ՆՈՐ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏՈՒՄ
Մայիսը Հայաստանի համար ավանդաբար եղել է հաղթանակների ամիս, վերածննդի ամիս, քաղաքական հետաքրքիր իրադարձություններով միշտ հարուստ։ Բացառություն չդարձավ նաև 2019 թվականի մայիսը, Հայաստանի քաղաքական դաշտում տեղի ունեցան հետաքրքիր իրադարձություններ, որոնք կարող են հանգեցնել ոչ պակաս հետաքրքիր հետևանքների։
Մայիսյան ակտիվությանը սկիզբ դրեց ՀՅԴ-ի հանրահավաքը։ Հայկական հնագույն կուսակցություններից մեկը դուրս եկավ ստվերից և հանրահավաք անցկացրեց Թատերական հրապարակում։ Շատերը հույս ունեին, թե դա սակավաթիվ կլինի, բայց սխալվեցին կանխատեսումներում. Դաշնակցության հանրահավաքը տպավորիչ տեսք ուներ, ընդ որում մասնակիցների մեջ նկատվեցին նաև քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչներ, իսկ հանրահավաքի հիմնական թեման դարձավ խելքի գալու կոչը. նախազգուշացման խորհրդանիշ դարձան իշխանություններին ցույց տրված դեղին քարտերը։
Ավելի ուշ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատրյանը կասի, որ Դաշնակցության համար իշխանությունը դեռևս չի անցել կարմիր գիծը: «Եթե անցներ, մենք արդեն, հավանաբար, կարմիր քարտով հանդես կգայինք: Խնդիրն այն է, որ ժամանակն է լրջության` այն իմաստով, որ այս մեկ տարվա ընթացքում ժողովուրդն ուներ ավելի մեծ ակնկալիքներ: Այս պահին խնդիրը խոստումից արդեն քայլերի անցնելն է: Խոսելու ժամանակն արդեն անցել է»։
Մեկ օր անց փորձեցին հանրահավաք կազմակերպել գործող իշխանության զինակիցները, բայց դա այն աստիճանի սակավաթիվ ու բովանդակային առումով ձախողված ստացվեց, որ գործող իշխանությունները սկսեցին երդումներ տալ, թե միտինգի կազմակերպիչներն իրենց հետ, իբր, ոչ մի կապ չունեն…
Անցնենք ներքաղաքական դաշտի այլ իրադարձություններին։ Օրերս հանրահայտ «Ադեկվադները» հայտարարեցին համանուն կուսակցության ստեղծման մասին։ Թե որքանով ադեկվատ կլինի ադեկվադների կուսակցական ապագան, ցույց կտա ժամանակը, բայց թվում է, որ կուսակցության գլխավոր խնդիրը կդառնա զանգվածայնության բացակայությունը, առաջին հերթին՝ դրա հիմնադիրների որոշակի «էլիտարության» պատճառով, դե, և գումարած հիմնադիրների կազմում քաղաքական պայքարի և պետական շինարարության լուրջ փորձ ունեցող խարիզմատիկ առաջնորդների բացակայությունը։
…Դեռեվս մայիսի սկզբին ձևավորվեց «Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինքը», իսկ օրերս Հայաստանի երկրորդ նախագահը հանդիպում ունեցավ իր կողմնակիցների հետ և փաստացի հայտարարեց նոր թիմի հետ միասին քաղաքական ուղի անցնելու մտադրության մասին։ Հասկանալի է, որ շարժումը, որն ամենայն հավանականությամբ դե-ֆակտո կգլխավորի Ռոբերտ Քոչարյանը, կտրուկ ընդդիմադիր կլինի գործող իշխանության նկատմամբ։ Այլ կերպ պարզապես չի կարող լինել, քանի որ Ռոբերտ Քոչարյանն ու Նիկոլ Փաշինյանը բացարձակ հակապատկերներ են։ Մեկը տիպիկ պրագմատիկ է, խստիվ նպատակաուղղված դեպի պետության ամրապնդում իր բոլոր ինստիտուտներում, մյուսը՝ տիպիկ խոսամոլ, որից միշտ կարելի է սպասել բազմաթիվ վառ թամաշաներ, բայց դրանց արդյունավետությունը, որպես կանոն, ծայրաստիճան ցածր է լինում, ինչը ատամները սեղմած այսօր խոստովանում են նույնիսկ Փաշինյանի զինակիցները։
Կարելի է ենթադրել, որ շարժման շուրջ, որի առաջնորդը կդառնա Ռոբերտ Քոչարյանը, տեղի կունենա մի շարք քաղաքական ուժերի որոշակի համախմբում, առաջին հերթին՝ արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունների։ Դա ինքնին արդեն օգտակար է, քանի որ ակնհայտ է, որ խորհրդարանական ընդդիմությունը՝ ի դեմս ԲՀԿ-ի և «Լուսավոր Հայաստանի», բացարձակապես չի ծածկում ընդդիմադիր դաշտի ողջ սպեկտրը, որքան էլ ինքը ցանկանա դրան հավատալ։
Սակայն դժվար թե արժե ակնկալել, թե նախկին նախագահին կհաջողվի միավորել ընդդիմադիր բոլոր ուժերին։ Ամենայն հավանականությամբ, խորհրդարանական ընդդիմությունը կնախընտրի մեկուսի մնալ։ Սա վերաբերում է նախևառաջ «Լուսավոր Հայաստանին», որի շարքերում կան Քոչարյանի անհաշտ անտագոնիստներ, որոնց համար քաղաքական գործունեության ողջ իմաստը ամենամոտ ապագայում լինելու է հակամարտությունը նախկին նախագահի հետ։ Առանձնակի գաղտնիք չէ, որ նման վերաբերմունքի շարժառիթները հիմնականում չափազանց անձնական բնույթ են կրում։