ՀԻՊՈԹԵՏԻԿ ՀԻՄՔԻ ՎՐԱ
Հայաստանի կառավարության նիստում հաստատվեց «Նվազագույն ամսեկան աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու նախագիծը, հաղորդում է Aysor.am-ը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը ներկայացրեց «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի և Բաբկեն Թունյանի նախաձեռնած օրինագիծը, համաձան որի առաջարկվում է 55 հազար դրամի փոխարեն սահմանել 63 հազար դրամ նվազագույն աշխատավարձ, մինչդեռ կառավարությունն առաջարկում է բարձրացնել շեմը մինչև 68 հազար դրամ։
Փոխնախարարը ներկայացրեց հաշվարկի հիմքերը, որտեղ կրևորություն է տրվում նվազագույն սպառողական զամբյուղին։ «Նվազագույն աշխատավարձի բարձացումն ուղիղ ազդելու է մասնավոր հատվածի 45 հազար, իսկ պետական ոլորտի 35 հազար աշխատողների վրա»,-ասաց նա, նշելով, որ նրանց աշխատավարձը կբարձրանա 23-24%-ով։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. իհարկե, նվազագույն աշխատավարձի այդչափ էական բարձրացման արդյունքը սոցիալական պաշտպանվածության տեսանկյունից ակնհայտ է։ Հատկապես եթե նկատի առնենք, որ համաձայն ներկայացված հաշվարկների՝ 80 հազար աշխատողների վարձատրությունը կավելանա գրեթե մեկ քառորդով։ Այլ հարց է, որ նման քայլի գործնական իրականացման համար անհրաժեշտ են բավական մեծ ֆինանսական ռեսուրսներ, և դա կարող է լուրջ ճնշում դառնալ բյուջեի վրա։ Մոտավոր հաշարկներով, պետական մասնահատվածի 35 հազար աշխատողների աշխատավարձը 13 հազար դրամով բարձրացնելու համար բյուջեից կպահանջվի ամսական 455 միլիոն դրամ։ Ասենք ուղղակի. գանձարանի նման ծանրաբեռնումը բավական զգալի է։
Թեպետ, բյուջեն սկզբունքորեն կարող էր դիմանալ լրացուցիչ ծախսերի նման ճնշմանը, եթե դա (ճնշումը) գործադրվեր միայն մեկ կետում՝ նվազագույն աշխատավարձերի ոլորտում։ Մինդեռ իրականում կառավարությունը լրացուցիչ ծախսեր է նախաձեռնել մի շարք ոլորտներում։ Օրինակ՝ առողջապահության բնագավառում։ Վերջերս կառավարությունը որոշում ընդունեց, համաձայն որի՝ մինչև 18 տարեկան երեխաները բուժօգնություն ստանալու են անվճար։
Թեև կարևոր, բայց լրացուցիչ բյուջետային ծախսերի այս խորապատկերին Ազգային ժողովի կողմից վերջերս ընդունված Հարկային օրենսգիրքը և, մասնավորապես՝ եկամտահարկի համահավասարեցումը, զրկում են գանձարանը մի քանի տասնյակ միլիարդ դրամի հարկային եկամուտներից։ Այլ կերպ ասած, սոցիալական արդյունքի ուղղված ծրագրերի համար բյուջեի ծախսերը կաճեն՝ հարկային նորարարութունների հետևանքով եկամուտների էական կրճատման խորապատկերին։
Այստեղ, իհարկե, կարելի է մտաբերել վարչապետի մամլո ասուլիսը, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ի թիվս 100 փաստերի հաղորդեց նաև այն մասին, որ բյուջեի եկամտային մասն այս տարի կգերակատարվի ոչ թե 40 միլիարդ դրամով, ինչպես նախատեսվում էր ավելի վաղ, այլ 62 միլիարդով։ Սակայն, նախ, չնշվեցին լրացուցիչ եկամուտների կոնկրետ աղբյուրները։ Երկրորդ, հարկերի գանձման ծրագրի գերակատարումը անվիճելի փաստ չէ, դրանք ընդամենը ծրագրեր են, որոնք կարող են և չիրականանալ։ Ըստ էության, խոսքը հիպոթետիկ փողերի մասին է։ Եվ ահա, հիմնվելով հենց այդ հիպոթետիկ ֆինանսական հիմքի վրա, կառավարությունը նախաձեռնում է լրացուցիչ ծախսեր։
Կարելի է կռահել, թե ինչ նպատակով է դա արվում։ Պարզ է, որ իշխանության վարկանիշն ընկնում է և անհրաժեշտ է բարձր պահել դա սոցիալական շեշտադրում ունեցող նախաձեռնություններով։ Բայց այդ նախաձեռնությունները հարկ կլինի իրականացնել գործնականում, ինչի կենսագործելիությանը դժվարությամբ ես հավատում։
Վերադառնալով նվազագույն աշխատավարձի բարձրացման գաղափարին, արժե ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ մասնավոր հատվածին, ավելի ճիշտ՝ մասնավոր հատվածի աշխատատուներին այդ նախաձեռնությունն ակնհայտորեն այնքան էլ դուր չի գա։ Ըստ էության, կառավարությունը նրանց ստիպում է լրացուցիչ ծախսերի գնալ աշխատողների վարձատրության գծով։ Եվ այստեղ ի հայտ են գալիս սքողված զբաղվածության աճի, հաստիքների կրճատման հետ կապված ռիսկեր։ Եվ ընդհանրապես՝ բիզնեսի ապախթանման։ Այն բիզնեսի, որն էլ, ըստ էության, պետք է ապահովի գանձարանի հարկային եկամուտները։