ՆԱԽԱՎԻՐԱՀԱՏԱԿԱՆ ՆԱՐԿՈԶ
«Սահմանադրական դատավորի հարցը կլուծվի այնպես, ինչպես սահմանված է օրենսդրությամբ»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Նրա խոսքերով, նախագահն իրավասություն ունի առաջադրել իր նախընտրած թեկնածուին, իսկ խորհրդարանն իրավասություն ունի ընտրել կամ չընտրել։ «Այս գործընթացը կշարունակվի այնքան, մինչև ԱԺ-ի ու նախագահի պատկերացումները համընկնեն»,- նշել էր Միրզոյանը։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. Արարատ Միրզոյանը, ըստ երևույթին, չէր էլ կռահում, որ նախագահի և խորհրդարանի պատկերացումներն այդքան շուտ կհամընկնեն։ Ավելի ճիշտ, նախագահի պատկերացումները կզիջեն պատգամավորականներին։ Ինչպես հայտնի է, Արմեն Սարգսյանը երկար չմտածեց և միանգամից առաջարկեց Վահե Գրիգորյանի թեկնածությունը, որին այնքան համառորեն առաջ է մղում իշխանությունը։ Իրավիճակի տարօրինակությունն այն է, որ Վահե Գրիգորյանը Արմեն Սարգսյանին համարում է ոչ լեգիտիմ նախագահ, սակայն այդ փաստը նրան չի շփոթեցնում, նրան չի մտահոգում, որ իր կարիերայի առաջընթացն ապահովում է այն պաշտոնատար անձը, որի լեգիտիմությունն ինքը չի ճանաչում։ Այդ հանգամանքը չի շփոթեցնում նաև Արմեն Սարգսյանին, որն աջակցում է իրեն նախագահ չհամարող մարդուն։
Դեռևս մի քանի օր առաջ, հաշվի առնելով այդ գործընթացի նախապատմությունը, թվում էր, թե խորհրդարանական մեծամասնության համառությանը Արմեն Սարգսյանը գոնե ոչ մեծ դիմադրություն կցուցաբերի, և իսկապես, ինչպես նախազգուշացրեց Արարատ Միրզոյանը, այդպես կշարունակվի այնքան ժամանակ, մինչև որ կողմերի դիրքորոշումները համընկնեն։ Հասկանալի է, որ «համընկնելու», կոնսենսուսի տակ ենթադրվում էր նախագահի կապիտուլյացիան։ Բայց… Սարգսյանը նույնիսկ չառարկեց, հանձնվեց միանգամից։
Սա այն եզակի դեպքերից է, երբ պետության ղեկավարությունից ինչ-որ մեկը հնարավորություն ուներ առարկել Փաշինյանի թիմին։ Ինչ-որ մեկը հնարավորություն ուներ չկատարել նրա քմահաճույքները, իրապես ընդդիմախոսել նրան։ Փորձեր եղել են։ Անցած տարվա հոկտեմբերին նախկին օրենսդիր իշխանությունն իրեն թույլ տվեց չհնազանդվել վարչապետին, բայց ճնշվեց խորհրդարանի պաշարումով, իսկ այս տարվա մայիսին դատական իշխանությունը փորձեց շեղվել վարչապետի կամքից, ինչի արդյունքում ենթարկվեց համանման «պաշարումային» ճնշման, համեմված վեթինգի սպառնալիքներով։ Դժվար չէ ենթադրել, որ Արմեն Սարգսյանին նույնպես, ամենայն հավանականությամբ, նման մի բան էր սպասվում, քանի որ ճնշման այնպիսի գործիքները, ինչպիսիք են պաշարումը՝ համադրված վեթինգի հետ, արդեն կայուն ամրագրվել են նոր Հայաստանի օրակարգում։ Ավելին, կարելի է ենթադրել, թե ինչ կարգախոսի ներքո ճնշման կենթարկվեր նախագահը. «Նախագահն իսկական չէ, նա ժողովրդական չէ, ընտրվել է նախկին խորհրդարանի կողմից, ընդ որում իրեն թույլ է տալիս առարկել ժողովրդին։ Վեթինգի՛ ենթարկել նրան, վեթինգի՛»։ Արմեն Սարգսյանը, ասենք այսպես, հեռատեսորեն չհասցրեց այդ վիճակին և խուսափեց վեթինգից։ Բայց արդյոք մինչև ե՞րբ։ Դա ցույց կտա ժամանակը, իսկ առայժմ, քանի որ հիշատակվեց վեթինգը, մի քիչ խոսենք այդ մասին։
Ակնհայտ է, որ արդեն այսօր այդ վեթինգ կոչեցյալը չի կարող չբարոյալքել արդարադատության համակարգը։ Արդեն այսօր դատավորական կորպուսի տպավորիչ մասը, այս կամ այն գործով ընդունելով այս կամ այն որոշումը, դժվար թե կարող է հաշվի չառնել այն, որ վաղը իրեն «ժողովրդական վստահության» քննություն է սպասվում։ Համապատասխանաբար, մեծ է վտանգը, որ որոշումներ ընդունելիս, այսպես թե այնպես, շարժառիթ կծառայեն ոչ թե օրենսդրության պահանջները, ոչ թե օրենքի տառը, այլ «ժողովրդի» պահանջները, որի կամքն արտահայտում է «ժողովրդական իշխանությունը»։ Ավելի ճիշտ՝ իշխանության պահանջները, որը հանդես է գալիս ժողովրդի անունից։ Ըստ էության, այսօր, այս պահին դատավորական ողջ կորպուսը դրված է ընտրության առջև՝ սեփական մասնագիտական պատասխանատվության, օրենքների խստիվ պահպանման և ինչ-որ մեկի կամքի միջև։ Իշխանության կամքի, թե «ժողովրդի», դա արդեն կարևոր չէ։ Կարևորն այն է, որ որոշումները թելադրվում են, ասենք այսպես, կողմնակի կամքով։
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է արդարադատության համակարգում վիրահատական միջամտության անհրաժեշտության մասին։ Արդեն բուն այդ հայտարարությունը կարելի է համարել նախավիրահատական նարկոզ համակարգի համար։ Մինչդեռ, լինելով ցավազրկման վիճակում, հիվանդը փաստորեն անգործունակ է։ Եվ այդ հիվանդն այսօր ընդունում է որոշումներ, որոնցից կախված են մարդկանց ճակատագրերը։
Նարկոզի համանման վիճակում է (արդեն իսկ հնարավոր վիրահատական միջամտության մտքից), ըստ երևույթին, նաև նախագահը։ Եվ այդ վիճակում նա կատարում է երկրի սահմանադրության երաշխավորի առաքելությունը։ Համաձայնեք, նման իրավիճակում առաքելությունն անիրագործելի է…