ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԿՏՐՎԱԾ
Մի քանի օր առաջ Հայաստանի կառավարության ղեկավարն աշխարհին առաջարկեց երկրի տնտեսական վիճակի նոր չափորոշիչ։ Կառավարության նիստում նա հայտարարեց, որ տնտեսությունը «լավ տրամադրություն» ունի։ Առայժմ հայտնի չէ, թե կգնահատի արդյոք աշխարհը հայոց վարչապետի նոու-հաուն, սպառազինության կառնի այդ չափման միավորը, տնտեսության գնահատման չափորոշիչը։ Թերևս՝ դժվար թե։
Նման հարցերում միջազգային տնտեսական հանրությունը չափազանց պահպանողական է, նա դուրս չի գալիս բոլորի կողմից ընդունված կարծրատիպերի շրջանակներից և չի ընդունում մարդկային հույզերի առկայությունը ճշգրիտ գիտության մեջ։ Փոխարենը հայկական կառավարությունը, ամենայն հավանականությամբ, այսուհետ կգործածի այդ տերմինը, ուշադիր զննելով Հայաստանի տնտեսական դեմքի արտահայտությունը՝ հուսալով լավ տրամադրության նշաններ նկատել այդտեղ։
Այս անգամ այդպիսի նշաններ դարձան Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած ցուցանիշները և դրանց մեկնաբանությունը։ «Ըստ հրապարակված տվյալների, ապրիլին մենք ունենք 9,2% տնտեսական ակտիվության ցուցանիշ։ Եվ եթե այս ցուցանիշը համադրում ենք առաջին եռամսյակի արդեն ամփոփված տվյալների հետ՝ համախառն ներքին արդյունքի 7,1% աճ, սա մեզ հիմք է տալիս ասելու, որ տնտեսությունը ունի լավ տրամադրություն, և մեր խնդիրն է, ինչպես և նախանշել ենք, հասցեական ճշգրիտ կապիտալ ծախսերի միջոցով խթանել այդ լավ տրամադրությունը և ի վերջո կարողանալ ավելի լավ ցուցանիշների հասնել»,-նշեց կառավարության ղեկավարը։
Նրա խոսքերով, ապրիլին արդյունաբերության աճը հասել է 13,2%-ի՝ 2018 թվականի ապրիլի համեմատ, ապրանքաշրջանառությունն աճել է 9%-ով, ծառայությունների ոլորտը՝ 16,2%-ով, իսկ արտահանումն ավելացել է 9,9%-ով։ Այս ամենը, բնականաբար, չենք վիճարկի։ Բայց…
Այն, որ 2019-ի ապրիլի ցուցանիշները նախորդ տարվա ապրիլյան ցուցանիշներից ավելի լավ տեսք ունեն, ակնհայտորեն հիմքեր չի տալիս «տնտեսության լավ տրամադրություն» արձանագրելու համար։ Այո, գուցեև դա (տրամադրությունը) ավելի լավ է, քան մեկ տարի առաջ, երբ երկիրը բառացիորեն ցնցեց «թավիշը»։ Բայց ավելի լավ՝ չի նշանակում լավ։ Տվյալ դեպքում, կրկնեմ, անցած տարվա գարնան համեմատ, երբ երկրում տիրում էր քաղաքական ու տնտեսական ապակայունացում, բառացիորեն վաղվա օրվա իրադարձությունների բացարձակ անկանխատեսելիություն, իսկ երկրի տնտեսապես ակտիվ բնակչությունը աշխատանքային ժամերն անցկացնում էր փողոցում, ներկայիս պլյուսային վիճտվյալները միանգամայն բացատրելի են։ Այլ հարց է, որ եթե զուգահեռներ անցկացնենք նախանցած՝ 2017 թվականի հետ, ապա հայկական տնտեսության «լավ տրամադրությունից», թերևս, ոչինչ չի մնա։
Առհասարակ, ըստ իրերի տրամաբանության, երկրի տնտեսության «լավ տրամադրությունը» պետք է հեռարձակվի, իր արտացոլումը գտնի նաև նրա քաղաքացիների տրամադրության մեջ։ Այստեղ, ուղիղն ասենք, ակնհայտորեն նկատելի են հենց այդ հեռարձակման հետ կապված խնդիրներ։ Դժվար թե կարելի է խոսել բողոքի տարբեր ակցիաների դուրս եկող մարդկանց լավ տրամադրության մասին։ Ընդ որում նման ակցիաները հիմնականում անցկացվում են սոցիալ-տնտեսական բնույթի պահանջներով։ Ամեն աստծու օր փակվում են ճանապարհներն ու փողոցները, պիկետներ անցկացվում կառավարության և խորհրդարանի շենքերի մոտ։ Եվ մարդիկ այդ միջոցառումներին դուրս են գալիս հաստատ ոչ լավ տրամադրությամբ։ Տնտեսության «ուրախությունը» մարդկանց չգիտես ինչու չի փոխանցվում։ Փոխանցվում է երկրի թերևս միայն այն քաղաքացիներին, որոնք չափազանց շռայլ պարգևավճարներ են ստանում ներկայիս իշխանության կողմից։
Ըստ երևույթին, Հայաստանի տնտեսության լավ տրամադրության մասին թեզիսին համամիտ չեն նաև նրա սահմաններից դուրս։ Այսպես, վերջերս հրապարակվեց բրիտանական «Օքսֆորդ անալիտիքս» վերլուծական կենտրոնի վարկանիշը՝ 2018 թվականի ընթացքում երկրների տնտեսության վրա քաղաքական ռիսկերի ազդեցության վերաբերյալ։ Ահա ուրեմն, Հայաստանի առնչությամբ այստեղ արձանագրված էր ռիսկի բարձր աստիճան, ինչը, իհարկե, հրապուրիչ չես անվանի հավանական ներդրողների համար։ Ավելին, ռիսկային մեծ վարկանիշ ունեցող խմբում Հայաստանի հետ մեկտեղ հայտնվել են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Սիրիան, Աֆղանստանը, Իրանը, Պակիստանը, Ուկրաինան։
Որ տեսանկյունից էլ նայես, «լավ տրամադրության» համար հայկական տնտեսության առիթները, մեղմ ասած, քիչ են։ Եվ եթե, չնայած դրան, նա բարձր տրամադրության մեջ է, ապա դա վկայում է իրականությունից լիակատար կտրվածության մասին…