Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԽՆԴԻՐՆ Է»
Հայաստանում չի գործում սխալներից խուսափելու մեխանիզմը։ Չի գործում սխալների կանխարգելման որևէ մեխանիզմ։ Չկա ոչ մի երաշխիք, որ այս մեկը վերջինն է, ու վաղը չի լինի ավելի կոպիտ մի նոր սխալ։ Սա համատարած անորոշության և ճնշող տագնապայնության աղբյուր է։
Ամեն նոր սխալ Հայաստանում նոր իրականություն է ձևավորում, հաջորդը՝ նոր, գումարած՝ նախորդ սխալի հետևանքները։ Եվ այսպես շարունակ։ Իրար հաջորդող սխալների վրա էլ ձևավորվում է հայկական մեծ էքսպերիմենտի տրամաբանությունը։
Արդեն կարիք էլ չկա հիշեցնելու մեկ տարվա վաղեմության սխալները, բայց կա կարիք՝ պնդելու, որ եթե այն ժամանակ լսվեին հակափաստարկները, եթե հաշվի առնվեին զգուշացումները, կլիներ այլ ընթացք։ Դրա պահը, ցավոք, բաց է թողնվել, հիմա այլ փուլ է։ Հիմա հրատապ պետք է մտածել ինչ-որ գործուն մեխանիզմների ստեղծման մասին, որոնք կխոչընդոտեն, կզսպեն կամ գոնե կմեղմեն սպասվելիք սխալները։ Դատելով զարգացումներից՝ դրանց հավանականությունը շատ մեծ է։
Մեծ խնդիրը՝ մեկ օրինակով
Արցախում «դավադիր պատերազմ սկսելու և միտումնավոր տարածքներ զիջելու» ձևակերպումը հնչել է մայիսի 20-ին։ Ինչո՞ւ ասվեց, ինչպե՞ս մտածվեց, ինչո՞ւ չկանխվեց. այդ հարցերի պատասխանը ես չունեմ։ Բայց մենք այդ օրը Ադրբեջանի տոնացույցում լրացում արեցինք. այդ օրն իրավամբ կարող է հռչակվել «Ադրբեջանի քաղաքացու օր»։ Այդ երկրի քաղաքացին և այդ երկրի իշխանությունը կարող են մայիսի 20-ը հանգիստ տոնել։ Զաքիր Հասանովը հաջորդ օրերին ֆիքսեց նոր զարգացումը և, ըստ էության, պատասխանեց պաշտոնական Երևանին. «Անհրաժեշտության դեպքում գործի դնել ողջ զինանոցը...»։
Ի՞նչ անել
Ես կառաջարկեմ՝ ընդունենք, որ սա ներքաղաքական թեմա չէ, ու պետք է փորձել՝ բոլոր կողմերով գտնել լուծումներ, գոնե՝ հետևանքները մեղմելու, հարթեցնելու համար։ Վստահ եմ՝ ոչ ոք չի ձգտի սա դարձնել շահարկման առարկա։ Այս հարցում պետք է պայմանավորվել։ Փոխարենը՝ պետք է հասկանալ ի վերջո, թե ինչո՛ւ այդպիսի բան հնարավոր եղավ, և կա՞ արդյոք երաշխիք, որ վաղը ավելի անդառնալի սխալներ չեն լինի։
Իմ խորին համոզմամբ՝ դա հնարավոր եղավ, որովհետև նախորդ սխալների և սայթաքումների ժամանակ չլսվեց որևէ առարկություն, որևէ առաջարկ։ Հիշեցնեմ. սրան նախորդել էր Արցախում հակահեղափոխության և հեղափոխության մասին ձևակերպումը։ Այն ժամանակ և ինչպես միշտ՝ Իմ քայլի 88-ը լռեց, ՔՊ-ն լռեց։ Նրանցից դուրս խոսողները ստացան իշխանական ֆեյքերի քոմենթներով ուղղորդվող անեծքներ, որոնք վերջանում էին «մեր վարչապետը ամեն ինչ գիտի» ձևակերպմամբ։ Հետևաբար՝ իշխանությունը չարեց ոչ մի հետևություն, չլսեց ոչ մեկին։ Ներսից՝ միաձայն լռություն, դրսից՝ «մեր չուզողներն են» որակավորումը։ Լիներ հակառակը՝ չէր լինի հաջորդ ավելի վտանգավոր ձևակերպումը։ ՊՆ-ն և ԱԱԾ պետը փորձեցին շտկել սխալը, բայց դա, հասկանալի է, բավարար չէր։ Արցախից հնչած ձևակերպումները բավարար չեն, «Իմ քայլի» փակ նիստը՝ Բակո Սահակյանի մասնակցությամբ, հանրությանը ոչինչ չտվեց։
Հիմա իսկապես մտածել է պետք՝ ինչ անել։ Փորձագետների ձևակերպմամբ՝ Ադրբեջանը ստացել է հարձակման լեգիտիմ իրավունք, և շատ երկար ժամանակ այդ ձևակերպումն օգտագործելու է բոլոր հնարավոր հարթակներում։ Նրանք նույնիսկ ապրիլյան պատերազմն են փորձում ներկայացնել որպես հակահարված՝ հայկական հարձակմանը։
Որպես թույլ տրված սխալի շարունակություն՝ ձևակերպվում է մեկ այլ սխալ՝ ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի ստեղծումը։ Ո՞ր հարցերի համար, ո՞ր պատասխանների համար։ Ծայրից ծայր պետական գաղտնիք պարունակող թեման ի՞նչ ձևաչափով, ու՞մ մասնակցությամբ եք քննում։ ԱԺ-ի՞։ Այստեղ նույնիսկ երկու հոգու զրույցն է դառնում մամուլի լայն քննարկման նյութ, ուզում եք այդ ֆորմատում պետական գաղտնիք քննարկեք, ու այն մնա գաղտնի՞ք։ Նպատակը ո՞րն է։ Մեր երկրի շահը ո՞րն է։
Օրակարգում կան նաև այլ վտանգավոր գաղափարներ ու ծրագրեր։ Դրանց հեղինակները երեկոյան այլ որոշմամբ քնում են, առավոտ լրիվ այլ ծրագրերով արթնանում։ Խանդավառների պակաս էլ կարծես չկա՝ մեկն առաջարկում է վեթինգը սկսել մանկապարտեզներից, մյուսը՝ դպրոցից, երրորդը՝1998-ից, չորրորդը՝ 1991-ից, հինգերորդը՝ ունեցվածքը խլել միանգամից, վեցերորդը՝ մաս-մաս։
Սխալների կանխարգելման մեխանիզմ
Մեզ պետք է ստեղծել խոշոր սխալների կանխարգելման կամ մեղմման ինչ-որ մի մեխանիզմ։ Բոլոր նրանք, ովքեր հասկանում են հարցի կարևորությունը, կխնդրեմ՝ մտածեն սրա մասին։ Ժամանակ շատ չունենք։ Մտածեք՝ անկախ այն բանից, թե այս պահին ո՛ր ճամբարում եք բախտի բերմամբ հայտնվել։ Այդ բոլոր քաղաքական ճամբարները ֆիզիկապես գտնվում են Հայաստանի տարածքում, և այդ տարածքի անվտանգությունը բոլորիս ընդհանուր խնդիրն է։ Նոր Հայաստանի դիմաց կանգնած են բավական Հին Ադրբեջանն ու Հին Թուրքիան։ Նույնքան Հին Հարավային Կովկասում կան շատ հին շահեր ու պլաններ, որոնք մեզ համար կենսական վտանգներ ունեն։
Այդ մեխանիզմը այնքանով կլինի էֆեկտիվ, որքանով լայն կոնսոլիդացիա հնարավոր կլինի ապահովել դրա շուրջ։ Կոնսոլիդացիա՝ հանրային, քաղաքացիական ակտիվ ուժերի, գործիչների, քաղաքական ամենատարբեր բևեռների ներկայացուցիչների։ Այդ մեխանիզմը չպետք է լինի ինչ-որ մեկի դեմ և կամ՝ մեկ ուրիշի օգտին։ Դրա նպատակը պիտի լինի մեկը՝ պետությունը զերծ պահել խոշոր սխալներից կամ գոնե կայացած սխալները ժամանակին մեղմել։ Միևնույն է՝ մենք ակնհայտորեն մի փուլում ենք, որտեղ սխալներ դեռ լինելու են։ Մեզ պետք է մեխանիզմ՝ ընդդեմ սխալի։
Վահե Հովհաննիսյան, «Այլընտրանքային նախագծեր խումբ»
Հ. Գ. Մայիսի 28-ին արձանագրվեց Երևանի կարևոր աշխատասենյակներում կայացրած հերթական տեխնիկական կամ գիտակցված սխալը. Սարդարապատի հերոսամարտի տոնակատարությանը հրավիրված չէր Արցախի պատվիրակությունը։ Փորձեմ շտկել. սիրելի արցախցիներ, Հայաստանում ապրող միլիոնավոր մարդկանց համար դուք այստեղ, մեր սրտերում, հյուր չեք՝ այնպես, ինչպես և մենք՝ Արցախում։
Նրանք, ովքեր թերացել են տոնակատարությանը հրավերը պատշաճ ձևակերպել, հավանորեն մոռացել են, որ 1918 թվականի մայիսին՝ հերոսամարտին, ղարաբաղցիները ոչ թե հրավերով, այլ՝ գիտակցված ու սրտի կանչով են մասնակցել՝ այնպես, ինչպես նույնը արել են հազարավոր հայաստանցիները 90-ականներին՝ Արցախում։
Հատուկ՝ հրավերի քաղաքական և տեխնիկական պատասխանատուների համար՝ համառոտ տեղեկանք.
Դանիել Բեկ-Փիրումյան – Ծնվել է Արցախի Խաչեն գավառի Նախիջևանիկ գյուղում։ Հայ նշանավոր ռազմական գործիչ, Սարդարապատի ճակատամարտի գլխավոր հրամանատար, ազգային հերոս։ Վճռական պահին անձամբ նետվել է մարտի դաշտ։
Պողոս Բեկ-Փիրումյան - Ղարաբաղի «մահապարտների գնդի» հրամանատար։ Կարևոր դերակատարում է ունեցել թուրքական զորքերի ջախջախման գործում։
Մարշալ Հովհաննես Բաղրամյանի սարդարապատյան հուշերից. «Ես մեծ հարգանքով լցվեցի ղարաբաղցի զինվորների նկատմամբ՝ մարտում ցուցաբերած քաջության, անձնազոհության ու անվեհերության համար»։
Գուրգեն Տեր-Մովսիսյան- Ղարաքիլիսայի ճակատամարտի հերոս-հրամանատար։ «Դիլիջանում սպայակազմի խորհրդակցության ժամանակ ներկայացվում է Թ. Նազարբեկյանի կարգադրությունը՝ զորքի մի մասը ցրել, մյուս մասը վերածել ոչ մեծ պարտիզանական ջոկատների, իսկ հրետանին տանել Սևան ու թաղել Չիբուխլու գյուղի մոտ։ Ականատեսների վկայությամբ սպաներից մեկը՝ ղարաբաղցի կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանը ոտքի է կանգնում ու հայտարարում. «Ես չեմ հնազանդվում այդ կարգադրությանը։ Ոչ ոք իրավունք չունի այդպես վարվելու հայոց ճակատագրի հետ։ Ես իմ թնդանոթներով այս րոպեին իսկ մեկնում եմ ճակատ՝ մեռնելու։ Ով տղամարդ է և հայի արյուն ունի իր երակներում, թող միանա ինձ»։ Նրան է միանում վիրավոր Նժդեհը։
Մարտի ժամանակ Գուրգեն Տեր-Մովսիսյանը նկատում է, որ հայկական առաջին գծում պասիվություն է, թողնում է հրետանին, հեծնում ձին ու սլանում առաջին գիծ, քաջալերում զորքին ու տանում հարձակման։ Այդտեղ էլ զոհվում է»։
Այս տեղեկանքը կարելի է երկար շարունակել, բայց ավարտենք այսպես. մենք ունենք մի հայրենիք, մի ժողովուրդ, և վճռական պատերազմներին առանց հրավերի ենք գնում հաղթելու։