ԱՆՎՍՏԱՀԵԼԻՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐ

Սահմանադրական իրավունքի գծով մասնագետ Վարդան Այվազյանը հրապարակավ կարծիք է հայտնել, թե այն իրավագետները, որոնք վարչապետի կոչը և դատարանների արգելափակումը որակել են որպես Սահմանադրության խախտում, իշխանությունների համար անմիջապես դարձել են անվստահելի անձինք, ի տարբերություն, օրինակ, Վահե Գրիգորյանի, որը հայտարարեց, թե դատարանների շրջափակումն ամենևին էլ օրենքի խախտում չէ։ Բայց անվստահելիների բացահայտման մասով իրավագետները ընդամենը 2-րդ տեղում են, իսկ առաջին հորիզոնականն ավանդաբար զբաղեցնում են լրագրողները։

Խոսքի ազատության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն արդեն բազմիցս հանդես են եկել համապատասխան նախազգուշացումներով առ այն, որ իշխանությունների կողմից հնարավոր են ճնշումներ առանձին հեռուստաալիքների և տպագիր հրատարակությունների վրա։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների, Փաշինյանը Արթուր Վանեցյանի գերատեսչությանը հանձնարարել է ստուգումներ անցկացնել՝ պարզելու համար խմբագիրների և լրագրողների կապերը ՀՀԿ-ի ներկայացուցիչների և երկրորդ նախագահի շրջապատի հետ։ Այդ ստուգումների արդյունքներով Ազգային անվտանգության ծառայությունը պետք է կարճագույն ժամկետում նախապատրաստի անվստահելի պարբերականների, խմբագիրների և լրագրողների ցուցակները։

Հիշեցնեմ այդ առնչությամբ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե ՀՀ բոլոր պարբերականները սպասարկում են նախկին իշխանությունների շահերը, իսկ ներկայիս իշխանությունները նման պարբերական չունեն։ Գործընկերներիս մեծամասնության վկայությամբ, այդ պնդումը սուտ է, որովհետև վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթը իշխանության ոչ պաշտոնական խոսափողն ու քարոզիչն է, էլ չենք խոսում Հանրային հեռուստաընկերության մասին

Ի դեպ, ընդդիմադիր պարբերականներից մեկը օրերս տեղեկություններ հրապարակեց այն մասին, որ վարչապետի և նրա մերձավորագույն շրջապատի համար անվստահելիության չափորոշիչը վերաբերմունքն է Տեր-Պետրոսյանի անձի նկատմամբ։ Պարբերականը հաղորդեց, որ հենց նախկին նախագահի և ՀԱԿ-ի առաջնորդի անձի հանդեպ լոյալության սկզբունքով է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը վերջերս կայացած 5-րդ համաժողովում

Ասեմ ավելին. անվստահելիների ցուցակներում կարող են հայտնվել Արցախյան առաջին ազատամարտի բոլոր մասնակիցները, որոնք կարող են խոչընդոտել Արցախի նկատմամբ Տեր-Պետրոսյանի պարտվողական քաղաքականության վերածնմանը։ Պատահական չէ, որ Արցախյան պատերազմի վետերաններին միավորող «Երկրապահ» միությունն այսօր գլխավորում է Սասուն Միքայելյանը, որը հայտարարեց, թե Նիկոլի հեղափոխությունը ժողովրդի համար ավելի կարևոր է, քան հաղթանակը Արցախի ազատագրման պատերազմում։

Ի հակակշիռ անվստահելիների, իշխանությունը մեր երկրում գնալով ավելի ակտիվորեն կհենվի նրանց վրա, ում համարում է ամենահուսալի համակազմ։ Խոսքը սեռական փոքրամասնությունների, գրանտակերների, ադրբեջանական դրոշի խորապատկերին լուսանկարվելու սիրահարների և բոլոր նրանց մասին է, ովքեր պատրաստ են վաճառել Հայրենիքը՝ մեծածախ ու մանրածախ։

Основная тема:
Теги: