ՋՈւԴԻ ՉՈւԻ ՇՏԿՈՒՄՆԵՐԸ. ՎԻԵՆՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՆՈՐ ԱԶԴԱԿ ՍՏԱՆԱԼ

Հուլիսի 2-ին Ամերիկայի հայ ազգային կոմիտեն հաղորդագրություն տարածեց այն մասին, որ կոնգրեսական Ջուդի Չուն շրջանառության է դրել լրացումներ, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին։

Լրացումների էությունն ընդհանուր առմամբ հանգում է այն առաջարկություններին, որ դեռևս 2015 թվականի դեկտեմբերին ներկայացրել էին երկու այլ կոնգրեսականներ՝ Էդ Ռոյսը և Էլիոթ Էնգելը, և որոնց աջակցել էին նրանց 80 գործընկերներ։ Հաջորդ տարվա մայիս-հունիսին, Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո, այդ նախաձեռնությունը դարձավ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունների օրակարգի գլխավոր թեման և պաշտոնական ձևակերպում ստացավ վիեննական և պետերբուրգյան պայմանավորվածությունների տեսքով։ Հիշեցնեմ նաև, որ դրանց ձեռքբերումը, դիտորդների միասնական կարծիքով, դարձավ Հայաստանի լուրջ հաջողությունը և Ադրբեջանի գլխացավանքը, որի ղեկավարությունն ամեն կերպ փորձում էր հրաժարվել պայմանավորվածություններից և արգելակել դրանց իրականացման գործընթացը։

Ուրեմն ի՞նչ է առաջարկում Ջուդի Չուն։ Լրացման նախագծում ասվում է հետևյալը. «Հաշվի առնելով ԱՄՆ-ի շահագրգռվածությունը Հարավային Կովկասում կայունության հաստատման և ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտման ռիսկերը նվազեցնելու հարցում, առաջարկում եմ ընդունել հետևյալ միջոցները. առաջնագծում տեղադրել իրավիճակի վերահսկման տեխնիկա, ավելացնել ԵԱՀԿ դիտորդական առաքելության թվաքանակը, շփման գծից հեռացնել դիպուկահարներին, ծանր և նորագույն ռազմական տեխնիկան»։

Փաստաթուղթն առաջարկված է 2020 ֆիսկալային տարվա համար, Ներկայացուցիչների պալատի օրենսդրական հանձնաժողովի կողմից դրա քննարկումը ծրագրվում է հուլիսի 8-ին։

Նախագիծը, ինչպես տեսնում ենք, ուղղված է շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը նվազեցնելուն և վստահության ու խաղաղության հենց այն մթնոլորտի ստեղծմանը, որի մասին վերջին ժամանակներս այդքան շատ են խոսում միջնորդները։ 2015 թվականին Ռոյսի ու Էնգելի առաջարկած և 2016 թվականին վիեննական և պետերբուրգյան պայմանավորվածություններով հաստատված միջոցների հետ մեկտեղ, Ջուդի Չուն բարձրացնում է ծանր և նորագույն ռազմական տեխնիկան առաջնագծից հեռացնելու հարցը, ինչպես նաև կրկին արդիականացնում դիպուկահարների հեռացումը։

Հիշեցնեմ, որ դիպուկահարների խնդիրն ակտիվորեն քննարկվում էր 2000-ականների սկզբին, երբ միջնորդները, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի միմյանց փոխարինած մի քանի գործող նախագահներ, փորձում էին հաջողության հասնել գոնե այդ հարցում։ Սակայն նրանց բոլոր ջանքերը բախվում էին Ադրբեջանի կտրուկ մերժմանը։ Բանը հասավ անհեթեթության, երբ հայկական կողմին առաջարկեցին հեռացնել դիպուկահարներին միակողմանի կարգով, ինչը, բնականաբար, հստակ մերժվեց Երևանի և Ստեփանակերտի կողմից։

Այն մասին, որ վիեննական և պետերբուրգյան պայմանավորվածությունները վերջին տարվա ընթացքում անհետացել են բանակցութունների օրակարգից, շատ է խոսվել. ավելին, նոր իշխանության քննադատները նրան մեղադրում էին այն բանում, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանի ձեռք բերած սակավաթիվ դիվանագիտական նվաճումներից մեկը փոշիացվեց։ Միջնորդները նույնպես տարօրինակորեն չեն շտապում վերադարձնել այդ պայմանավորվածությունները բանակցային գործընթաց, թեև ամեն ինչ արվել է նրանց զգոն ղեկավարության ներքո և բոլոր երեք համանախագահների լիակատար համաձայնությամբ։ Ավելին, ԱՄՆ Պետդեպարտամենտն արդեն 2015 թվականի դեկտեմբերին պաշտոնապես ողջունեց կոնգրեսականների նախաձեռնությունը, հանդես գալով դիպուկահարների հեռացման, դիտորդների թվաքանակի ավելացման և հատուկ համակարգերի տեղադրման օգտին, որոնք թույլ կտան պարզել հրդադարի ռեժիմի խախտման մեղավորին։

Հիմնավորված հարց է ծագում. ինչո՞ւ այսօր միջնորդները չեն շտապում վերադառնալ պայմանավորվածություններին, որոնք երեք տարի առաջ լուրջ առաջընթաց դարձան բանակցային գործընթացում։ Չէ՞ որ տասնամյակների ընթացքում առաջին անգամ կոնկրետ քայլեր ձեռնարկվեցին, որպեսզի իրական հսկողություն սահմանվի հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ, անցկացվի կոնկրետ դեպքերի հետաքննություն և պարզվի խախտումների մեղավորը։ Ավելորդ է ասել, որ այդ քայլերը թույլ կտային էականորեն թուլացնել լարվածությունն առաջնագծում, իսկ գլխավորը՝ փրկել մարդկային կյանքեր։

Ո՞ւմ եվ ինչո՞վ կխանգարեն այն միջոցները, որ առաջարկում են ամերիկյան կոնգրեսականներն արդեն ահա երեքուկես տարի շարունակ։ Պատասխանն ակնհայտ է. դա կտրականապես անընդունելի է նախևառաջ Ադրբեջանի համար, որը բացարձակապես շահագրգռված չէ հետաքննության մեխանիզմներ տեղադրելու, ռազմական տեխնիկան և դիպուկահարներին հեռացնելու հարցում, քանի որ այդ ամենը իսկապես հակասում է Բաքվի իրական ծրագրերին ու մտադրություններին։ Մայիսի վերջին-հունիսի սկզբին առաջնագծում հերթական ահագնացումն ակներևաբար ցույց տվեց Դուշանբեի, այսպես կոչված՝ վերելակային պայմանավորվածությունների անկայունությունը, ցուցադրելով, թե իրականում ինչ արժեք ունեն Ալիևի բանավոր խոստումները։ Դե, և ընդհանրապես, ապավինումը պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել բառացիորեն ոտքի վրա և ոչ մի կերպ ամրագրված չեն համապատասխան փաստաթղթով, առնվազն անլուրջ է թվում այսչափ տևական և բարդ հակամարտության պարագայում։

Եթե ընդ որում հաշվի առնենք, որ Բաքվից չեն դադարում հնչել ռազմաշունչ հայտարարություններ ու անմիջական սպառնալիքներ, ապա պարզ է դառնում, որ համանախագահները եթե ոչ այսօր, ապա վաղը անխուսափելիորեն ստիպված կլինեն վերադառնալ 2016 թվականի օրակարգին։ Ուրեմն ինչո՞ւ սպասել լարվածության նոր ոլորանի և նոր զոհերի։

Ներկայացուցիչների պալատի օրենսդրական հանձնաժողովի կողմից Ջուդի Չուի առաջարկությունների քննարկումը ծրագրվում է, ինչպես արդեն ասացինք վերը, հուլիսի 8-ին։ Բավական հետաքրքիր կլինի այս անգամ էլ հետևել Պետդեպարտամենտի արձագանքին, ինչը թույլ կտա (այդ թվում նաև բացակայության դեպքում) պարզել համանախագահ երկրներից առնվազն մեկի վերաբերմունքը նախկին, անչափ կարևոր պայմանավորվածությունների իրականացման նկատմամբ։ Մանավանդ որ լրացումներն ի հայտ եկան Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների Վաշինգտոնյան հանդիպումից գրեթե անմիջապես հետո։