Հրանտ Մելիք-Շահնազարյան․ Եկել է դաշնակիցների հետ անկեղծ խոսելու պահը

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով` գերտերությունները, հարևան երկրները Հայաստանի հետ հարաբերություններում շատ դեպքերում նախաձեռնություններ սպասում են հենց Հայաստանից։

«Ռուսաստանում, արևմուտքում, տարածաշրջանում և այլ երկրներում մշտապես փորձում են ինչ-որ նախաձեռնություններ լսել Հայաստանից։ Այսինքն՝ գալիս է մի պահ, երբ աշխարհաքաղաքական զարգացումնեը այնքան են կլանում նրանց ջանք ու եռանդը, որ նախաձեռնություններ մշակելու, իրականացնելու ոչ ժամանակ է մնում և ոչ էլ ցանկություն», -  այսօր «Հայաստան-Ռուսաստան. նոր հեռանկարներ փնտրելիս» թեմայով քննարկման ժամանակ հատարարեց քաղաքագետը։

Նա պնդեց, որ Հայաստանն ունի պոտենցիալ ու կարող է մշակել ծրագրեր այն մասին, թե ինչպես կարելի է օգտագործել հայկական գործոնի հնարավորությունը՝ ի շահ Հայաստանի և ի շահ դաշնակից երկրների։

«Ընդամենը պետք է հրաժարվել կիսահղի լինելու քաղաքականությունից։ Հստակ նշենք՝ որոնք են մեր շահերը տարածաշրջանում, ինչն է մեզ անվտանգություն, զարգացում տալիս ու աշխատել այդ ուղղությամբ։ Իսկ երբ Հայաստանը փորձում է հավասարակշռություն պահպանել Արևմուտքի ու Ռուսաստանի միջև, դեմոկրատների ու բռնապետների միջև, ցանկացած տեղ ընտրել ոսկե միջինը ու դարձնել գերակա շահ և ոչ թե Հայաստանի ու հանրության շահը, ունենում ենք խնդիր ու ամենածանր պահին այդ երկիրը ստիպված է լքել մեզ», - հավելեց գործիչը։

Նրա խոսքով՝ հիմա եկել է դաշնակիցների հետ անկեղծ խոսելու պահը. «Արժե նստել սեղանի շուրջ ու անկեղծ խոսել, ասել՝ սա մեր շահն է, այստեղ դուք մեզ վնասում եք, եկեք ինքներս մշակենք այդ օրակարգը, ներկայացնենք գործընկերներին ու առաջ շարժվել այդ ուղղությամբ։ Ես վստահ եմ, որ դա լուծում է ու կարող է մեզ մեծ արդյունքներ տալ», տեղեկացնում է aysor.am-ը։

Основная тема:
Теги: