ԱՐՑԱԽՅԱՆ ԻՆՏՐԻԳ

Եկող տարի Արցախում տեղի են ունենալու նախագահական, խորհրդարանական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Դա լուրջ փորձություն կդառնա Արցախի համար, հնարավոր է՝ ամենալուրջը 1994 թվականի մայիսին հրադադարի համաձայնությունից հետո պետական շինարարության ողջ ընթացքում։ Եվ նման իրադրությունը բացատրվում է չափազանց անմիանշանակ գործընթացներով, որ տեղի ունեցան Հայաստանում անցած և այս տարի։ Չնայած սիրո և համերաշխության հռչակված սկզբունքներին, մենք այս ամբողջ ընթացքում ականատես ենք անառողջ կրքերի բորբոքման՝ բոլոր մակարդակներով, սկսած փողոցից, ինչը Հայաստանում հանգեցրեց հասարակական կարծիքի բևեռացման և չէր կարող չանդրադառնալ Արցախի ներքաղաքական գործընթացների վրա։

Որպես դրական պահ Արցախի համար, կարելի է նշել, որ հանրապետությունը կարծես թե խուսափեց Հայաստանի օրինակով արտահերթ ընտրությունների հնարավոր սցենարից։ Դա, իհարկե, պլյուս է ԼՂՀ կայուն զարգացման օգտին, բայց այ այն, որ դե-ֆակտո նախագահական ընտրարշավն Արցախում արդեն մեկնարկել է, դժվար թե կարելի է համարել դրական երևույթ։

Արցախում ընթացող իրադարձությունների առնչությամբ իր մտահոգությունն արտահայտեց նաև վերջերս այնտեղ ավարտված ՀՅԴ արցախյան կառույցի Բարձրագույն ժողովը։ Դրա արդյունքներով ընդունված հայտարարության մեջ նշվում է, որ սահմանադրական կարգավորիչներին հակասող փաստացի քարոզչությունը պատճառ է դարձել հասարակության ծայրահեղ բևեռացման։ Արցախի դաշնակցականների ժողովն արձանագրեց մտահոգիչ լարվածությունը Արցախի և Հայաստանի իշխանությունների հարաբերություններում, ռիսկերն ու մարտահրավերները Արցախի շուրջ բանակցային գործընթացներում։

Գործերն Արցախում իրոք տագնապահարույց են։ Տեղեկությունը Բակո Սահակյանի և Նիկոլ Փաշինյանի ներկայումս խիստ սառը հարաբերությունների մասին կարծես թե այլևս չի վիճարկվում ոչ մեկի կողմից և ընկալվում է որպես իրողություն։ Արցախի նախագահի պաշտոնի որոշ հնարավոր թեկնածուներ, որ արդեն հայտարարել են իրենց հավակնությունների մասին, փաստացի սկսել են քարոզչությունը։ Առաջին հերթին սա վերաբերում է Արայիկ Հարությունյանին և Սամվել Բաբայանին, որոնք արդեն հասցրել են հանդես գալ փոխադարձ մեղադրանքներով։

Եվս մեկ բևեռ է ձևավորվում Վիտալի Բալասանյանի շուրջ, որը նախագահական ընտրություններում կարող է դառնալ Արցախի ներկայիս ռազմաքաղաքական էլիտայի գլխավոր թեկնածուն, բայց որի նկատմամբ բոլորովին բարեհաճ չէ գեներալի որոշ առճակատ արտահայտություններից նեղացած Նիկոլ Փաշինյանը։ Բանն այնտեղ հասավ, որ վերջերս Երևանում կանգնեցվեց և զննության ենթարկվեց Վիտալի Բալասանյանի մեքենանԹե ինչի հիման վրա էր ընդունվել այդ որոշումը, ինչից էին վախենում իշխանությունները, պարզաբանումներ չհաջորդեցին։

Արձանագրենք, որ կան ուժեր, որոնք շահագրգռված են Արցախում կրքերն արհեստականորեն բորբոքելու հարցում, չենք խոսում արդեն «Սասնա ծռեր» կուսակցության սադրիչ գործունեության մասին։ Այս պայմաններում յուրաժամանակ, եթե ոչ ուշացած կարելի է համարել Արցախի ԱԱԽ-ի հայտարարությունը, որով կոչ է արվում քաղաքական ուժերին և առանձին անհատներին կազմակերպել սեփական գործունեությունը բացառապես Արցախի Հանրապետության Սահմանադրության և օրենքների պահանջներին համապատասխան։

Արցախի տեղեկատվական որոշ հարթակներում արդեն տեղ գտած մի շարք բացասական երևույթներ, ինչպիսիք են բռնության կոչերը, սպառնալիքները, վարկաբեկիչ նյութերի տարածումը, ատելության, թշնամանքի և անհանդուրժողականության մթնոլորտ են ձևավորում քաղաքական տարբեր հայացքներ ունեցող բնակչության որոշ խմբերի միջավայրում, ինչն իր հերթին կարող է սպառնալիք դառնալ Արցախի Հանրապետության անվտանգության համար։ Արցախի ԱԱԽ-ի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ սահմանադրական կարգը խախտելուն ուղղված բոլոր ոտնձգությունները կարժանանան իրավական համարժեք գնահատականի և դրանց կանխարգելման համար կձեռնարկվեն համապատասխան բոլոր միջոցները։

Որոշ փորձագետներ հիմնավորված կերպով համարում են, որ Արցախի նախագահի պաշտոնի դեռ ոչ բոլոր հավանական թեկնածուներն են հայտարարել իրենց հավակնությունների մասին, և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ունի ԼՂՀ-ում բարձրագույն պաշտոնի առայժմ չհայտարարված իր սեփական թեկնածուն։ Ներկայումս, դատելով արտաքին նշաններից, պաշտոնական Երևանը բարեհաճ է տրամադրված Արայիկ Հարությունյանի թեկնածության նկատմամբ, բայց դա՝ լոկ առայժմ։ Բացառված չէ, որ Արայիկ Հարությունյանը պարզապես ճանապարհ է մաքրում հաղթաթղթի համար, որին Փաշինյանը թևքից կհանի վերջին պահին, այն ժամանակ, երբ վաղ մեկնարկած թեկնածուները վերջնականապես կպառակտվեն և ճանապարհ կհարթեն դեռևս անհայտ անձնավորության համար։

Основная тема:
Теги: