ԵՐԵԽԱՆԵՐԸ՝ ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԻՔ

Հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, անշուշտ, կլինեն հազարավոր սելֆիներ և գրկախառնություններ, «մռութներ ջան» և «սիրելի փոքրիկներ» կարգի քնքուշ արտահայտություններ, որոնց օգնությամբ Նիկոլ Փաշինյանն ու ընկերախումբը երեխաների մասին հոգատարության տպավորություն են ստեղծում։ Բայց մի՞թե այդ ցուցադրանքը բավական է, որպեսզի խոսեն երեխաների իրավունքների պաշտպանության մասին։

Այլապես ինչպե՞ս բացատրել, որ երկրում մինչև 5 տարեկան փոքրիկների 70%-ը չի կարողանում մանկապարտեզ հաճախել։ Ինչպե՞ս բացատրել, որ Հայաստանում կրթությանը հատկացվում են երկու անգամ ավելի քիչ միջոցներ, քան զարգացած երկրներում։ Ինչպե՞ս բացատրել այն, թե ինչու է երկրում դպրոցական ֆոնդի մեկ երրորդը վթարային վիճակում, իսկ սեյսմակայունության առումով հանրապետության առավել խոցելի 46 դպրոցական շենքերից ապամոնտաժում և վերկառուցում է իրականացվելու առայժմ միայն 6 ուսումնական հաստատություններում։

Բոլոր այս տարիներին բնակարան են ստացել մանկատների ընդամենը 304 սաներ, իսկ 2003-2013 թվականների 254 շրջանավարտներից 219-ը իրենց հերթին են սպասում առ այսօր։ Ի դեպ, բնակարանների երջանիկ տերերից են պիկետողների խմբի անդամները, որոնք անցած ձմռանը ցուցապաստառներով նստած էին Կառավարության տան սառը աստիճաններին և բնակարան էին պահանջում։ Ուրեմն ինչո՞ւ մնացածներին, որոնք ծայրահեղ միջոցների չեն դիմում, օրդերներ չեն տալիս։

Дети - инструмент манипуляций

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով, ընթացիկ տարվա փետրվարի դրությամբ նախարարության հաշվեկշռին կար ընդամենը 6 ազատ բնակարան (մեկը՝ մայրաքաղաքում, հինգը՝ Մարալիկում)։ Ասացեք, փող չկա՞ մանկատների նախկին բոլոր սաներին տեղավորելու համար։ Բայց չէ՞ որ միջոցներ գտնվեցին խորհրդարանի հերթական վերանորոգման, պաշտոնյաների պարգևավճարների, մայրաքաղաքի տոնածառի, ճամփորդությունների և Քաղաքացու օրվա տոնակատարության ու այլ ծախսերի համար, որոնք ոչ մի կերպ հնարավոր չէ արդարացնել երկրում 30%-անոց աղքատության պայմաններում։

Միգուցե հարցը պետության գերակայություննե՞րն են, որին սոցիալական անվանել լեզուդ չի պտտվի։ Եվ ընդհանրապես ի՞նչ չափանիշներով են գնահատվում երեխաների նկատմամբ նույն այդ սերն ու հոգատարությունը։ Նրանով, որ եթե մեծահասակները չեն կարողանում իրենց խոսքը հասցնել իշխանություններին ու հաղորդել սեփական խնդիրների մասին, ապա երեխաներին բավական է դիմել անմիջականորեն Փաշինյանի՞ն, խոսքը համեմելով հեգնանքի չամիչով և թեթևակի ամոթանք տալով անպարտաճանաչության համար։ Հնարավոր է. համենայն դեպս Գեղամեջ համայնքի պատանի բնակիչների տեսահոլովակ-դիմումը ազդեցություն ունեցավ, վարչապետը կառավարության նիստում հանձնարարություն տվեց, որ շտապ կարգով բավարարվի գյուղի ճանապարհն ասֆալտապատելու երեխաների պահանջը։

Սա նոր Հայաստա՛նն է, երեխաներ։ Բայց չգայթակղվեք, թե հաջորդ անգամ ձեր պահանջները կկատարվեն։ Համենայն դեպս կառավարության քեռիներն արդեն զգաստացել են ու երդվել, որ այլևս ոչ մեկի ասածով չեն շարժվելու, ճիշտ այնպես, ինչպես որ ոչ ոք չընդառաջեց ձեր հասակակիցներին, որոնք համաձայն չէին դպրոցների տնօրենների հեռացումներին. ո՛չ վարչապետը, ո՛չ մարզպետը, ո՛չ էլ կրթության ու գիտության նախարարը։ Միանշանակորեն բացատրեցին, որ տնօրենի ընտրության կարգը ոչ ոք իրավունք չունի խախտել, նույնիսկ կառավարության ղեկավարը։ Երեխաները միամտաբար հավատացին մեր երկրում օրենքի անխախտելիությանը, բայց ո՜ւր էր թե։ Շատ շուտով նրանց տարան դատարանի շենքի մոտ և ձեռքները ցուցապաստառներ տվեցին վիրավորական մակագրություններով, հրահանգավորեցին, թե ինչ և երբ գոչել։

Եվ սա նույնպես նոր Հայաստա՛նն է, երեխաներ։

Дети - инструмент манипуляций

Հենց այն նոր կյանքը, հանուն որի դպրոցականներին հանում էին դասերից և ուղարկում փողոցներն արգելափակելու, ընդ որում դրվատում և անվանում նոր Հայաստանի ազատ ու հպարտ քաղաքացիներ։ Իսկ որպեսզի ազատության զգացողությունը լիակատար լինի, պետք է, որ ծնողները դադարեն ճնշում գործադրել ձեր նկատմամբ. այսպես բացատրեցին ձեզ հեղափոխական առաջնորդները։ Դե, և ընդհանրապես առաջադեմ արևմտամետ ուսուցիչները պատրաստ են օգնել պատասխանատվության ենթարկելու ճնշողներին. ահավասիկ երեխաների իրավունքների մասին ինչքա՜ն բուկլետներ ու հուշաթերթեր են տպագրվել ու բաժանվել։ Միայն թե ծնողներին լսելու և ուսուցիչներին հարգելու երեխաների պարտականության մասին այնտեղ չգիտես ինչու նշված չէ։

Դրա փոխարեն՝ վարչապետը հեռախոսահամար է տալիս դպրոցականներին և խորհուրդ տալիս բողոքել ուսուցիչների դեմ։ Այո, բավական յուրօրինակ է մեզանում ընկալվում երեխաների իրավունքների պաշտպանությունը։ Այսօրվա դրությամբ երեխաները շահարկման օբյեկտ են դարձել հեղափոխական իշխանության կողմից։ իսկ շահարկել հեշտ է հենց նրանց, ում համար չկա հեղինակություն՝ ի դեմս հայրիկի և մայրիկի, ուսուցչի, ընտանիքի ավագ անդամի։

Այդ առումով մտահղացան սկսել 3-6 տարեկան պստլիկներից։ Ուզում են ներշնչել երեխաներին, թե ծնողներից ոչ մեկն իրավունք չունի առանց թույլտվության մտնել իրենց սենյակ, ձգտում են կենտրոնացնել փոքրիկների ուշադրությունը անատոմիական առանձնահատկությունների վրա և այլասերել նրանց չձևավորված միտքը սեռական դաստիարակության սոուսի տակ։ Մանկական պսիխիկայի համար այդ կարգի գիտափորձերի հետևանքների մասին հեղափոխական իշխանությունները չեն մտորում, իսկ հասարակայնության վրդովմունքն անվանում են հակահեղափոխականների դավեր, որոնք ժամանակին համընթաց չեն քայլում և առանձնակի սեր չեն տածում ԼԳԲՏ հանրության ներկայացուցիչների նկատմամբ։

Իսկ այդ ընթացքում նախնական վերանայման է ենթարկվում ուսումնական ծրագրի բովանդակությունը, պատրաստվում են բացառել դպրոցում հայրենասիրական դաստիարակության տարրն ու հոգևոր տեսանկյունները, կրոնի պատմությունը, տեղը լրացնելով պատմական հիշողությունից և բարոյական կողմնորոշումներից զուրկ «նոր քաղաքացու» ձևավորման արևմտյան մեթոդաբանություններով։ Արդյունքում հուսով են ստանալ հեղափոխության առաջնորդի ազգային մտածողությամբ չծանրաբեռնված կամակատարներ։ Ահա այսպիսի «թավշե» հոգատարություն երեխաների, ապագա սերնդի նկատմամբ, որը կմեծանա այնպիսին, ինչպիսին նրան փորձում են ծրագրավորել։

 

Основная тема:
Теги: