ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ, ԹԵ՞ ՀԱԿԱՌԱԿԸ
Երբ «կարելի է-չի կարելի» հարցը երկրի ղեկավարի կողմից մեկնաբանվում է ոչ ըստ օրենքի տառի, այլ սեփական հավակնություններին, նպատակներին կամ հուզական պոռթկումներին համապատասխան, պոստֆակտում դրա տակից ստիպված են լինում դուրս գալ ոչ միայն ինքը, այլև իր թիմը, ենթակաները, զինակիցները։ Այդ ջղաձիգ «մարմնաշարժումներին» հետևելը միաժամանակ և՛ տխուր է, և՛ ծիծաղելի, եթե խոսքը քաղաքական գործիչների մասին է, և՛ տագնապալի, եթե իրավապահ մարմինների ներկայացուցիչը, օրենքի պահապանն է մարդկանց աչքին թոզ փչողը։
Երբ վարչապետ Փաշինյանը քաղաքացիներին կոչ արեց մայիսի 20-ին արգելափակել հանրապետության տարածքում բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, դրանով իսկ կաթվածահարելով դատական համակարգի աշխատանքը, նա դժվար թե կանխատեսում էր, որ իր հակաիրավական գործողությունների համար, փորձելով արդարացնել դրանք, դեռ երկար ստիպված են լինելու պատասխան տալ նրանք, ովքեր կարգավիճակով կոչված են պահպանելու օրենքը, պաշտպանելու Սահմանադրությունը։ Եվ, ոնց էլ շուռումուռ տաս, միևնույնն է, արդարացումները հնչում են անհեթեթ, անհամոզիչ ու անտրամաբանական։ Ասենք, ինչպեսև երկակի չափանիշների «տակառից» դուրս քաշված ցանկացած փաստարկ։
Օրերս, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես է վերաբերվում դատարաններն արգելափակելու քայլին, Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը հայտարարեց. «Քաղաքացիներ են լինում, որ գալիս են ու խոչընդոտում մուտքը: Ես չեմ կարող ասել՝ սա նորմալ է, թե ոչ, բայց լինում են նման բաներ: Մարդիկ իրենց վրդովմունքը, տեսակետն են արտահայտում: Եթե պետական պաշտոնյայի համար թույլատրելի է միայն այն, ինչ նախատեսված է օրենքով, քաղաքացու համար թույլատրելի է ամեն ինչ, ինչն արգելված չէ օրենքով»։
Կրկնենք. լինում են մարդիկ, որոնք գալիս ու արգելափակում են մուտքերը, այդպիսով արտահայտելով իրենց վրդովմունքը, և դա նորմալ է, քանզի քաղաքացուն թույլատրված է այն ամենը, ինչն արգելված չէ օրենքով։ Ուրեմն ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանը պնդում է, թե մուտքերը փակելն արգելված չէ օրենքով։
Իսկ իրավապահ ոլորտի մեկ այլ ներկայացուցիչ՝ ոստիկանապետ Վալերի ՕՍԻՊՅԱՆԸ, բացատրելով, թե ինչու օրենքի պահապանները թույլ չեն տալիս «Վետո» շարժման անդամներին բողոքի ակցիա անցկացնել «Բաց հասարակություն-Հայաստան»-ի (Սորոսի հիմնադրամ) գրասենյակի շենքի մոտ, հայտարարում է, թե «ցանկացած գրասենյակ, ցանկացած կազմակերպություն կամ գերատեսչություն ունեն մուտքեր ու ելքեր, և ոչ ոք իրավունք չունի սահմանափակել ցանկացած քաղաքացու ազատ տեղաշարժը»։ Այսինքն ոստիկանության պետը պնդում է Հատուկ քննչական ծառայության ղեկավարի ասածի ճիշտ հակառակը։ Ստացվում է, թե նրանք առաջնորդվում են տարբեր օրենսդրություններով։ Մի՞թե կարող է նման բան լինել։ Հավանաբար՝ կարող է, եթե որպես անկյունաքար դրված է ոչ թե օրենքը, այլ երկակի չափանիշները։ Սրանց կարելի է, նրանց՝ ոչ։
Սորոսյան համակազմը վայելում է իշխանությունների մեծ սերը, պատիվն ու հարգանքը, հետևաբար՝ Սորոսի հիմնադրամի դռների մոտ քաղաքացիները չեն կարող արտահայտել իրենց վրդովմունքն ու տեսակետը։ Իսկ վարչապետի հրամանով դատարանների մուտքերն ու ելքերը փակել, սահմանափակելով «քաղաքացիների ազատ տեղաշարժը» (չէ՞ որ դատարանների աշխատողները նույնպես քաղաքացիներ են), պարզվում է, օրենքով արգելված չէ։ Ավելի ճիշտ, արգելված է և գրի առնված ՀՀ Սահմանադրության 162-րդ հոդվածում, որում ասվում է, որ արդարադատությունն իրագործվում է միայն դատարանների միջոցով և ցանկացած միջամտություն արդարադատության իրականացմանը անթույլատրելի է։
Սակայն երբ չի կարելի, բայց շատ ես ցանկանում, ապա կարելի է։ Հարցը լոկ այն է, թե ով է ցանկանում։ Եթե վարչապետն է, Սորոսի հետևորդները կամ Կաթողիկոսին գահընկեց անել մտադրվածները և այլն, ապա դա մի դրվածք է, որի պարագայում դատարանների, համալսարանների, եկեղեցու դռներն արգելափակելը գնահատվում է որպես «վրդովմունքի, տեսակետի արտահայտում»։ Եվ բոլորովին այլ դրվածք է, եթե համանման միջոցով քաղաքացիներն արտահայտում են իրենց վրդովմունքը ԼԳԲՏ հանրության առանձնահատուկ իրավունքների առաջմղման, արվամոլության, լեսբիականության քարոզչության, միասեռ ամուսնությունների լեգալացման կապակցությամբ և այլն։ Այդ առիթներով վրդովվել չի կարելի։
Մինչդեռ, կիրառելով երկակի չափանիշներ, օրենքը մեկնաբանելով և՛ այսպես, և՛ այնպես, իշխանությունը, լինելով օրենքի կատարողը, ոչ միայն վարկաբեկում է իրեն որպես այդպիսին, այլև իր իսկ համար ստեղծում է լուրջ, գործնականում անդառնալի խնդիրներ։ Որովհետև որքան էլ խուսավարես ու հնարքներ բանեցնես, միևնույնն է, բացատրել մարդկանց, թե ինչու Նիկոլին կարելի է, իսկ Պողոսին՝ ոչ, անհույս բան է։ Աչքի առաջ ունենալով «ոգևորիչ» օրինակը և իրավապահների անհոդաբաշխ թոթովանքը, այդ նույն հիպոթետիկ Պողոսը պարզապես կգնա ու կարգելափակի դատարանի մուտքը, երբ իրեն դուր չգա իր շահերին դեմ դատավճիռը։ Նման բան տեղի ունեցավ վերջերս. հիշո՞ւմ եք, թե ինչպես Սյունիքի մարզի Գորայք համայնքում դատավորի վճռից դժգոհ գյուղացիները տրակտորով փակեցին դատարանի շենքի մուտքը։ Իսկ չէ՞ որ սրանք դեռևս ծաղիկներն են…