ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆ… ՆԱՎԹԱՌՈՒԲԼԻՆԵՐ

Օրինակը վարակիչ չդարձավ այլ նավթաթրեյդերների համար

Վերջին շրջանի նորությունը, որը գործնականում աննկատ մնաց հայկական ԶԼՄ-ների կողմից. «Գազպրոմ նեֆտ» ռուսաստանյան ընկերությունը այս տարի սկսել է ռուբլու դիմաց նավթամթերքի մատակարարումները Հայաստան։

«Մեր պայմանագրերը թույլ են տալիս ցանկացած պահի անցնել յուանով կամ եվրոյով հաշվարկների, և մենք ծրագրում ենք արդեն ամենամոտ ժամանակներս, ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, այդ երկրների մատակարարումներում անցնել ռուբլու»,- Պետերբուրգում վերջերս կայացած միջազգային տնտեսական ֆորումի կողասրահներում լրագրողներին ասաց ընկերության ղեկավար Ալեքսանդր Դյուկովը։

Հայաստանի նավթաթրեյդերներից «Գազպրոմ նեֆթի» հետ պայմանագրային պարտավորություններ ունի միայն «Սի-Փի-Էս» (CPS) ընկերությունը, ուստի մենք կապվեցինք այդ ընկերության փոխտնօրեն Արա Հովհաննիսյանի հետ, որը հաստատեց այդ տեղեկատվությունը։ «Մենք փորձում ենք բարձրացնել մեր ընկերության մրցունակությունը և համոզել ենք մեր ռուսաստանյան գործընկերներին ռուբլու դիմաց նավթամթերքի մատակարարումների անցնելու շահավետության մեջ»,- ասաց նա։ Իսկ այն հարցին, թե որքանով են պատկառելի այդ մատակարարումների ծավալները, պատասխանեց, որ «Գազպրոմ նեֆտի» համար դրանք գուցեև այնքան էլ նշանակալի չեն, բայց մեր ներքին շուկայի համար միանգամայն շոշափելի են։

Թե որն է «Գազպրոմ նեֆտի» շահը, այնքան էլ հասկանալի չէ, քանի որ ռուսաստանյան ընկերությունները սաստիկ կարիք ունեն հենց ԱՄՆ դոլարների (ՌԴ ռուբլիներ այդ երկրում իրենք էլ կարող են տպել)։ Այլապես, ասենք, Հայաստանին մատակարարվող բնական գազի համար վճարումներում ռուբլիների անցնելու հարցը (իսկ այդ մատակարարումներն իսկապես ահռելի են մեր երկրի ծախսերի տեսանկյունից) վաղուց լուծված կլիներ։ Եվ ամերիկյան դոլարը չափազանց «դյուրաշարժ», այսինքն կտրուկ տատանումների ենթակա ռուսաստանյան ռուբլիով փոխարինելը բավական ռիսկային գործ է թվում, մանավանդ որ նավթամթերքի միջազգային առևտրում գների ամրագրումն այսպես թե այնպես կատարվում է դոլարով, այնպես որ ինչ արժույթով էլ վճարես, միևնույնն է, ամերիկյան արժույթին կապվածությունից ոչ մի տեղ չես փախչի։

Այդ տեսանկյունից «Սի-Փի-Էս»-ի նորարարությունը առանձնապես չեն կարողանում բացատրել Հայաստանի նաև մյուս նավթաթրեյդերները։ Մասնավորապես, մեր աղբյուրը «Ռոսնեֆտ-Արմենիա» ՓԲԸ-ում Ռոսնեֆտ» ՆԸ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունը), որը հանդես է գալիս որպես մեր երկրում ռուսաստանյան նավթամթերքի խոշորագույն մատակարար և որից գնում են մեր մյուս նավթաթրեյդերները, հաղորդեց «ԳԱ»-ի թղթակցին, որ իրենց մոտ վճարման կարգի մեջ ոչ մի փոփոխություն չկա և չի նախատեսվում։ Այնպես որ «Սի-Փի-Էս»-ի օրինակը վարակիչ չդարձավ մյուսների համար, իսկ, ինչպես հայտնի է, մեկ զինվորով չես մարտնչի։

Ինչևէ, նորարարությունը փոքր-ինչ նվազեցնում է ԱՄՆ դոլարի պահանջարկը Հայաստանում և, հակառակը, ստեղծում ռուսաստանյան ռուբլու լրացուցիչ պահանջարկ։ Իսկ դա մեր երկրի համար լավ է մակրոտնտեսական ֆինանսական կայունության տեսանկյունից, քանզի բազմարժութային «զամբյուղի» հաշվեկշիռը Հայաստանում դառնում է ավելի կայուն, ավելի անկախանում գերակշռող մեկ արժույթից։

Ի դեպ, շուտով «ԳԱ»-ն ընթերցողի ուշադրությանը կներկայացնի հոդվածաշար նավթամթերքի մեր ներքին շուկայի վիճակի և հեռանկարների վերաբերյալ։ Խոստանում ենք, հետաքրքիր կլինի. չէ՞ որ այդ շուկան վաղուց փակ է, և գործընթացներն այնտեղ սովորաբար ընթանում են հասարակության աչքից հեռու։

Основная тема:
Теги: