ԻՍԿ ՀԻՄԱ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՉԻ ՀԻՇՈՒՄ
«Չեմ հիշում, որ ԼՂ հարցի կարգավորման մասով լավատեսական տրամադրություն հաղորդած լինեմ, քանի որ, հակառակը, ես միշտ ասել եմ՝ չպետք է մոռանալ, որ պատերազմն ավարտված չէ»,- հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանում պատասխանելով պատգամավորների հարցերին, նշելով նաև, որ Ադրբեջանը փորձում է դուրս բերել ղարաբաղյան հակամարտության կարգավորումը բանակցային գործընթացի կառուցողական հունից։ «Այս գործիքն Ադրբեջանը երկար ժամանակ է կիրառում, իսկ Հայաստանը պետք է դիմակայի դրան՝ նաև Զինված ուժերի պատրաստվածության մակարդակը բարձրացնելով »,-ասաց վարչապետը։
Փաշինյանը չի հիշում… Իսկ մենք հիշում ենք։ Հիշում ենք, թե ինչպես Վիեննայում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման համատեքստում ՀՀ վարչապետն ընդգծեց, թե որքան կարևոր է, որ Իլհամ Ալիևի հետ իրենք խոսում ու ամեն ինչ քննարկում են «ուղիղ, անկեղծ և առանց թակարդների»։ Եվ այդպիսի խոսակցությունը պետք է շարունակվի, քանզի դրա համար կան բոլոր նախադրյալները։ Հիշում ենք, թե ինչպես, այս տարվա ապրիլին ելույթ ունենալով ԵԽԽՎ-ում, Փաշինյանը դարձյալ ընդգծեց Ադրբեջանի առաջնորդի հետ կառուցողական ու դրական երկխոսության փաստը, ընդ որում հայտարարելով, թե պետք է խաղաղության նախապատրաստել հանրությանը։ Եվ որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար։ Ճիշտ է, չբացեց փակագիծը, թե ինչպես է դա հնարավոր։
Հիշում ենք նաև, թե ինչպես Ստեփանակերտում Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում Նիկոլ Փաշինյանը համոզմունք արտահայտեց, թե «Ադրբեջանի ժողովուրդը խաղաղասեր է նույնքան, որքան Հայաստանի և Արցախի ժողովուրդը»։ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը է՛լ ավելի հեռուն գնաց և, Մոսկվայում ներկայացնելով իր նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» ծրագիրը (որը հետագայում ոչ այն է դադարեցվեց, ոչ այն է խայտառակ կերպով տապալվեց), իր խոսքի մեջ հաջողացրեց միտք արտահայտել, թե «կարևոր չէ, թե ինչպես է ծագել այս հակամարտությունը», իսկ հետո, ասես դա քիչ էր, ընդհանրապես անցավ բոլոր սահմանները, հայտարարելով, թե Հայրենիքի, Արցախի համար կյանքը զոհաբերած մեր զինվորները «զոհվել են հանուն ոչնչի»։
Ընդ որում վեարոնշյալ ամենի խորապատկերին հայ հասարակությանը սկսեցին եռանդագին ու ձեռքի տակ եղած բոլոր միջոցներով «նախապատրաստել խաղաղության». միակողմանի կարգով, իհարկե։ Երևանում կազմակերպեցին «Միասին հնարավոր է» ֆոտոցուցահանդեսը, որը կոչված էր ցույց տալու հայ (և միայն հայ) լսարանին, թե որքան համերաշխ են, ինչպես պարզվում է, ապրում միասին հայերն ու ադրբեջանցիները՝ միավորված մշակութային ընդհանրությամբ ու ավանդույթներով։ Եվ ստիպելու հայ դիտողին «սթափեցնող հայացք նետել հակամարտության մարդկային տեսանկյունին»։
Հայաստանում «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» նախաձեռնությամբ իրականացվող Letters For Peace Workshop ծրագրի շրջանակներում հայ երիտասարդությունը գրանտակեր խնամարկուների թելադրանքով ոգևորված սկսեց «խաղաղության նամակներ» գրոտել իր ադրբեջանցի հասակակիցներին՝ «մենք պետք է նստենք մի սեղանի շուրջ, բայց խոսենք ոչ թե փաստաթղթերի մակարդակով, այլ ուշադրության առնելով ադրբեջանցի ժողովրդի զգացմունքները» և «տեղի ունեցող ամենը կատարվում է կառավարությունների մեղքով…» ոգով։ Հետաքրքիր է, ի՞նչ էին զգում հինգերորդ շարասյան դերի համար վարձված այդ պատանիներն ու աղջիկները՝ ադրբեջանական կողմից միանգամայն կանխատեսելի պատասխաններ ստանալով «Ղարաբաղի բռնազավթման», «պատերազմի ժամանակ հազարավոր անմեղ ադրբեջանցիների մահվան» մասին և այլն։ Թե՞ արդեն չեն հիշում։
Բայց գլխավորը, այդ ամենը տեղի էր ունենում Ադրբեջանի ղեկավարության և անձամբ Իլհամ Ալիևի կողմից մի պահ անգամ չդադարող ագրեսիվ հռետորաբանության իրավիճակում (որի հետ, Նիկոլ Փաշինյանի հավաստմամբ, ընթանում էին այդչափ «անկեղծ, առանց թակարդների» զրույցներ), Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից Հայաստանի Տավուշի մարզի դիրքերի գնդակոծման, իրար հետևից անցկացվող ադրբեջանական և թուրք-ադրբեջանական խոշորամասշտաբ զորավարժությունների, շփման գծում ադրբեջանական ուժերի աննախադեպ ակտիվացման, ինչի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն օրերս հայտարարեց, թե իբր՝ եթե պատերազմի անմիջական սպառնալիք լինի, ապա ինքը տեղնուտեղը կհաղորդի այդ մասին։ Մի խոսքով, այն, որ «Ադրբեջանը փորձում է դուրս բերել հարցի կարգավորումըբանակցային գործընթացի կառուցողական հունից», ամենևին էլ անակնկալ չէ։ Եվ եթե վարչապետը չի տեսել կամ չի ցանկացել տեսնել իրողությունները, ապա «այստեղով հիշում եմ, այնտեղով չեմ հիշում» պատճառաբանությունը, իհարկե, մյուսներից ոչ վատն է, ոչ էլ լավը։
Ընդ որում Փաշինյանը հայտարարում է, թե մեր դիվանագիտական ջանքերը որոշ ուղղություններով չափազանց արդյունավետ են եղել։ Հետաքրքիր է՝ ո՞ր։ Գոնե դա կարելի՞ է հիշել ու ճշտել։