Տոնոյանը, Մնացականյանը և Վանեցյանը Փաշինյանի ձեռքը պատանդ են

Այս կառավարությունն ապացուցում է, որ որևէ աղերս չունի ՀՀ արտաքին ու ներքին բազմաթիվ մարտհրավերների հետ: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով, այսօրվա կառավարությունը համարժեք չէ մեր երկրի առջև ծառացած խնդիրների հետ և այդ անհամարժեքությունը ոչ միայն դրսևորովում է յուրաքանչյուր շաբաթ, այլև խորացնում է առանց այդ էլ անհանգիստ անվտանգային միջավայրը Հայաստանի և Արցախի շուրջ:

«Եթե պատկերավոր փորձենք ասել՝ հաշվի առնելով նաև երեկվա թևավոր դարձած որոշ արտահայտություններ, ապա կարող ենք ասել՝ մեր սև հոգսերը, ձեր վարդագույն բաբոչկաները: Սա է կարծեք թե այսօրվա կառավարության հիմնական բանաձևը, լոզունգը, որով նրանք փորձում են աշխատել»,-ասաց Աշոտյանը:

Նա ընդգծեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բավարարվում այն սահմանադրական շրջանակներով, որ տրված է իրեն ՀՀ օրենսդրությամբ. «Նա ուզում է ոչ թե ուժեղ իշխանություն, այլ տոտալ իշխանություն: Պատահական չէ, որ ԱԺ-ն գրավելուց հետո, վարչապետ դառնալուց հետո, նա պարբերաբար գրոհներ է ձեռնարկում, այսպես կոչված դիմադրության օջախների վրա: Այդ շարքը կարող ենք շարունակել սկսելով դատական իշխանությունից, հիշելով ԵՊՀ-ն, հավելելով Աբովյանը: Նա չի հանդուրժում, և չի հանդուրժելու որևէ վայր, որևէ ինստիտուտ, որևէ քաղաք կամ հաստատություն, որտեղ նա բացարձակ իշխանություն չունի: Սա այն վտանգներն են, որոնց մասին մենք զգուշացնում էինք ամենասկզբից»:

Աշոտյանը համոզմունք հայտեց, որ իշխանությունները փորձում են ձևավորել տոտալ վերահսկողության երկիր. «Երկիր, որտեղ միակ բանը, որ ստացվում է վարչապետի մոտ, կառավարության նիստերին հանձնարարություններ տալ ուժայիններին որևէ մեկին ցբխելու: Որևէ այլ բան այս կառավարության մոտ չի ստացվում»:

Նա հավելեց, որ թյուր է կարծիքը, թե Նիկոլ Փաշինյանի ձեռքը կրակն է ընկել նախկին իշխանությունը, Ռոբերտ Քոչարյանը միայն. «Հետևելով, թե ինչպես են կառավարության անդամները հետո փորձում առաքինաբար դուրս գալ Նիկոլ Փաշինյանի անհաջող անլուրջ և անզուսպ հայտարարությունների տակից, օրինակ Արցախի հետ կապված, պետակլան դավաճանների հետ կապված, ապա կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանի ձեռքը կրակն ենք ընկել ոչ թե մենք, այլ կառավարության գիտակից անդամները: Ինձ համար թոփ եռյակը, որ Նիկոլ Փաշինյանի ձեռքը պատանդ են դարձել Դավիթ Տոնոյանն է, Զոհրաբ Մնացականյանը և Արթուր Վանեցյանը: Նրանք ամեն անգամ ստիպված են սվաղելու, լղոզելու Նիկոլ փաշինյանի հերթական անհաջող հայտարարությունները», տեղեկացնում է NEWS.am-ը:

Основная тема: