ԵՄ. Պայքարը կոռուպցիայի դեմ և վեթինգը պետք է համապատասխանեն օրենքներին և կանոններին

ԵՄ-ն աջակցում է Հայաստանում բարեփոխումների գործընթացին և շփումներ ունի ինչպես իշխանությունների, այնպես էլ քաղաքացիական հասարակության հետ: Երևանում անցումային արդարադատության համատեքստում ռեպրեսիաների զոհերի իրավունքների թեմայով քննարկմանն այս մասին ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնսալո Սերանոն: Քննարկումները կազմակերպվել են ԵՄ և Բաց հասարակության կողմից ֆինանսավորվող երկու ծրագրերի շրջանակում, տեղեկացնում է News.am:

ԵՄ ներկայացուցիչը հիշեցրեց, որ Բրյուսելում մի քանի շաբաթ առաջ Համապարփակ և ընդլայնված համագործակցության մասին համաձայնագրի շրջանակում կայացավ բարձր մակարդակի հանդիպում: Համաձայնագրի շրջանակում նախատեսված են նաև տարբեր ոլորտներում կյանքի ստանդարտների բարելավմանն ուղղված բարեփոխումներ: Տվյալ փաստաթղթի 4-րդ և 2-րդ հոդվածները վերաբերում են օրենքի գերակայությանը:

«Ակնհայտ է, որ այդ հարցով ակտիվ քննարկումներ են անցկացվում և դրանք շատ կարևոր են դատական համակարգի բարեփոխումների և դատավորների վեթինգի տեսանկյունից:

Փորձում ենք աջակցել գործընթացին և երկխոսություն ենք հաստատում ինչպես իշխանությունների, այնպես էլ քաղաքացիական հասարակության հետ:

Շատ կարևոր ուղերձ. ԵՄ-ն աջակցում է գործընթացին և միաժամանակ ընդգծում, որ բոլոր գործընթացները՝ ինչպես կոռուպցիայի դեմ պայքարը, այնպես էլ վեթինգը, պետք է համապատասխանեն հանրապետության միջազգային պարտավորություններին և օրենքներին:

Նույնը վերաբերում է մարդու իրավունքների հարցին: Անընդունելի են այն բարեփոխումները, որոնց ժամանակ կարող են ոտնահարվել մարդու իրավունքները», - ընդգծեց ԵՄ ներկայացուցիչը, հավելելով, որ «մենք ուշադիր լսում ենք մտահոգությունը և դա շատ կարևոր է մեզ համար կարծիք կազմելու հարցում»: