Աննա Վարդապետյան․ Լյուստրացիան, ՄԻԵԴ-ի գնահատմամբ, հաջողված գործընթաց չէ

Խորհրդարանում «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռնկարները ՀՀ-ում» խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը անդրադարձավ հարցին՝ կարո՞ղ է լյուստրացիան (օրենսդրական սահմանափակում, որը կիրառվում է իշխանափոխությունից հետո՝ նախկին իշխանության կողմնակիցների իրավունքների սահմանափակման համար, Aysor.am) լինել արդյունավետ գործիք անցումային արդարադատության համար, թե՞ ոչ:

«Լյուստրացիան ընթացակարգային առումով ՄԻԵԴ-ի գնահատմամբ հաջողված գործընթաց չէ, որովհետև ընթացակարգային երաշխիքներ չեն ապահովվում լյուստրացիայի ենթարկված մարդու համար», - ասաց փոխնախարարը:

Նա ընդգծեց, որ ՄԻԵԴ-ը և Վենետիկի հանձնաժողովը չեն ողջունում այս գործընթացը և դիտարկում այն որպես հիմնական դատավարական ընթացակարգային իրավունքների սահմանափակում:

«Նրանք խորհուրդ չեն տալիս պետություններին դիմել այս գործընթացին, դրա փոխարեն այսօր կիրառելի է համարվում վեթինգի (որևէ անձի կենսագրական տվյալների ստուգման գործընթաց, ինչը նախորդում է անձին աշխատանք առաջարկելուն, մրցանակ շնորհելուն կամ նրա նկատմամբ որոշում կայացնելուն, Aysor.am) գործընթացը», - նկատեց փոխնախարարը:

«Հայ կառուցողական» կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանըհետաքրքրվեց՝ արդյոք դա նշանակում է, որ կառավարությունը հրաժարվում է Լյուստրացիայի մասին օրենք առաջ բերելուց և ինչ փուլում է Վեթինգի մասին օրենքի նախագիծը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ կոչ արեց նման հարցրեր չուղղել նախարարի տեղակալին, քանի որ վերջինս ԱԺ է հրավիրվել անցումային արդարադատության մասին իր գիտելիքները փոխանցելու և չի կարող տալ նման հարցերի պատասխաններ:

«Վերջնական դիրքորոշում պետությունն այդ հարցերին չունի, և այս լսումները միտված են նաև այդ հարցերին պատասխանելուն: Հարցնել տիկին Վարդանյանին, թե արդյոք կառավարությունը հրաժարվում է Լյուստրացիայի մասին օրենք բերելուց, կարծում եմ, տեղին չէ», - ասաց Միրզոյանը:

Основная тема:
Теги: