Ընդունվել է վիճակախաղերի գովազդը սահմանափակելու մասին օրենքի նախագիծը

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց հեռուստատեսությամբ և ռադիոյով հեռարձակվող վիճակախաղերի գովազդը սահմանափակելու մասին օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի «Գովազդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի նախագիծն ընդունվեց ԱԺ հունիսի 19-ի նիստում կայացած քվեարկությամբ:

Նախագծով, մասնավորապես, սահմանվում է, որ յուրաքանչյուր հեռուստահաղորդակցության ալիքով հեռարձակվող յուրաքանչյուր վիճակախաղի գովազդը`թույլատրվում է ժամը 22:00-ից մինչև 07:00-ն ընկած ժամանակահատվածում, իսկ ռադիոյով՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում, բացառությամբ՝ մանկապատանեկան հաղորդումներին նախորդող և հաջորդող մեկ ժամվա ընթացքում: Այդ ժամանակահատվածում գովազդի ընդհանուր տևողությունը, այդ թվում` գովազդային հաղորդումները և գովազդային տեղեկատվությունները վիճակախաղի կամ վիճակախաղի կազմակերպչի մասին, չի կարող գերազանցել 3 րոպեն, որը մեկ ժամվա ընթացքում կարող է հեռարձակվել երկու անգամից ոչ ավելի և ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 60 վայրկյանը:

Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում նախագծում կատարվել էին որոշակի փոփոխություններ: Մասնավորապես, արտաքին գովազդը չպետք է գերազանցի 5 քմ-ը և պետք է պարունակի միայն լոգոն:

Նախագծին կողմ քվեարկեց 114 պատգամավոր:

Основная тема:
Теги: