ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ Է ԼՌՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԸ

Երկրի ամենաբարձր ամբիոնից հնչում են հայտարարություններ, որոնք ոտնահարում են ՍԴ նախագահի իրավունքները, իսկ նախագահ Արմեն Սարգսյանը, որը, համաձայն 123 հոդվածի 2-րդ կետի, պարտավոր է հետևել Սահմանադրության պահպանմանը, լռում է, ասես այդպես էլ պետք է լինի։ Տպավորություն է ստեղծվում, թե նախագահը ինչ-որ պատճառներով որոշել է չմիջամտել իր իսկ գործերին։

Երբ Փաշինյանը կոչ արեց արգելափակել դատարանների շենքերը և անձամբ մասնակցեց ակցիաներից մեկին, նախագահը սահմանափակվեց ոչինչ չնշանակող հայտարարությամբ։ Համաձայն հիշատակված հոդվածի 3-րդ կետի, «Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով»։ Ներեցեք, ինչ-որ չի երևում

Նախագահը լռում է ի պատասխան «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանի կշտամբանքի՝ այն առիթով, որ չունի Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու ժամկետները հաստատող փաստաթուղթ։ Նա լռեց նաև Վահե Գրիգորյանի կշտամբանքից հետո, որը նախագահին հայտարարեց ոչ լեգիտիմ։ Ճիշտ է, այդ ժամանակ Սարգսյանն այնուամենայնիվ բարեհաճեց բացատրել, որ առաջադրել է նրա թեկնածությունը, որպեսզի չձգձգի գործընթացը, իմանալով խորհրդարանական մեծամասնության տրամադրությունների մասին։ Հանուն դրա արժե՞ր գնալ օրենքի բացահայտ խախտման, որը ՍԴ դատավորի պաշտոնում թեկնածության մերժման դեպքում նախատեսում է ՆՈՐ թեկնածուի առաջադրում։ Այն մասին, որ Գրիգորյանը չէր կարող համարվել նոր թեկնածու՝ երկրորդ անգամ առաջադրվելուց հետո, միաձայն հայտարարեցին բոլոր անվանի իրավաբանները։ Սարգսյանը կրկին լռեց։

Նախագահը լռեց 2018թ. հոկտեմբերի 2-ին, երբ գործադիր իշխանության ղեկավարը կոչ արեց պաշարել խորհրդարանը, իսկ այնուհետ նա իրեն թույլ չտվեց ստորագրել խորհրդարանի կանոնակարգում շտկումներ նախատեսող բացարձակ անվնաս օրենքը և փաստաթուղթն ուղարկեց ՍԴ, որտեղից, ինչպեսև պետք էր սպասել, եկավ որոշումը ՀՀ Սահմանադրությանը խորհրդարանի ընդունած օրենքի համապատասխանության մասին։ Նախագահն անտեսեց ոչ միայն «տխմարագույն ճառերի» վերաբերյալ Գրիգորյանի մակդիրները, այլև բազմիցս հնչած մեղադրանքները, թե նախագահի պաշտոնում լուծում է իր անձնական խնդիրները, օգտագործելով համաշխարհային խաղացողների ակումբ իր ելումուտի հնարավորությունը։

Նա լռեց նաև «Ազգային անվտանգություն» կուսակցության առաջնորդ Գառնիկ Իսագուլյանի այն հրապարակային հայտարարությունից հետո, թե «արժե, որ Վազգեն Սարգսյանը մի անգամ էլ ապտակեր, ու թող նորից գնա իր Անգլիան»։ Հիշեցնեմ, որ մինչ նախագահի պաշտոնում ընտրվելը Արմեն Սարգսյանը հավաստիացնում էր, թե ոչ մի ապտակ չի եղել

Նախագահի լռությունը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել. ոմանք արդեն հայտարարել են, թե իբր՝ Սարգսյանը լռում է այն պատճառով, որ Փաշինյանը նրա դեմ կոմպրոմատ ունի և դա կապված է դարձյալ Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու նույն չարաբաստիկ փաստաթղթի հետ։ Մյուսները նախագահի լռությունը բացատրում են մեծամտությամբ ու քննադատության հետ հաշվի նստելու ցանկության բացակայությամբ։ Սարգսյանը գիտի, որ քանի դեռ իր քաղաքական պահվածքը գոհացնում է վարչապետին, ինքը լիակատար անվտանգության մեջ է, բայց իրավիճակը կարող է փոխվել օրեցօր։

Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը որոշի վերադառնալ նախագահի պաշտոնին, ապա Սարգսյանը շատ շուտով կհայտնվի այնտեղ, որտեղից ժամանել է, այսինքն՝ մառախլապատ Ալբիոնում։ Գուցե այդժամ նա զղջա, որ լինելով նախագահի պաշտոնում, չասաց ամենագլխավորը. չէ՞ որ լռությունը բնավ ոչ միշտ է ոսկի, իսկ լռել, տեսնելով այն ամենը, ինչ այսօր կատարվում է երկրում, առհասարակ հավասարազոր է սեփական ժողովրդի և ժողովրդավարության դեմ հանցագործության։

Հենց որ նախագահի հասցեին քննադատությամբ հանդես գան խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները, կարելի է թեթև սրտով եզրակացնել, որ Լևոն Հակոբիչը հասունացել է և որոշել կրկին նստել նախագահի աթոռին։ Մի շարք նախանշաններով կարելի է ենթադրել, որ այդ օրը սարերի հետևում չէ, իսկ Գրիգորյանի արտահայտությունները լոկ առաջին զանգն էին։

Основная тема:
Теги: