Բողոքի ակցիա «Բաց հասարակությունների հիմնադրամի» գրասենյակի դիմաց

ՎԵՏՕ շարժումը ակցիա է իրականացնում «Բաց հասարակությունների հիմնադրամի» գրասենյակի դիմաց:

Հիշեցնենք, որ «Բաց հասարակությունների հիմնադրամի» ղեկավար Լարիսա Մինասյանը հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն Նարեկ Մալյանի դեմ՝ նշելով, որ վերջինս պատրաստվում է արգելափակել հիմնադրամի գրասենյակի մուտքը:

Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր Ոստիկանության ծանուցումը, ըստ որի՝ վերջինիս հրավիրում էին Ոստիկանության կենտրոնական բաժին՝ նախապատրաստվող նյութերի անհրաժեշտությունից ելնելով: «Սիրելի ոստիկանության հետաքննիչ Գ. Աջամօղլյան. ցավում եմ, որ չեմ կարող վաղը` 31.05.2019 թ. ներկայանալ ոստիկանության կենտրոնի բաժին, քանի որ վաղը ժամը 12:00-ին ինքնաբուխ պիկետ եմ իրականացնելու Սորոսի գրասենյակի դիմաց: Ես գալու եմ և արգելափակելու եմ Սորոսի հիմնադրամի մուտքը, ճիշտ այնպես, ինչպես արգելափակեցին դատարանների մուտքերը»,- հրապարակված լուսանկարին կից գրել էր Նարեկ Մալյանը:

«ՎԵՏՕ» շարժումը նաև հայտարարություն է տարածել՝ նշելով, որ իրենց նպատակը Հայաստանը Սորոսի ցանցից մաքրելն է այդ օրակարգից չեն հրաժարվի անգամ եթե Ջորջ Սորոսն անձամբ հաղորդում ներկայացնի ոստիկանություն կամ փորձի իր վարձու գործակալների միջոցով տապալել իրենց ակցիաները:

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայանցում ենք ստորև.

«ՎԵՏՕ» շարժումը հայտարարում է, որ ծիծաղելի են Սորոսի փողերով սնվող, տարիներ շարունակ ատելություն և թշնամանք սերմանող մարդկանց կլյաուզաները, զավեշտալի բողոքները, հաղորդումները և մնացած այլ իրենց հարիր կեղտոտ խաղերը:

«ՎԵՏՕ»-ն ունի սեփական գործողությունների օրակարգ, որը չի կարող փոխվել նույնիսկ այն դեպքում, եթե Ջորջ Սորոսն անձամբ հաղորդում ներկայացնի ոստիկանություն կամ փորձի իր վարձու գործակալների միջոցով խափանել մեր ակցիաները:

«ՎԵՏՕ»-ի նպատակն է մաքրել մեր պետությունը երկու կոպեկի համար երկիրը վաճառելու պատրաստ գործակալներից, Սորոսի ցանցից, որն արդեն հարմար տեղավորվել է ԱԺ-ում ու կառավարությունում, և այս խնդրի իրագործման ճանապարհին մեզ ոչ Լարիսա Մինասյանի հաղորդումները կարող են կանգնեցնել, ոչ էլ սորոսականների վայնասունները:

Մենք ունենք օրակարգ, որն իրագործելու ենք ճիշտ այնպես, ինչպես պլանավորում ենք: Վերջնագիր երկիրը տվող օտարներին», տեղեկացնում է NEWS.am:

Основная тема:
Теги: