ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ՝ ԲՈԼԹՈՆԻ ՄՈՏ
Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման նախօրեին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն արդեն հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Էնդրյու Շոֆերի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ։ Ինչպես հաղորդում են պաշտոնական աղբյուրները, զրուցակիցները գնահատել են խաղաղ գործընթացի ներկայիս իրավիճակը, այդ թվում՝ նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համատեքստում։
Վաղը տեղի են ունենալու Մնացականյանի բանակցությունները Մամեդյարովի հետ, իսկ այնուհետ նախատեսված է նրա հանդիպումը ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի հետ։ Վերջինս բանակցություններ կանցկացնի նաև Ադրբեջանի ԱԳՆ-ի ղեկավարի հետ։
Ինքը՝ Բոլթոնը այդ սպասվող հանդիպումների առնչությամբ իր Twitter-ում գրել է, որ ԱՄՆ-ը մտադիր է խրախուսել ղարաբաղյան կարգավորման հարցով երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ «Անհամբերությամբ սպասում եմ այս շաբաթվա մեջ ավելի ուշ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ հանդիպումներին, որպեսզի խրախուսեմ նրանց միջև շարունակվող երկխոսությունը,- գրել է Բոլթոնը, հավելելով,- ԱՄՆ-ը պատրաստ է օժանդակել տարածաշրջանում խաղաղության առաջմղման գործում»։
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը կընթանա փոքր-ինչ լարված խորապատկերի վրա։ Հայտնի է, որ նախորդ օրերին սրվել է իրավիճակը շփման գծում, կորուստներ կան ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի զինծառայողների շրջանում։ Երկու կողմերը մեղադրում են միմյանց, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ները արել են համապատասխան հայտարարություններ։ Ըստ երևույթին, սահմանի և շփման գծի վրա տեղի ունեցող միջադեպերը «թեժ գծով» քննարկելու վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների պայմանավորվածությունները որևէ դրական արդյունքի չեն հանգեցնում։ Հիշեցնենք, մասնավորապես, որ Նիկոլ Փաշինյանը, Սանկտ Պետերբուրգում պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, ասաց, որ հայկական կողմը ադրբեջանականին տրամադրել է բոլոր նյութերը, որոնք վկայում են, որ ադրբեջանցի զինծառայողը սպանվել է բնավ ոչ հայկական կողմից արձակված կրակոցից, սակայն, դատելով ադրբեջանական մամուլի հետագա հրապարակումներից և ադրբեջանցի զինվորականների գործողություններից, ՀՀ վարչապետի փաստարկները Բաքվում չեն ընկալել։
Մնացականյանի և Մամեդյարովի միջև բանակցությունների նախօրեին ստեղծված խորապատկերին ավելացնենք Ադրբեջանի ԶՈՒ-ի հաճախակի դարձած զորավարժությունները, այդ թվում՝ թուրքական կողմի հետ համատեղ։ Դե, իսկ օրերս Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը բացահայտ հայտարարեց, որ նոր պատերազմ սանձազերծել Ադրբեջանին ներկայումս թույլ չի տալիս միմիայն միջազգային իրավիճակը… Հասանովը չի խորամանկում, ոչ մեկի համար առանձնակի գաղտնիք չէ, որ Բաքուն միայն հարմար պահի է սպասում, որպեսզի նոր ագրեսիա ձեռնարկի Արցախի դեմ։
Հնարավոր է, որ Վաշինգտոնում կայանալիք բանակցությունները, որոնք ակնհայտորեն դեռ հեռու են ինչ-որ կոնկրետ պայմանավորվածությունների մակարդակ ելնելուց, կարող են այդուհանդերձ նպաստել ընդհանուր լարված մթնոլորտի որոշակի մեղմացմանը, եթե Բոլթոնն իսկապես պատրաստ է ջանքեր գործադրել այդ ուղղությամբ։ Բայց պետք չէ մոռանալ, որ խոսքը նույն այն Բոլթոնի մասին է, որն անցած տարի Երևան կատարած իր այցի ժամանակ համառորեն խորհուրդ էր տալիս նոր իշխանություններին «դեն նետել հին կարծրատիպերը»։ Դա հիշելը կարևոր է, քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կամ դրա շուրջ ընթացող լարված զարգացումների թուլացումը ամենևին էլ ինքնանպատակ չեն ԱՄՆ-ի համար։
Ղարաբաղյան հակամարտության հարցում Վաշինգտոնի համար գլխավորը, համենայն դեպս՝ այսօր, դա օգտագործելն է որպես տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու, դե, և համապատասխանաբար Հայաստանում ու Ադրբեջանում իր ազդեցության մակարդակը բարձրացնելու գործիք։ Ըստ էության, Հայաստանում Նիկոլ Փաշինյանի թիմի իշխանության գալուց հետո Վաշինգտոնի դիրքերը հանրապետությունում արդեն տեսանելիորեն ուժեղացել են։ Բայց ամերիկացիները բացահայտորեն ավելին են ակնկալում։
Հարցն այն է, թե ինչ եզրակացության կհանգեն ամերիկացիները։ Կվորոշե՞ն արդյոք, որ ավելի մեծ առանձնաշնորհներ ստանալու համար պետք է սատարել Փաշինյանի կառավարությանը, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանում գործող ստատուս քվոն պահպանելու ճանապարհով։ Թե՞ Սպիտակ տան փորձագետները կեզրակացնեն, որ ավելի մեծ առաջընթաց կարելի է ակնկալել որոշակի ահագնացման դեպքում, որպեսզի Երևանը է՛լ ավելի մեծ չափով գնահատի այն աջակցությունը, որ իրեն կարող է ցուցաբերել համաշխարհային առաջատար տերությունը։ Այդ դեպքում Վաշինգտոնը դժվար թե սահմանափակի իրեն մեթոդների հարցում. այդպես եղել է, կա և, պետք է ենթադրել, կլինի դեռ բավական երկար ժամանակ։