ԱՎԵԼԻ ՇՈՒՏ՝ ԿԵՂԾ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐՐԱՆ…

Հայաստանն այսօր ժողովրդավարության բաստիոնն է աշխարհում, կիրակի օրը հայտարարեց հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովի ժամանակ, հաղորդում է Նովոստի-Արմենիան։

«Ակնհայտ է, որ մեզ պատերազմ է հայտարարված, սակայն մեկ բան է, եթե պատերազմը հայտարարված է մեզ, որպես քաղաքական թիմին, այդ դեպքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարող էր նաև պարտվել այդ պատերազմում: Սակայն խաղադրույքն ավելի բարձր է, և դրա վրա դրված է բոլորովին այլ բան… Ես համոզված եմ, որ չափազանցություն չեմ անի, եթե ասեմ, որ Հայաստանն այսօր ժողովրդավարության բաստիոնն է աշխարհում։ Այո, ոչ թե ԱՄՆ-ը, այո, ոչ թե Եվրոպան։ Հայաստանն այսօր ազատության և ժողովրդավարության բաստիոնն է աշխարհում»,-ասաց նա։

Միրզոյանի խոսքերով, հենց հայկական ժողովրդավարության հաջողությամբ մեծապես պայմանավորված կլինի ժողովրդավարության հաջողությունը համաշխարհային մասշտաբով։ «Վերլուծելով գործընթացները, այդ թվում` եվրոպական, մենք հասկանում ենք, որ ամեն տեղ չէ, որ ժողովրդավորությունն ամուր է, ամեն տեղ չէ, որ մարդու իրավունքները, ազատությունները խոցելի չեն»,- ասաց նախագահը։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ինչ-որ ծայրահեղ չափերի են հասել հայոց խորհրդարանի նախագահի հավակնությունները, որը որոշեց Հայաստանը հռչակել ժողովրդավարական արժեքների գլխավոր պաշտպան մոլորակային մասշտաբով, վճռելով խլել այդ «տիտղոսը» ԱՄՆ-ից ու Եվրոպայից։ Դա, իհարկե, կարող է տպավորություն գործել Միրզոյանի կուսակիցների վրա։ Կարող է բարձրացնել նոր իշխանության մի քանի անկուսակցական ֆանատիկոսների ոգին։ Բայց չէ՞ որ Հայաստանի օրենսդիր իշխանության ղեկավարին լսում են և լսել են ոչ միայն նրանք։ Դժվար չէ պատկերացնել Միրզոյանի խոսքերի նկատմամբ արձագանքը հենց նույն Եվրոպայում ու Ամերիկայում, որոնք համարում են, որ իրենք են ներդնում ժողովրդավարությունն ու ազատությունը ողջ աշխարհում։ Առնվազն՝ ներողամիտ ժպիտ։ Դժվար չէ պատկերացնել արձագանքը նաև այն երկրներում, որտեղ ԱՄՆ-ը և Եվրոպան արդեն «հաջողությամբ» ներդրել են իրենց ժողովրդավարական արժեքները, այն երկրներում, որոնք հանուն հենց այդ ժողովրդավարության արդեն շատ բան են զոհաբերել։ Առնվազն՝ դարձյալ ժպիտ ու ծիծաղ։ Իսկ մեր ծիծաղն ակնհայտորեն չի գալիս, հենց թեկուզ այն պատճառով, որ այդ ամենն ասում է ոչ թե պարզապես քաղաքական գործիչը, այլ խորհրդարանական հանրապետության Ազգային ժողովի մի ամբողջ նախագահ։ Համապատասխանաբար, խոսքը երկրի հեղինակության մասին է։

Թեպետ, մի կողմ թողնենք միջազգային հնարավոր արձագանքը աշխարհում ժողովրդավարության համար պայքարում «գլխավոր» դերի նկատմամբ Հայաստանի հնչեցրած հավակնությունների վերբերյալ։ Ավելի լավ է նայենք, թե կարո՞ղ ենք արդյոք մենք խաղալ ժողովրդավարական գործընթացների գոնե «զանգվածային տեսարանում»։ Ասենք ուղղակի. նայելով այդ «խաղին», ակամայից ցանկություն է առաջանում գոչել «Չե՛մ հավատում», ըստ Ստանիսլավսկու։

Ահավասիկ բոլորովին վերջերս ընտրություններ տեղի ունեցան Աբովյանում, որտեղ գործող իշխանության թիմը պարտություն կրեց։ Վարչապետը, մեկնաբանելով այդ արդյունքները, հայտարարեց, որ «հաղթեց ժողովրդավարությունը»։ ԵվԱբովյանի քաղաքապետարանում կանցկացվեն ստուգումներ, ինչպես հաղորդեց թերթերից մեկը «ժողովրդավարության հաղթանակից» բառացիորեն երկու օր անց։

Ահավասիկ տակավին վերջերս խորհրդարանում շրջանառության դրվեց օրինագիծ, որով քրեականացվում է իշխանության ներկայացուցչին հասցված վիրավորանքը։ Ըստ էության, հարցը վերաբերում է պաշտոնյաներին խոսքի ազատությունից պաշտպանելուն։ Եվ սա այն երկրում, որը հավակնում է ժողովրդավարության բաստիոնի կարգավիճակին։

Ահավասիկ վերջերս ոստիկանությունը ձերբակալեց «Ադեկվադ» կուսակցության առաջնորդ Արթուր Դանիելյանին և ձեռնաշղթայով տարավ բաժին։ Պատճառը՝ Դանիելյանը, իբր, ֆիզիկական վնասվածքներ հասցնելու սպառնալիքներ է հնչեցրել վարչապետի հասցեին։ Եվ սա տեղի ունեցավ, նկատեք, «ժողովրդավարության բաստիոնում»։

Ահավասիկ վերջերս պարզվեց, որ վերջին տարվա ընթացքում հայրենի ԶԼՄ-ների դեմ ներկայացվել է նույնքան դատական հայց (91)՝ զրպարտանքի և վիրավորանքի մեղադրանքներով, որքան 2010-2014 թվականներին։ Եվ սա նույնպես՝ «ժողովրդավարության բաստիոնում»։

Գուցե, ներկայիս իշխանության տարբերակով՝ ճնշումը մամուլի վրա, ճնշումը քաղաքական ընդդիմախոսների վրա, պատերին ծեփելն ու ասֆալտին փռելը հենց ժողովրդավարության բարձրագույն դրսևորումն է, որ կա։ Գուցե այդ հարցում էլ որոշված է կոտրել կարծրատիպերը։ Բայց եթե դա այդպես է, ապա ավելի ճիշտ կլինի չափանիշների փլուզման օջախն անվանել ոչ թե ժողովրդավարության բաստիոն, այլ կեղծ ժողովրդավարության օրրան։ Այ, այդ դեպքում դեռ կարելի է մրցակցել ԱՄՆ-ի ու Եվրոպայի հետ

Основная тема:
Теги: