ՓԱԽՈՒՍՏ «ԼԱՎ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ» ՈՒՆԵՑՈՂ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԻՑ

Դրամական փոխանցումները Հայաստանից այլ երկրներ 2019 թվականի հունվար-ապրիլին կազմել են 396,9 մլն դոլար, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 8%-ով, հաղորդում է ԱՌԿԱ-ն։

Ինչպես վկայում են Կենտրոնական բանկի տվյալները, հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի բանկային համակարգի միջոցով միայն ՌԴ փոխանցվել է 153,7 մլն դոլար։ 2018 թվականի հունվար-ապրիլի համեմատ, հանրապետության ֆիզիկական անձինք ՌԴ են փոխանցել 21,8 մլն դոլարով (կամ 16,6%-ով) ավելի շատ դրամական միջոցներ։ Ընթացիկ տարվա չորս ամիսների ընթացքում Հայաստանից ԱՄՆ է փոխանցվել 74,5 մլն դոլար (աճ՝ 15,5%-ով)։ Միաժամանակ Հայաստան փոխանցված գումարները հաշվետու ժամանակահատվածում աճել են 10,7%-ով, կազմելով 535,7 մլն դոլար։ Ընդ որում հանրապետություն մտած տրանսֆերտներից մոտ 272,7 մլն դոլարը ստացվել է ՌԴ-ից (աճ՝ 0,65%-ով)։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. թե ինչու է գնալով ավելի շատ փող դուրս լողում Հայաստանից, որտեղ արձանագրվում է, կառավարության ղեկավարի խոսքերով, տնտեսության ու տնտեսական ակտիվության լուրջ աճ, կռահելը դժվար չէ։ Կապիտալի արտահոսքի ծավալի աճը վկայում է առնվազն այն մասին, որ մեզ մոտ հարմարավետ չէ այդ փողերի համար, որքան էլ իշխանությունը ջանա հակառակը համոզել իրեն և հասարակությանը։ Եվ իսկապես, ինչո՞ւ պիտի մասնավոր ֆինանսական կապիտալը մնա մի երկրում, որտեղ շուրջբոլորը համատարած ռիսկեր են այդ առումով։ Մերթ կառավարությունը սպառնում է տնտեսական հեղափոխություն ձեռնարկել, մերթ հեղափոխություն սկսում դատական համակարգում։ Մերթ նա հայտարարում է արմատախիլ արված կոռուպցիայի մասին, մերթ մեկը մյուսի հետևից բռնկվում են կոռուպցիոն սկանդալներ, որոնց մասնակիցները նոր իշխանության ներկայացուցիչներն են։ Մերթ հայ հասարակությանը մտադրվում են խաղաղության նախապատրաստել ագրեսիվ հարևանի հետ, մերթ իրավիճակն առաջնագծում սրվում էՓողերն առհասարակ կայունություն ու հանգստություն են սիրում, մինչդեռ Հայաստանում դրանք մշտապես բախվում են իշխանության տրամադրությունների վայրիվերումներին, հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական կյանքի տուրբուլենտությանը։ Եվ բնավ զարմանալի չէ, որ նման ցնցումների խորապատկերին գնալով ավելանում է նրանց թիվը, ովքեր նախընտրում են փոխանցել իրենց փողերն արտասահման։ Լինի դա Ռուսաստան, թե ԱՄՆ։

Ընդ որում պարզ է, որ կապիտալի արտահոսքի առումով բացասական միտումները միայն կխորանան։ Քանի որ այդ արտահոսքին նպաստող գործոնների թիվը գնալով ավելի է աճում։ Ինչ ասես արժե առանց մեղադրական եզրակացության գույքի բռնագրավման ինստիտուտի և մեղավորության կանխավարկածի սկզբունքի ներդրումը։ Այդպիսի մեխանիզմների գործարկումով կարելի է խրտնեցնել նույնիսկ ստերիլ մաքրության կապիտալին, չենք խոսում արդեն կասկածելի ծագումով փողերի մասին։

Ընթացիկ տարվա փետրվարին Հայաստանի ԿԲ-ն հրապարակեց տվյալները անցած տարվա տրանսֆերտների մասով։ Հայաստանից միջոցների փոխանցման ցուցանիշը բառացիորեն ռեկորդային գտնվեց. 1մլրդ 188 մլն դոլար։ Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ այս տարի անցած տարվա ռեկորդը կգերազանցվի։ Արդեն այսօր, առաջին ամիսների արդյունքներով, Հայաստանից դուրս բերված կապիտալի գումարը հասնում է գրեթե 400 միլիոնի։ Թե ինչ կլինի տարեվերջին, դժվար չէ կանխատեսել։

Վերջին օրերին վարչապետը պարբերաբար խոսում է հետհեղափոխական Հայաստանի տնտեսական հաջողությունների մասին, վկայակոչելով երկու ցուցանիշ. ՀՆԱ-ի աճը 7,1%-ով և տնտեսական ակտիվության աճը 9,2%-ով։ Մատնանշելով հատկապես և միայն այդ չափորոշիչները, Նիկոլ Փաշինյանը համարում է, թե երկրի տնտեսությունը ներկայումս «լավ տրամադրություն» ունի։ Ընդհանուր առմամբ դա վարչապետի անձնական գործն է. ընտրել, թե որ չափորոշիչներն օգտագործել ու շահարկել, իսկ որոնք՝ անտեսել, ջանալով քացրահամ ներկայացնել իր և իր թիմի գործունեության պտուղները։ Սակայն իրականությունը դրանից չի փոխվում։ Վարչապետը կարող է ինչքան ասես խոսել տնտեսության լավ տրամադրության մասին, բայց նույն այդ տնտեսությունից անցած տարի դուրս բերված ավելի քան 1,1 միլիարդը, իսկ 2019-ին՝ ևս 400 միլիոնը ակնհայտորեն փչացնում են դրա տրամադրությունը։ Եթե, իհարկե, տնտեսությունը հարբած կամ «ուռած» չէ և չի նկատում այդպիսի կորուստները

Основная тема:
Теги: