ԹԵՎՔԵՐԸ ՔՇՏԵԼՈՎ
Հունիսի 5-ին Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ), նախկին ՀՀՇ-ն, հանդես եկավ զայրալից հայտարարությամբ՝ կուսակցության ակտիվիստ Վարդան Հարությունյանի հետ կապված միջադեպի առիթով։
Այդ օպուսի տեքստը վայրկենապես զուգահեռներ առաջացրեց 27-ամյա վաղեմության իրադարձությունների հետ. Տեր-Պետրոսյանը հեռուստաէկրաններից դիմում է ազգին, աներևակայելի մեղադրանքների տարափ տեղալով հայկական հնագույն կուսակցության հասցեին, որը մեր պատմության անքակտելի մասն է եղել վերջին գրեթե 130 տարիներին։ Հիշողության մեջ կենդանացան անմոռանալի կադրերը. անկախ Հայաստանի առաջին նախագահը հանում է պիջակն ու կախում աթոռի թիկնակին, որից հետո ցուցադրաբար քշտում է թևքերը. այդ ամենը հեռուստադիտողների աչքի առաջ, և սկսում է մեղադրել Դաշնակցությանը սպանությունների կազմակերպման, ահաբեկչական գործունեության, թմրանյութերի շրջանառության, իրավիճակն ապակայունացնելու փորձերի և այլ հանցագործությունների մեջ։
Արդեն տարեվերջին ՀՅԴ տասնյակ ներկայացուցիչներ հայտնվեցին ճաղերի հետևում, կուսակցական ԶԼՄ-ներն ու բուն կուսակցությունը արգելվեցին ընդհուպ մինչև 1998 թվական, երբ Տեր-Պետրոսյանը վերջապես ազատեց երկիրն իրենից։ Ինչպես պարզվեց՝ ժամանակավորապես։
Դա ծանրագույն 1992 թվականն էր, պատերազմի ամենաթեժ շրջանը. Շուշին ազատագրված էր, շրջափակումը՝ ճեղքված, սակայն Արցախի կեսը դեռևս բռնազավթված էր Ադրբեջանի կողմից։ Թե ինչ դեր է խաղացել ՀՅԴ-ն ազգային ազատագրական շարժման պատերազմական փուլում և Արցախի ինքնապաշտպանության կազմակերպման գործում, կարծում եմ, բացատրելու հարկ չկա։ Եվ հենց այն ժամանակաշրջանում, երբ մարտական գործողությունների ընթացքի մեջ արմատական բեկում մտցվեց, հհշական իշխանությունը, թևքերը քշտելով, ընկավ Դաշնակցության հետևից։ Գործընթացի գաղափարական ոգևորիչը, հիշեցնեմ, Հայաստանի գորշ կարդինալ Ժիրայր Լիպարիտյանն էր, որը դաշնակցականների դեմ «խաչակրաց արշավանքը» սկսել էր դեռևս 1990 թվականին։
Այսօր Տեր-Պետրոսյանն իր վաղեմի քաղաքական ընդդիմախոսներին կրկին մեղադրում է ահաբեկչական գործողությունների մեջ։ «Վարդան Հարությունյանի հետ կատարվածը եղել է նախապես ծրագրված, մանրամասն մշակված գործողություն, որն այլ կերպ, քան ահաբեկչական ակտ դժվար է բնութագրել։ ՀՅԴ ղեկավարները բաց տեքստով հայտարարում են, որ որպես քաղաքական պայքարի մեթոդ կրկին որդեգրում են ահաբեկչությունը (…)։ Հայաստանի պետական և հանրային կյանքի բոլոր բնագավառներում պետք է բացառվեն ահաբեկչությունն ու բռնությունը։ Դրանց հետագա ծավալումը կանխելու համար, իշխանությունները պետք է շտապ և վճռական քայլերով արմատախիլ անեն այդ երևույթը»,- ասվում է ՀԱԿ-ի հայտարարության մեջ, որը հրապարակել է «Ազատություն» ռադիոկայանը։
Հիշեցնեմ, սա պնդում են այն կուսակցությունն ու նախկին նախագահը, որոնց ժամանակներում քաղաքական սպանությունները դարձան առօրեական երևույթ, անսանձ քրեականությունը տարածվեց երկրի կենսագործունեության բոլոր ոլորտներում, իսկ բնակչության նկատմամբ կիրառվեց էներգետիկ տեռորի մեթոդը։ Այն քաղաքական ուժը, որն իսկական անեծք դարձավ երկրի համար, կործանեց միլիոնավոր ճակատագրեր և ժողովրդին դատապարտեց ժողովրդագրական ամենաիսկական տեռորի, ստիպելով միլիոնավոր հայերի լքել հայրենիքը։ Բայց ՀԱԿ-ն ու իր առաջնորդը ներկայումս այնքան անկաշկանդ ու հարմարավետ են զգում իրենց, որ գործնականում «խաչակրաց արշավանքի» նոր փուլ են սկսում ՀՅԴ-ի դեմ։
Վերապահում անեմ. այս հոդվածի նպատակն ամենևին էլ Դաշնակցությանը պաշտպանելը չէ։ Նախ, կուսակցությունն ինքը ի վիճակի է պաշտպանել իրեն, և երկրորդ, այդ քաղաքական ուժը անցած տասնամյակների ընթացքում ծայրաստիճան անմիանշանակ պահվածք է դրսևորել, բազմաթիվ առիթներ տալով սուր քննադատության համար և էականորեն վարկաբեկելով նախկին հեղինակությունը։ Սակայն տվյալ դեպքում անհրաժեշտ է շեշտել մեկ այլ բան. այն, ինչը դուրս է գալիս երկու կուսակցությունների փոխհարաբերությունների շրջանակներից և անմիջականորեն շոշափում պետական շահերը։
ՀԱԿ-ի հայտարարության վտանգավորությունն ամփոփված է նախևառաջ նրանում, որ կրկին ներքին դաշտ է մտցվում «ահաբեկչական գործունեություն» հասկացությունը, թեև խոսքն ընդամենը ոմն ակտիվիստի ենթադրյալ ծեծի մասին է։ Մեր երկրում վերջին տարվա իրադարձությունների խորապատկերին, որոնք լի էին տարբեր բնույթի բռնի գործողությունների բազմազան դրսևորումներով, այն խորապատկերին, երբ ինչպես սոցցանցերում, այնպես էլ տարբեր ամբիոններից հնչող բռնության կոչերը դարձել են լայնորեն տարածված երևույթ, որը չի հանգեցնում որևէ պատասխանատվության, սա ոչ ավելին է, քան բազմաթիվ դեպքերից մեկը, որն անշուշտ արժանի է համապատասխան իրավական գնահատականի։
Սակայն ՀԱԿ-ը ակտիվորեն գործածության մեջ է մտցնում հենց «ահաբեկչություն» տերմինը և անում է դա միանգամայն գիտակցված ու հեռուն գնացող մտադրություններով։ Հաշվի չառնելով բացի ամենայնից նաև այն, որ Տեր-Պետրոսյանի ու իր զինակիցների հնչեցրած գնահատականները կրկնում են Հայաստանի, Արցախի և ՀՅԴ-ի վերաբերյալ ադրբեջանական հռետորաբանությունն ու բառապաշարը։ Թե ինչ նպատակով է դա արվում, կարծում ենք, հռետորական հարց է, ինչպեսև գործնականում այն ամենը, ինչ կապված է առաջին նախագահի անձի հետ։
ՀԱԿ-ի ներկայիս հայտարարության և ՀՅԴ-ի ուրվագծվող հերթական դիվականացման ևս մեկ ակնհայտ վտանգն իր արմատներով գալիս է դարձյալ 90-ականների սկզբից։ Երբ Հայաստանի ձեռք բերած անկախությամբ ոգևորված և պատմական հայրենիքին պետություն կառուցելու գործում օգնելու նետված Սփյուռքը ծայրաստիճան ցավոտ հիասթափություն ապրեց իշխանությունների գործողություններից, ինչն ասիճանաբար վերաճեց պետական շինարարությունից մեր ազգի զգալի մասի օտարացման։ Դաշնակցության նկատմամբ ՀՀՇ-ի քաղաքականությունը միանգամայն հասկանալի պատճառներով դարձավ այդ հիասթափության անկյունաքարերից մեկը։ Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների համատեքստում Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին, չես անվանի որևէ այլ կերպ, քան մեկ ժողովրդի երկու մասերի միջև պառակտման միտված ազգային դավաճանություն։
Ավելի ուշ, աներևակայելի ջանքերով, դանդաղ և դարձյալ ցավոտ, հաջողվեց որոշակի չափով կարկատել այդ ճեղքը, իսկ 2018 թվականի գարնան իրադարձությունները Սփյուռքում կրկին ոգևորություն և հույսեր առաջացրեցին երկրում դրական փոփոխությունների վերաբերյալ։ Մի կողմ թողնենք այդ հույսերի արդարացվածության և հիմնավորվածության հարցը, փաստը մնում է փաստ. նոր իշխանությունները հնարավորություն ստացան սկսելու կառուցել Սփյուռքի հետ հարաբերությունները որակապես այլ հիմքի վրա, ինչպես 90-ականների սկզբին նորանկախ Հայաստանում։ Բայց այն, ինչ այսօր տեղի է ունենում ՀՅԴ-ի նկատմամբ, եթե հաշվի առնենք այդ կուսակցության դերն ու նշանակությունը Սփյուռքում, անկասկած, սպառնում է նոր պառակտման հեռանկարով։
ՀԱԿ-ն ու իր առաջնորդը գերազանց հասկանում են դա և կանխամտածված սադրում են վտանգավոր զարգացումներ։ Զարմանալ դրա վրա, կրկնում եմ, հարկ չկա։ Իսկ այ, թե հավանականորեն ինչով է սպառնում իրավիճակը կառավարող ուժին, հարց է, որը հաստատապես պահանջում է անձամբ վարչապետի ու իր զինակիցների ուշադրությունը։ Սա հերթական յուրօրինակ լակմուսն է, թե որքանով են համընկնում իշխանության շահերը պետության շահերի հետ։ Բարդագույն իրավիճակը, որում գտնվում են Հայաստանն ու Արցախը արտաքին սպառնալիքների առումով, առավելևս չի թողնում որևէ այլընտրանք, քան ազգային միասնականությունը և համատեղ դիմակայումն այդ սպառնալիքներին։ Ուրեմն ո՞ւմ է այսօր ձեռնտու, բացի ՀՀՇ-ից ու Տեր-Պետրոսյանից, թևքերը ևս մեկ անգամ հրապարակավ քշտելը։