ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Համացանցը լեփ-լեցուն է պնդումներով, որ Երևանը վերջնագիր է ներկայացրել Ստեփանակերտին. կա՛մ Վիտալի Բալասանյանը հրաժարական կտա Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից, կա՛մ Արցախը ֆինանսավորում չի ստանա Երևանից։ Ցանկացած նորմալ մարդ, կարդալով սա, կմտածի՝ անհեթեթություն է։ Անհեթեթություն է, որովհետև նման բան չի կարող լինել ի սկզբանե։ Բայց մի՞թե մենք գործ ունենք նորմալ մարդկանց հետ։ Անցած տարվա ընթացքում եղել են բազմաթիվ դրվագներ, որոնք ստիպում են կասկածի տակ առնել դա։
Անկեղծ ասած, այդ մասին առանձնապես ծավալվելու ցանկություն անգամ չկա մեկ պատճառով. ամաչում ես այն մարդու փոխարեն, որին պատկանում է առաջնության դափնին այդ հարցում, ամաչում ես, քանի որ նա է Հայաստանի գործադիր իշխանության ղեկավարը։ Բայց մի դրվագ ցանկանում եմ հիշեցնել։ Երբ մեր մեծն ու սարսափազդուն միտինգում հայտարարեց, թե այսուհետ Հայաստանում բոլոր հարցերը պիտի լուծվեն ինչպես հին Աթենքում, մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում, ամբողջ ժողովրդով… Ճիշտ է, հետո այդ մասին մոռացան, և բոլոր հարցերը սկսեց լուծել բացառապես մեկ անձնավորություն։ Այլ հարց է, որ որոշ միամիտներ հավատացին, և Հայաստանը դարձավ 37 թվականի նմուշի միջոցառումների ականատես, երբ ամբոխը, հենց ամբոխը, ինչպես իրերն արդարացիորեն իրենց անուններով կոչեց Անդրանիկ Միհրանյանը, սկսեց դուրս գալ փողոցներ՝ պահանջելով ձերբակալել մեկին, դատապարտել մյուսին, ցխել երրորդի գլուխը…
Ոչ, իհարկե, ոչ մի նորմալ մարդ չի կարող հավատալ, որ Երևանի իշխանությունները կարող են շանտաժել Ստեփանակերտին ֆինանսական օգնությամբ։ Չէ՞ որ սա 90-ական թվականների սկիզբը չէ… Իսկ նորմալ մարդիկ կարո՞ղ էին պատկերացնել, որ Երևանում միտինգի ժամանակ վարչապետի կողմնակիցը կհայտարարի Արցախի նախագահի գլուխը ցխելու պատրաստակամության մասին։ Իսկ նորմալ մարդը կարո՞ղ էր պատկերացնել, որ գործադիր իշխանության ղեկավարը կոչ կանի խափանել երկրում դատական բոլոր ատյանների աշխատանքը։ Իսկ նորմալ մարդը կարո՞ղ էր ենթադրել, որ հանրապետության գործադիր իշխանության ղեկավարի կինը խոսելու է Արցախում ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմի «հանուն ոչնչի» տված զոհերի մասին։
Այնպես որ ամեն ինչ օրինաչափ է։ Ինչպեսև 2016 թվականի Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի ստեղծումը։ Եվ այն, որ այդ հանձնաժողովի կազմում ընդգրկվել են մարդիկ, որոնք, ի տարբերություն նրանց, ում գործունեությունը պիտի հետաքննեն, իրենց երկրի համար, մեղմ ասած, օգտակար շատ քիչ բան են արել… Բացառությամբ, ճիշտ է, մեկ հանգամանքի, որի մասին՝ քիչ ավելի ուշ։ Իսկ առայժմ նշենք, որ ստեղծվել է այդ հանձնաժողովը բացառապես կառավարող թիմի քաղաքական հավակնությունները բավարարելու համար։ Սեփական ընտրազանգվածին թամաշաներով ապահովելու մի այդպիսի պահեստային տարբերակ, եթե «Մարտի 1»-ի գործը վերջնականապես ավարտվի մեծ ձախողմամբ…
Հանձնաժողովի կազմն արտացոլում է մեր օրերի իրողությունները։ Դատելով խորհրդարանի պաշտոնական կայքի տվյալներից, պարտադիր զինվորական ծառայություն են անցել տասնմեկից վեցը։ Նախագահը Անդրանիկ Քոչարյանն է, որը Տեր-Պետրոսյանի օրոք պաշտպանության փոխնախարարի աթոռին քոչեց Մաթեմատիկական մեքենաների ինստիտուտի ինժեների պաշտոնից… Դե, իսկ հետո, հայտնի է, ինչպես կարող էր, բարեխղճորեն վարձահատույց էր լինում կարիերայի այդ ցատկի համար։ Հանձնաժողովի կազմում, որը հարցաքննելու է զոհված տղաների հարազատներին (պետք է ապահովել պատշաճ հուզական խորապատկերը), պաշտոնատար անձանց, սպաներին և Ապրիլյան պատերազմի այլ մասնակիցների, կան ոչ միայն նախկին ավտոտեսուչներ ու զինվորականներ, որոնք չգիտես ինչու վաղ են թողել զինծառայությունը, այլև ապրանքագետներ, ծրագրավորողներ և նույնիսկ ուսանողներ…
Իսկ ինչ վերաբերում է ՀՀ պաշտպանության և անվտանգության հարցերով ԱԺ հանձնաժողովի ձևավորման սկզբունքին, որն էլ պիտի հետաքննի 2016 թվականի Ապրիլյան պատերազմի հանգամանքները, ապա ավելի սևեռուն զննելով կենսագրությունները, ես այդ սկզբունքը գուշակեցի։ Բանն այն է, որ հանձնաժողովի անդամների մեծամասնությունը բազմազավակ ծնողներ են, և հանձնաժողովի ձևավորման այդօրինակ սկզբունքը, բնականաբար, արժե ողջունել. այնուամենայնիվ երկրի ժողովրդագրական խնդիրների լուծման գործում ավանդն ակներև է։ Եթե ավելի կոնկրետ, համաձայն խորհրդարանի պաշտոնական կայքի, հանձնաժողովի տասնմեկ անդամներից յոթը ունեն երեքական երեխա։ Միայն երեքը, ներառյալ միակ կինը՝ երկուական։ Դե, և բացառություն է արված միայն մեկ պատգամավորի՝ ուսանող Սիփան Փաշինյանի համար, որը զավակներ առայժմ չունի, և դա ճիշտ է. չէ՞ որ պետք է նախ բարձրագույն կրթություն ստանալ։ Սակայն բոլորին էլ հասկանալի է, որ հանձնաժողովի կազմում Սիփան Փաշինյանը հայտնվել է այլ, բայց նույնպես չափազանց հարգելի հատկանիշով։