
Ինչպես ցույց տվեց կյանքը, ո՛չ տաքսիստների ներգրավումը, որոնք այցեքարտեր էին բաժանում կոնկրետ խախտումների մասին հայտնել ցանկացող ուղևորներին, ո՛չ էլ երկնագույն եզրանախշով ափսեի մեջ լիարժեք իշխանության հանձնումը «լայն քայլողներին», չլուծեցին ցավոտ խնդիրներից ոչ մեկը։ Հակառակը, եթե բողոքի կոլեկտիվ ակցիաները (կադրային հարցեր, հարկեր, օբյեկտների քանդում, վատ ճանապարհներ և դժգոհություն արտահայտելու բազմաթիվ այլ առիթներ) հակասում են նոր իշխանության տրամադրությանը, ապա բողոքողներին անտեսում են, պատճառաբանելով սահմանված կանոններն ու կարգերը։ Իսկ այ, եթե իրենց մտքով անցնում է փող հատկացնել տոնածառի, Քաղաքացու օրվա, սեփական ճամփորդությունների համար, ապա դա արվում է «ժողովրդի խնդրանքով» շրջահոսուն հիմնավորմամբ։
Հիմա էլ մտահղացել են պատմության խորդանոցից լույս աշխարհ հանել ստուգված մեթոդը՝ մատնությունները։ Հարմարավետության համար ժողովրդին առաջարկում են խախտումների մասին բողոքներն ուղարկել անստորագիր. բավական է հաղորդագրություն թողնել azdararir.am կայքում։ Եթե մարդն ուզում է անհայտ մնալ, ապա ծրագիրը նրան տալիս է այդպիսի հնարավորություն։ Հայտնողից պահանջվում է միայն իրազեկում. ով, որտեղ, ինչ, ինչքան է յուրացրել և համանման այլ տեղեկատվություն։ Իսկ համապատասխան մարմինները 3 օրվա ընթացքում կվերստուգեն և, եթե ահազանգը հաստատվի (?!), ապա խախտողի նկատմամբ գործ կհարուցվի։ Իսկը վերադարձ 37 թվական, մատնությունների ծաղկուն դարաշրջան, երբ աչալուրջ «բարի կամեցողի» ազդանշանով կարող էին հեշտ ու հանգիստ գործ հարուցել յուրաքանչյուրի դեմ, անխտիր, տաժանավայր աքսորելով մարդուն։ Այդպիսով, յուրաքանչյուր տականք կարող էր վատություն անել ավելի հաջողակ մրցակցին կամ վերադասի տակը փորել ու այդկերպ բարձրանալ կարիերայի աստիճաններով։ Ընդ որում հայտնողը ոչ մի ռիսկի չէր դիմում. չէ՞ որ անստորագիր նամակներ գրողները պատասխանատվության չէին ենթարկվում սուտ մատնության համար։
Իսկ այժմ պատկերացնենք մի իրավիճակ, երբ կա ուսադիրներին աստղեր վաստակելու գայթակղություն, իսկ արժանիքները զրո են։ Եվ ո՞ւր է երաշխիքը, որ հավակնությունները չեն գերազանցի չափի զգացումին և ժողովրդի ծառան գանգատ չի գրոտի, իսկ գուցեև մի քանիսը, այն մարդու դեմ, որն ինչ-որ բանով դուր չի եկել իրեն, կամ որի անունն այսօր ծամծմում է ֆեյսբուքյան պլանկտոնը։ Ասացեք, անհավանակա՞ն է։ Ամենևի՛ն։ Առանձնակի խոշոր չափերի չարաշահումների մերկացման մասին քանի՞ աղմկահարույց ծանուցումներ ցնցեցին օդը մեկ տարուց քիչ ավելի ժամանակահատվածում։ Եվ ի՞նչ մնաց տակը։ Որտե՞ղ են այն «յուրացված միլիոնները», «վագոննեով փողը, ադամանդներով լի պայուսակները»։ Չկա բացարձակապես ոչինչ, ինչը կարող էր համալրել բյուջեն։ Փոխարենը՝ ի՜նչ շահաբաժիններ վաստակեցին հակակոռուպցիայի մունետիկները, հաստատելով, որ ցանկացած վերջնարդյունք ձեռնտու է իրենց։ Նույնիսկ եթե արդյունքները չնչին են, փոխարենը՝ հայ կոռուպցիոներների դեմ պայքարի փառքը տարածվեց մոլորակով մեկ։
Եվ ահա այդպիսի գործողության մեջ անցումային արդարադատություն սահմանելու նախօրեին որոշեցին ներքաշել արդեն ողջ հասարակությանը. իբր՝ զրպարտե՛ք, նոր Հայաստանի հպարտ ու ազատ քաղաքացիներ, և թավշե իշխանությունը կգրանցի դա ձեր հաշվին։
Ուշքի՛ եկեք, պարոնայք։ Վերջնականապես մի՛ կործանեք պառակտված հասարակությանը։