ԲԱՔՈՒՆ ԻՐԵՆ ԹՈՒՅԼ Է ՏԱԼԻՍ ՎԱՐՔԻ ԿԱՆՈՆՆԵՐ ԹԵԼԱԴՐԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԳՆ-ԻՆ ԵՎ ԴԵՍՊԱՆԻ՞Ն

Պատիվ չունեմ անձամբ ծանոթ լինելու Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, բայց ցանկություն է առաջանում կարեկցանք և աջակցություն արտահայտել նրան։ Չէր հասցրել մարել հայկական իշխանությունների որոշ ներկայացուցիչների դժգոհության առաջացրած աղմուկը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ նրա հանդիպման առթիվ, որից հետո դիվանագետին հրավիրեցին Հայաստանի ԱԳՆ (համենայն դեպս այդ մասին հաղորդեց արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նախագահը), երբ նա կրկին հայտնվեց ուշադրության կենտրոնում։ Այս անգամ՝ Ադրբեջանում, որտեղ ԱԳՆ կանչեցին նրա գործընկերոջը, իսկ մամուլում սկսվեց Սերգեյ Կոպիրկինի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության իսկական հալածանք՝ Բաքվի քարոզչական մեքենայի բարքերին ու պահվածքին բնորոշ բոլոր առանձնահատկություններով։

Ուրեմն ի՞նչը հարուցեց ալիևյան ռեժիմի զայրույթը, որն իր սպասավորներին «քսի տվեց» դիվանագետի վրա, որի բարձր պրոֆեսիոնալ հատկանիշների վերաբերյալ Հայաստանում հասցրել են համոզվել այդ պաշտոնում նրա աշխատանքի մեկ տարուց քիչ ավելի ժամանակահատվածում։ Պատճառը նույնն էր. հանդիպումը։ Բայց արդեն «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի կազմկոմիտեի ներկայացուցիչներ Դավիթ Շահնազարյանի, Արմեն Ռուստամյանի և Գեղամ Նազարյանի հետ։ Բաքվում զայրացան այն աստիճան, որ այդ երկրում ՌԴ-ի դեսպանից պահանջեցին «պարզաբանել տեղեկատվությունը»։ Ադրբեջանում առանձնակի հիասթափություն առաջացրեց Ռուսաստանի «ապերախտությունը», որը չգնահատեց Պետդումայի պատվիրակության ԵԽԽՎ վերադարձի օգտին քվեարկած միլլի մեջլիսի պատվիրակության մեծահոգի քայլը։ Պետք է համարել, որ Բաքվում ցանկացած երկրի հետ երկկողմ հարաբերությունները գնահատում են բացառապես «դու՝ ինձ, ես՝ քեզ» սկզբունքով։

Դեսպանի գործողություններից առանձնակի բորբոքվեցին Ռուսաստանի հանդեպ իր մոլի ատելությամբ հայտնի ադրբեջանական մինվալ.ազ կայքի աշխատողները։ «Ռուսաստանյան «շնորհակալություն»՝ հայկական առոգանությամբ» հոդվածում ՀՀ-ում ՌԴ դեսպանությանը հիշեցրին իրենց բոլոր թաքցված ոխերը։ Օրինակ, թե ինչպես 2016 թվականի դեկտեմբերին օդային աղետում հասարակական նշանավոր գործիչ Ելիզավետա Գլինկայի զոհվելուց հետո դեսպանությունն իր կայքում հրապարակեց այն պատմությունը, թե ինչպես է դոկտոր Լիզան տարբեր ժամանակաշրջաններում, այդ թվում Ղարաբաղյան պատերազմի ժամանակ և 2016-ի ապրիլին կյանքեր փրկել Արցախում, հիմնականում՝ երեխաների։ Անզոր կատաղությունն այն աստիճան է խեղդում հեղինակին, որ նա չի ընդունում Արցախի ժողովրդի նկատմամբ բարեգործության միտքն անգամ, տանջվելով նորմալ մարդու համար տարօրինակ հարցից. ինչո՞ւ Ռուսաստանի քաղաքացու լուսավոր հիշատակին նվիրված պատմությունը հրապարակվեց հենց ՌԴ դեսպանության կայքում։ Եվ գնահատելով տվյալ փաստը որպես «ռուսաստանյան դիվանագետների անհարգալից վերաբերմունք Ադրբեջանի սահմանների նկատմամբ»…

Իրականության ակնհայտ հիվանդագին ընկալումը հեղինակին ստիպում է մազոխիստական մանրախնդրությամբ մտաբերել նաև այլ համազգային վիրավորանքներ։ Օրինակ, Մոսկվայում տոնական նույն սեղանի շուրջ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովի և Արցախի նախագահ Բակո Սահակյանի ներկայությունը։ Մինվալ.ազ-ի կարծիքով, նրանց վայել չէ նույն տարածքում «երևալ անջատողականների առաջնորդի հետ»։ Լրագրողուհու օձային ֆշշոցը ուղղվեց նաև ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևի դեմ, որին, համաձայն Բաքվի քաղաքական շարիաթի, նույնպես «վայել չէ» նույն դահլիճում գտնվել Արցախի էկոնոմիկայի նախարար Լևոն Գրիգորյանի հետ։

«Եվ այժմ ահա՝ նոր վրդովեցուցիչ սադրանք»,- դառնացած արձանագրում է ադրբեջանական կայքը, գնահատելով հայ քաղաքական գործիչների հետ Սերգեյ Կոպիրկինի հանդիպումը որպես, ոչ ավելի ոչ պակաս, «Հայաստանում ՌԴ դեսպանի բացահայտ ոտնձգություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության դեմ»։ Դժվար է զսպել հարց տալու ցանկությունը. ի՞նչ արժեք ունի «անխախտելությունը», որը կարող է սասանվել ընդամենը Երևանում մի քանի մարդկանց հանդիպումից։

Իրենց «ամբողջականության» վրա սևեռված, սեփական քարոզչության կաղապարների մեջ հիմնավորապես լռված գրչակների մառազմատիկ հեծեծանքները կարելի էր անտեսել, եթե չլիներ մի կրկնվող հանգամանք։ Ըստ էության, Բաքվում փորձում են տվյալ դեպքում ռուսաստանյան ԱԳՆ-ին պարտադրել վարքի սեփական կանոնները և թելադրել ՌԴ դեսպանին, թե ում հետ նա պետք է հանդիպի Երևանում, իսկ ում հետ՝ ոչ։ Հասկանալի է, և դա խոստովանում է ինքը՝ հեղինակը, որ ցանակացած դեսպան աշխարհի ցանկացած երկրում առաջնորդվում է բացառապես իր Արտաքին գործերի նախարարության քաղաքականությամբ։ Եվ Սերգեյ Կոպիրկինը, աշխատելով Հայաստանում, բնականաբար, պաշտպանում է պետության շահերը, որին պաշտոնապես ներկայացնում է, և գործում է Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության շրջանակներում։ Հենց դա էլ կատաղեցնում է Բաքվին, որտեղ «Հայաստան-Արցախ ռազմավարկան դաշինք» ֆորումի ներկայացուցիչների հետ դեսպանի հանդիպման փաստի մեջ դիտարկեցին աջակցություն «միացումին». հենց նրան, ինչը ավելի քան 30 տարի Ադրբեջանի վրա ազդում է այնպես, ինչպես կարմիր լաթը՝ ցլի։

Ավանակի համառությունը, որով Բաքվում փորձում են «ողջ աշխարհին» պարտադրել սեփական պատկերացումներն այն մասին, թե ինչպես է պետք վերաբերվել Արցախին ու իր բնակիչներին նույնիսկ բարեգործության և ոչ քաղաքական այլ կատեգորիաների տեսանկյունից, վաղուց արդեն հակառակ պտուղներն է տալիս։ Եվ ողջ ակնբախությամբ հաստատում մի անվիճելի փաստ. Բաքվում Արցախը դիտարկում են բացառապես որպես տարածք, հանրապետության բնակչությանը համարելով լոկ ավելորդ բալաստ, զուրկ որևէ իրավունքներից և, առաջին հերթին՝ կյանքի իրավունքից։

Այդ առումով բոլորին և ամեն ինչ հասկանալի է, սակայն ամեն հայկականի հիշատակման դեպքում ատելությունից շնչահեղձ լինող քարոզիչները պետք է ականջին օղ անեն մի անառարկելի ճշմարտություն. յուրաքանչյուր երկիր ինքն է իր համար նախորոշում արտաքին քաղաքականության գերակայությունները և առաջնորդվում միայն դրանցով։ Եվ սեփական մարդակերական սկզբունքներով ուրիշներին շարժվել ստիպելու փորձերը կարող են փոխարկվել բումերանգի, որի հետևանքները մեծապես կգերազանցեն լավի և վատի մասին պատկերացումների վերաբերյալ «ողջ աշխարհին» տրվող կպչուն ու բացարձակ անպետք խրատների սահմանները։