ՍԱԴՐԱՆՔԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԸ

Ինչպես մեկնաբանում է «Ազատություն» ռադիոկայանը, ի պատասխան իր թղթակցի այն հարցին, թե ովքե՞ր են այն դավադիր ուժերը, որոնք, ինչպես մինչ այդ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, փորձում են պատերազմ սադրել, հանձնել հողերն ու կատարվածի պատասխանատվությունը գցել Հայաստանի իշխանությունների վրա, վարչապետը (մեջբերում ենք «Ազատություն» ռադիոկայանին) «ըստ էության, մատնանշեց Լեռնային Ղարաբաղի գործող իշխանություններին»։

Ռադիոկայանն այդպիսի եզրահանգում է կատարել Հայաստանի վարչապետի հետևյալ հայտարարությունից. «Դա աննախադեպ երևույթ է եղել. և՛ Լեռնային Ղարաբաղի, և՛ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ մի քանի անգամ հանդիպում եմ ունեցել և ներկայացրել եմ ԼՂ հարցի լուծման վերաբերյալ իմ տեսլականը։ Եվ հետարքրքվել եմ՝ իմ առաջադրած տեսլականի հետ կապված վերապահումներ կա՞ն, համաձա՞յն են այդ տեսլականի հետ, թե՞ ոչ։ Պարզվել է, որ բոլորը համաձայն են։ Երբ դրանից հետո այդ սեղանի շուրջ ներկա մարդիկ տակից հրահրում են, թե այս կառավարությունը հողեր է ծախում, ինձ մոտ հարց է առաջանում՝ ես այս մարդու հետ գաղտնիության պայմաններում նստել, խոսել եմ, թե ոնց եմ պատկերացնում, ինչ քայլերով պետք է մենք գնանք առաջ։ Եթե այս մարդը դուրս է գալիս ու իր օգնականին ասում՝ գնա Ֆեյսբուքում գրիր, որ Փաշինյանը հողերը ծախում է, ինչի՞ համար է ինքը դա անում։ Ինքը հո 100 տոկոսով գիտի, թե ինչ է կատարվում։ Ընդ որում, երբ Հայաստանի իշխանության ղեկին եղել է իր պարի ընկերը, ինքը ոչ մի ինֆորմացիա չի ունեցել, իրեն հարկ էլ չեն համարել տեղյակ պահել, թե ինչ է կատարվում, ինչ են մտածում և ինչ են ուզում անել։

Ես եմ Ղարաբաղի հարցի բանակցային պրոցեսի վերաբերյալ փաստաթղթերը փոխանցել ԼՂ իշխանություններին։ Դրանից առաջ նրանք տեղյակ չեն եղել, թե ինչ է բանակցվել ինձնից առաջ։ Տեղյակ չեն եղել։ Հինգ անգամ հարցրել եմ՝ դուք տեղյա՞կ եք՝ ինչ է խոսվել, ինչ է պայմանավորվել։ Տեղյակ չեն եղել։ Իրենք դրանից հետո գնում են իրենց օգնականներիսոցիալական ցանցերինույնիսկ անձամբ գրում են, թե ապազգային իշխանությունը, հակազգային իշխանությունը հողերը հանձնում է․․․ հարց է առաջանում՝ ինչու են դա անում»։

Իհարկե, Փաշինյանի հայտարարությունից վերցրած այս երկար սադրիչ արտահայտությունը արժանի էր, որ մեջբերվեր ամբողջությամբ, մանավանդ որ ԼՂՀ իշխանությունների «պարի ընկերն» էլ հայտնի է. խոսքն ակնհայտորեն ցանցում տարածված հայտնի տեսագրության մասին է, որտեղ Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը Շուշիում Հաղթանակի օրվա տոնակատարության ժամանակ պարում է Բակո Սահակյանի և մյուսների հետ։

Ըստ երևույթին, դրանով իսկ Նիկոլ Փաշինյանին հերթական սաստիկ վիրավորանքն է հասցվել, որը նա չի կարողանում մոռանալ, դրա համար էլ այսօր հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի իշխանություններին հասցեագրված գործնականում անթաքույց մեղադրանքներով, փաստացի սատարելով իր այն կողմնակիցների գործողություններին, որոնք չեն խորշում վիրավորանքներ տեղալ Արցախի հոգևոր առաջնորդների հասցեին կամ սպառնալ նրա ներկայիս քաղաքական ղեկավարությանը։ Իսկ ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությունների էությանը, ապա դա, սովորականի պես, ինչպես բոլորն արդեն վարժվել են, պարզապես «ջուր» է, որպեսզի վարչապետի կարգավիճակի նկատմամբ հարգանքից դրդված՝ չանվանենք նրա ինքնաբուխ ճառերը պարզապես սուտ։

Ի պատասխան Փաշինյանի խոսքերի, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, պատասխանելով «Արցախպրես»-ի հարցին, իրեն բնորոշ հանդարտ ոճով ասաց. «Վերջերս Հայաստանի Հանրապետության վարչապետը տրամադրել է մեզ որոշ փաստաթղթեր բանակցային գործընթացի մասին: Մենք էլ մեր հերթին Հայաստանի Հանրապետության վարչապետին ենք փոխանցել բանակցային գործընթացին առնչվող մեզ մոտ առկա փաստաթղթերի փաթեթը:

Առհասարակ, և՛ հիմա, և՛ նախկինում Ադրբեջանի հետ բանակցություններից առաջ և դրանցից հետո Հայաստանի Հանրապետության իշխանությունները տեղյակ էին պահում Արցախի ղեկավարությանը քննարկվող հարցերի և վերջին զարգացումների մասին»։

Արցախի առաջնորդը պատասխանեց նաև Փաշինյանի այն մեղադրանքներին, թե Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր հետ հանդիպման ժամանակ հավանություն է տալիս ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր տեսլականին, իսկ այնուհետ փորձում մեղադրել հողերը հանձնելու մեջ. «Նմանատիպ հարցեր ինձ արդեն ուղղել են, մասնավորապես՝ ս.թ. մայիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամների ու լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ես ասել եմ, որ եթե կան դավադիրներ, նրանք պատժվելու են, և եթե որևէ մեկին հայտնի են կոնկրետ անձինք և նրանց դավադրության ապացուցված փաստեր, ապա թող մեզ տեղեկացնեն, և մենք համապատասխան քայլեր կձեռնարկենք:

Մեր ամենակարևոր ձեռքբերումներից մեկը մեր միասնականությունն է, և անթույլատրելի եմ համարում այն խարխլելուն ուղղված ցանկացած քայլ՝ լինի դա Արցախում, Հայաստանում, թե Սփյուռքում: Անընդունելի եմ համարում դավադրական պահելաձևն առհասարակ: Եթե կան կասկածներ, անվստահություն այս կամ այն երևույթի, անձի կամ պաշտոնյայի նկատմամբ, կարևոր եմ համարում այդ բոլոր հարցերի շուրջ փոխադարձ հարգանքի մթնոլորտում քննարկումների և ընդհանուր հայտարարի գալու անհրաժեշտությունը: Մենք ունենք մեկ հայրենիք, և բոլորիս պարտքն է անել ամեն ինչ նրա միասնականությունը պահպանելու համար»։

Основная тема:
Теги: