«ՆՈՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱԹԱՐ-ՄՈՆՂՈԼՆԵՐԸ

Տոհմացեղական սկզբունքով

«Նոր» Հայաստանում արդիական են բոլոր հին պիտակները, հատկապես Լևոն Հակոբիչի փակցրած պիտակը՝ թաթար-մոնղոլական իշխանության վերաբերյալ։ Այդ պիտակը նախկին նախագահը կախեց ՀՀԿ-ի վրա, քննադատելով տոհմացեղային սկզբունքով իրականացվող կադրային քաղաքականությունը։

Այստեղից հարց. այդ ինչպե՞ս պատահեց, որ բարձրագույն կրթությունը դեռ նոր ավարտած Ռուբեն Ռուբինյանը զբաղեցրեց արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնը, իսկ արտահերթ ընտրություններից հետո հայտնվեց ատաքին քաղաքական հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարի դերում։ Պատասխան. որովհետև նա հհշական խորհրդարանի նախկին փոխնախագահի որդին է, Կարապետ Ռուբինյանի, որը ծանրակշիռ ավանդ ներդրեց փողոցային անկարգությունների կազմակերպման գործում, որոնց ալիքը Փաշինյանին բերեց իշխանության։ Փաշինյանի առջև հայրիկի բարձր ծառայությունների շնորհիվ Ռուբինյան կրտսերը կյանքում առաջին անգամ աշխատանքի գնաց արպես արտաքին գործերի փոխնախարար։ Լավ է ունենալ հայրիկ, որը մտերիմ հարաբերություններում է Փաշինյանի հետ։ Եթե նման մի բան իրեն թույլ տար նախկին իշխանությունը, ապա Կարապետ Ռուբինյանն անպայման քննադատության տարափ կտեղար վրան։

Իսկ ինչպե՞ս խորհրդարանում հայտնվեց Միքայել Զոլյանը։ Պատասխան. որովհետև նա Սուրեն Զոլյանի որդին է։ Եվ վերջին հարցը. ինչո՞վ են այդ պարոնայք տարբերվում Հովիկ Աբրահամյանի որդուց, որը պատգամավոր էր «հին» Հայաստանի խորհրդարանում։ Ոչնչո՞վ։ Չգուշակեցի՛ք

Տվյալ դեպքում համեմատությունը կարող է խոսել միայն Արգամ Աբրահամյանի օգտին։ Ի տարբերություն Զոլյան-կրտսերի, նա չի օգնել արգելափակելու դատարանի շենքը, ի տարբերություն կրտսեր Ռուբինյանի, ԵԽԽՎ-ում չի քվեարկել ՀՀ ռազմավարական գործընկերների դեմ, և հետո էլ ողջ Եվրոպային չի կերակրել տեխնիկական սխալի մասին ծիծաղելի արդարացումներով։ Բանն այնտեղ հասավ, որ խորհրդարանի առանցքային հանձնաժողովներից մեկի նախագահին ծաղրուծանակի ենթարկեցին հումորիստական հեռուստահաղորդման վարողները։ Տղաները հաղորդեցին Ռուբինյանին, որ Եվրոպայի խորհրդում քվեարկության կոճակը սխալ սեղմելու հնարավոր դեպքերի համար գոյություն ունեն հատուկ սարքեր, որոնք օգնում են պատգամավորներին 10 վայրկյանի ընթացքում փոխել մտադրությունը և սեղմել անհրաժեշտ կոճակը։

Արդարադատության 27-ամյա նախարար Ռուստամ Բադասյանի մասին արդեն խոսել էլ չարժե, բոլորը գիտեն, որ երիտասարդի այդչափ փայլուն ու կայծակնային կարիերայի համար ցատկատախտակ ծառայեց հայրիկը։ Ի տարբերություն Սուրեն Զոլյանի և Կարապետ Ռուբինյանի, այդ հայրիկը երբեք չի եղել ընդդիմության մեջ, այլ «հին» Հայաստանի ՆԳ համակարգում զբաղեցրել է բավական բարձր պաշտոն, այլ կերպ ասած՝ եղել է ներկայիս ոստիկանապետ և Նիկոլ Փաշինյանի վստահված անձ Վալերի Օսիպյանի ծառայակիցը։

Ավիացիան ղեկավարում է սիրուն աղջիկը

Բացի թաթար-մոնղոլական իշխանության մասին պիտակից, մեր օրերի համար արդիական է թվում նաև «Թեկուզ ցախավել, բայց լինի ՀՀՇ-ից» կարգախոսը։ ՀՀՇ-ի տեղը մեր օրերում զբաղեցրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Այդ առնչությամբ՝ հարց. ինչպե՞ս պատահեց, որ Դանիայում տոմսեր վաճառող դեռատի մենեջերը գլխավորեց հայկական ավիացիան։ Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին ավիացիան ղեկավարել են վարսավիրն ու գինեկոլոգը, այդ մասին «Գոլոս»-ը գրել է բազմիցս, բայց նույնիսկ ՀՀՇ-ի օրոք մտքներով չի անցել այդ պաշտոնում նշանակել մենեջերի։ Ասում են, որ տիկին ապագա գլխավոր ավիատորը Հայաստան ժամանեց իր հեծանվով, սակայն անմիջապես փոխարինեց դա 30 հազար եվրո արժողությամբ արտասահմանյան մակնիշի նոր ծառայողական մեքենայով։ Սիրուն աղջկան (նրան այդպես են անվանում խորհրդարանի ամբիոնից) ամեն ինչ սազում է, ներառյալ մեր չափանիշներով ահռելի ծախսերը արտասահմանյան ճամփորդությունների վրա, որոնց արդյունքներով չի կնքվել ոչ մի համաձայնագիր։

Փաշինյանի կադրային քաղաքականությունը ոչ միայն ներառել է նախկին աշխատակազմերի բոլոր թերությունները, այլև էականորեն իջեցրել պրոֆեսիոնալ նշաձողը։ Այդ մասին կարող ենք դատել ոչ միայն ԵԽԽՎ-ում Ռ.Ռուբինյանի քվեարկությունից, այլև արդարադատության նորաթուխ նախարարի մտադրությունից՝ քաղաքացիների համար քրեական պատասխանատվություն մտցնելու «քրեական միջավայրի հետ շփումների», «քրեական մշակույթին առնչության» համար, բայց դա էլ դեռ ամենը չէ։ Առաջիկայում սկանդալային Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումն է, որը նախատեսում է ձևավորված գենդերային կարծրատիպերի կոտրում և արական ու իգական սեռերի հետ մեկտեղ երրորդ՝ (սոցիալական) սեռի ճանաչում։ Այդ կոնվենցիայի վավերացումը Բադասյանի գլխավոր խնդիրն է, փաստաթուղթը խորհրդարան կուղարկվի աշնանը։

Իսկ «նոր» Հայաստանի թաթար-մոնղոլական սկզբունքով իրականացվող կադրային քաղաքականության գլխավոր նորարարությունը դարձավ թարմ պիտակն այն մասին, որ այսօր Հայաստանում կա Սահմանադրական դատարանի ոչ թե մեկ, այլ երկու նախագահ (օրինական և ինքնակոչ, որը վարչապետին ընկեր է գալիս), ոչ թե մեկ, այլ ամբողջ երեք վարչապետ. Նիկոլ Փաշինյանը, նրա կինը և ավագ դուստրը, որը պատգամավորներին խորհուրդներ է տալիս, թե ինչպիսի պահվածք է պետք դրսևորել, իսկ ինչպիսին՝ պետք չէ։ Այդ մասին այսօր գրում ու խոսում են գործնականում բոլոր համարժեք պարբերականները։ Աննա Հակոբյանի պատգամավոր եղբոր և հացառատ պաշտոններ զբաղեցնող այլ ազգականների մասին մեր ընթերցողներին արդեն տեղեկացրել ենք, ուստիև չենք կրկնի։

Վանիկ Սմբատիչը նույնպես կարծում էր, թե…

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանին հարցրեցին, թե ինչ է լինելու, երբ իրենք արդեն իշխանություն չլինեն, իսկ Ռոբերտ Քոչարյանը հայտնվի ազատության մեջ։ Կարապետյանը պատասխանեց հարցով. «Ի՞նչ նկատի ունեք՝ ասելով «եթե մենք չլինենք իշխանության մեջ, իսկ Քոչարյանը լինի ազատության մեջ», չհասկացա»։

Կարապետյանը հայտարարել է այն մասին, թե իր հայրիկը քաղբանտարկյալ է եղել մարտի 1-ի իրադարձություններից հետո։ Թե ինչ է իրենից ներկայացնում ինքը՝ տիկին Կարապետյանը, առանց հայրիկի, ակներևաբար ցույց տվեցին նրա պատասխանները լրագրողների հարցերին։ Ասենք, ոչ մի պատասխան չկար, կար համատարած անհոդաբաշխություն։

Այսօր խորհրդարանում հավաստագրված լրագրողները շատ ավելի լավ են հասկանում օրինաստեղծումից, քան «նոր» Հայաստանի պրոֆեսիոնալ խորհրդարանի անդամները, և դա հասկանալի է. չէ՞ որ լրագրողները խորհրդարան են եկել խմբագրություններից, իսկ պարոնայք օրենսդիր մարմնի անդամները՝ փողոցներից, որոնցով քայլում էին և շարունակում են քայլել Նիկոլի կողքին։ Փորձառու հեռուստալրագրողները վերջերս սկսել են կիրառել մի հրապարակային զվարճանք. եթեր են հրավիրում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին և չեն խանգարում արտահայտել սեփական մտքերը։ Մտածող հանրության վրա առանձնակի տպավորություն գործեց 29-ամյա պատգամավոր Սուրեն Գրիգորյանը։ Թերթերը գրեցին, որ սեփական ձևակերպումների բացակայության պատճառով նա բացատրվում է բացառապես գրքերից վերցրած պատրաստի արտահայտություններով։

Ինչ վերաբերում է հարցին, որը «չհասկացավ» Կարապետյանը, ապա ինչպե՞ս այստեղ չմեջբերենք անմոռանալի Վանիկ Սմբատիչին։ Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո նա խոստովանեց, որ կարծում էր, թե ՀՀՇ-ի իշխանությունը Հայաստանում հավերժական է լինելու։ Փաշինյանի զինակիցները նույնպես կարծում են, թե իշխանության են եկել առհավետ։ Հնդուհավն էլ մտածում էր, թե Վլադիմիր Վարդանյանը գլխավորեց խորհրդարանի պետական-իրավական հանձնաժողովը սեփական արժանիքների շնորհիվ, այլ ոչ թե այն պատճառով, որ նախագահ Արարատ Միրզոյանի քավորն է։ Բայց հնդուհավը Արարատի մարզի երկնքում ճախրող կոկորդիլոս չէ, դա նրան չներվեց

Основная тема:
Теги: