Մնացականյանը նշել է ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման բանալին

Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման և տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման բանալին Արցախի ժողովրդի մարդկային անվտանգության և իրավունքների ճանաչումն է: Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, հանդես գալով ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 41-րդ նստաշրջանի բարձր մակարդակով հանդիպմանը:

Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Մարդու իրավունքները համընդհանուր են, դրանք հավասարապես կիրառելի են բոլորի համար՝ առանց որևէ խտրականության։ Այս սկզբունքներն ընկած են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և ՄԱԿ-ի կանոնդրության հիմքում։

Ըստ նրա, այս հիմնարար փաստաթղթերը պարզորոշ կերպով սահմանում են, որ հարգանքը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ, դրանց պաշտպանությունն ու խթանումը բոլորի համար են՝ առանց խտրականության՝ անկախ որևէ հանգամանքից:

Հետևաբար, այն սահմանափակումները, որոնք մարդու իրավունքների միջազգային մեխանիզմների ընձեռած հնարավորություններից օգտվելու առումով կիրառվում են հակամարտության տարածքներում բնակվող մարդկանց նկատմամբ, հակասում են մարդու միջազգային իրավունքների տառին և ոգուն։

«Սա ինքնին մարդու իրավունքների խախտում է, ինչը սրում է հակամարտությունները և խոչընդոտում խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը։ Արցախը` մարդիկ են, 150 հազար անհատներ՝ իրենց արժանապատվությամբ, պատասխանատվությամբ և իրավունքներով։ Ինչպես մնացած բոլորը, նրանք նույնպես իրավունք ունեն ազատորեն օգտվել իրենց բոլոր անօտարելի իրավունքներից, ներառյալ՝ ինքնորոշման իրավունքից, սեփական քաղաքական կարգավիճակն ազատորեն որոշելու և իրենց տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը հետամուտ լինելու իրավունքից։ Նրանց պարագայում կյանքի իրավունքն առավելապես վտանգված է, քանի որ առկա է Արցախի բնակչության կենսական ֆիզիկական անվտանգության հանդեպ ծանրակշիռ սպառնալիքը», - ասել ` Մնացականյանը:

Նա նշել է, որ հակամարտության հիմնական պատճառներն են 1990-ականների սկզբին մարդկային անվտանգության դեմ իրագործված հարձակումը, 2016 թ.-ին Արցախի դեմ կրկնված ագրեսիան, հայերին սպանելու համար սառնասիրտ մարդասպանների շարունակական փառաբանումը՝ զուգորդված պետական հովանավորչությամբ իրականացվող հակահայկական քարոզչությամբ և այլատյացությամբ:

«Կոնֆլիկտի հանգուցալուծման և տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման բանալին Արցախի ժողովրդի մարդկային անվտանգության և իրավունքների ճանաչումն է», - հայտարարել է Մնացականյանը:

Ըստ նրա, ժողովրդի իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն ուղղված Արցախի ջանքերն արժանի են ճանաչման: «Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի դրույթների իրագործման վերաբերյալ անդրանիկ պարբերական զեկույց նախապատրաստելու և ներկայացնելու Արցախի կամավոր նախաձեռնությունը ողջունելի է։ Այն իրենից ներկայացնում է ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների՝ միջազգային իրավունքի նորմերին և չափանիշներին համապատասխան, մարդու իրավունքները հարգման և խթանման վրա հիմնված հասարակության ստեղծման ճանապարհին արձանագրած ձեռքբերումների հանգամանալից հաշվետվություն», - ասել է նա, տեղեկացնում է arka.am:

Основная тема:
Теги: