ՀՀ գլխավոր դատախազությունը կոչ է արել Ալումյանին զերծ մնալ մանիպուլյատիվ շահարկումներից

Շաբաթ օրը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը մամուլի ասուլիսում անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից «Ռոբերտ Քոչարյանը և մյուսները» քրեական գործի առնչությամբ ՀՀ վերաքննիչ դատարան ներկայացված երկու բողոքները (Ռ. Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոփոխելու, ինչպես նաև քրեական գործով վարույթը կասեցնելու և ՀՀ սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ) ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորին մակագրվելու հանգամանքին:

Ինչպես հայտնում է Հայաստանի գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը, Ալումյանի արած որոշ հայտարարություններ մանիպուլյատիվ հնարքներով և իրավական ակտերի յուրովի մեկնաբանություններով խեղաթյուրում են դատախազության լիազորությունները:

Գերատեսչությունը, մասնավորապես, նշում է, որ

1. Նախ առանց որևէ իրավական հիմք ներկայացնելու` պաշտպանը պնդել է, թե դատավորը կոպիտ կերպով խախտած կլինի օրենքը, եթե վարույթ ընդունի ՀՀ դատախազության ներկայացրած բողոքները: Բացի այդ, պաշտպանը նշել է, թե պատրաստվում են երկուշաբթի օրը դիմել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան և ստուգման առարկա դարձնել դատախազության ներկայացրած բողոքները դատավորին մակագրվելու գործընթացի օբյեկտիվությունը: Սակայն առաջ ընկնելով դրանից` վերջինս շտապում է հայտարարել, թե տեղի է ունեցել միջամտություն և փորձելու են պարզել՝ ինչպիսի:

Նշվում է, որ այս կերպ ոչ միայն անթաքույց փորձ է արվում կանխակալ կերպով հանրային անվստահություն սերմանել դատարանի նկատմամբ, այլև ուղղորդել դատավորին կայացվելիք որոշումների ընդունման հարցում:

2. ՀՀ դատախազությունը բազմիցս է հիմնավորել ինչպես դատավարության ցանկացած փուլում դատարանի կայացրած ակտերը բողոքարկելու, այնպես էլ կոնկրետ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցը փոփոխելու և Սահմանադրական դատարան դիմելու հիմքով քրեական գործի վարույթը կասեցնելու որոշումները բողոքարկելու իր իրավունքը: Չափազանց մտահոգիչ և տարակուսելի է, որ այդ պայմաններում պաշտպանական կողմը շարունակում է դատախազության սահմանադրական և դատավարական այդ իրավունքներից զրկելու տեղեկատվական արշավը՝ դիմելով մանիպուլյատիվ մեթոդների, իրավական ակտերի սուբյեկտիվ մեկնաբանությունների` այդ ամենը համեմելով դատախազության հասցեին անհարկի և վիրավորական արտահայտություններով:

Հաղորդման մեջ նշվում է, որ նման մանիպուլյացիայի հերթական օրինակը դրսևորվել է պաշտպան Հայկ Ալումյանի ասուլիսում, երբ հղում կատարելով ՀՀ քրեական դատավարության 53-րդ և 54-րդ հոդվածներին՝ վերջինս փորձել է համոզել, որ այդ հոդվածները չեն նախատեսում, որ դատավարության տվյալ փուլում դատախազությունն իրավունք ունի վերաքննիչ բողոքներ ներկայացնել:

Իրականությունն այն է, որ ՀՀ քրեական դատավարության 53-րդ հոդվածը դատախազի՝ մինչդատական վարույթում ունեցած լիազորությունների մասին է, այսիքն ներկայիս փուլին բացարձակապես վերաբերելի չէ: Իսկ 54-րդ հոդվածի (որը վերաբերում է քրեական գործը կամ նյութը դատարանում քննելիս դատախազության լիազորություններին) 11-րդ կետով հստակ սահմանվում է, որ դատախազը կարող է բողոքարկել դատարանի դատավճիռները, իսկ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` նաև դատարանի այլ որոշումներ:

«ՀՀ դատախազությունը շարունակում է պնդել, որ անթույլատրելի է պետության, հասարակության համար կարևորագույն այս քրեական գործի շուրջ տեղի ունեցող գործընթացներն իրավական հունից հանելու, զգայական, քաղաքական կամ որևէ այլ դաշտում մանիպուլյացիայի և շահարկումների առարկա դարձնելու պրակտիկայի ամրապնդումը»,- ընդգծվում է հաղորդման մեջ:

Գերատեսչությունը կոչ է արել պաշտպանության կողմին՝ զերծ մնալ նման գործելաոճից, դատավորի նկատմամբ բարոյական, հոգեբանական ու տեղեկատվական ճնշումներ գործադրելուց, տեղեկացնում է Newsarmenia.am:

Основная тема:
Теги: