ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՍՏԸ ՁԱԽՈՂՎԱԾ Է
Էներգետիկ կոլլապս, տեխնոլոգիական աղետ, վերադարձ դեպի 90-ականներ, դիվերսիա, սաբոտաժ… Ինչպես ասես, որ չմեկնաբանվեց չորեքշաբթի օրը տեղի ունեցած խոշոր վթարը հայկական էներգետիկ ցանցում, որի արդյունքում երկրի տարածքի մոտ 70 տոկոսը հոսանքազրկվեց։ Ավելի ուշ, հոսանքի համընդհանուր անջատումից մեկ-երկու ժամ անց, իհարկե, ինչ-որ բան հայտնի դարձավ։
Պարզվեց, որ խափանում է տեղի ունեցել ցանցում, կանգնեցվել են հոսանք արտադրող երկու խոշորագույն ձեռնարկությունները՝ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը և Երևանի ՋԷԿ-ը, տարբեր վարկածներ կան խափանման պատճառների վերաբերյալ, բայց դրանցից առավել հավանականն է վթարը իրանական ցանցում, որը սինքրոնացված է մեր ցանցի հետ։ Եվս մի քանի ժամ անց հանրապետության էներգամատակարարումը վերականգնվեց, և դրանով, կարելի է ասել, միջադեպը սպառվեց։ Սպառվելը՝ սպառվեց, բայց, ինչպես ասում են, նստվածքն այնուամենայնիվ մնաց։ Այդ նստվածքը տեսնելու համար վերադառնանք իրադարձությունների ժամանակագրությանը…
Մոտավորապես կես ժամ անց այն բանից հետո, երբ ամենուրեք անջատվեց հոսանքը, մայրաքաղաքի փողոցներում ահռելի խցանումներ առաջացան չաշխատող լուսանցույցների պատճառով, իսկ մետրոյի վագոններում փակված մնացին ուղևորները, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Facebook-ի միջոցով հաղորդեց այն մասին, որ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի ՋԵԿ-ի 5-րդ էներգաբլոկը անջատվել են էներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարի պատճառով։ Փոխվարչապետից հետո բնակչությանը էներգետիկ ԱՊ-ի վերաբերյալ իրազեկելու գործին միացան առողջապահության նախարարը և կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարը։
«Երկրում առկա է էլեկտրաէներգիայի լուրջ դեֆիցիտ, խնդրում եմ առավելագույնս խնայողաբար օգտագործել այն, որպեսզի կարևորագույն հաստատություններին այն բավականացնի։ Անջատեք ավելորդ լույսերը, օդորակիչները և այլն»,- գրեց Facebook-ում Արսեն Թորոսյանը։ Իսկ Արայիկ Հարությունյանը հաղորդեց, որ կոչ է արել իր վերահսկած հաստատություններին նվազագույնի հասցնել էլեկտրաէներգիայի օգտագործումը և խորհուրդ է տվել նույնն անել բնակարաններում ու գրասենյակներում, անջատել ավելորդ լամպերը, օդորակիչները։ «Քաղաքացիական պատասխանատվությունը բոլորինս է»,- նշեց Հարությունյանը։
Եվս որոշ ժամանակ անց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոհաննիսյանը դարձյալ Facebook-ի միջոցով հաղորդեց, որ Հայկական ատոմակայանը ծրագրային անջատման ռեժիմում է, անջատված են Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, աշխատում են միայն հիդրոէլեկտրակայանները, որոնք ապահովում են երկրի էներգիայի պահանջմունքի 30-40 տոկոսը։
Իհարկե, պետք է շնորհակալություն հայտնել նշյալ պաշտոնատար անձանց և քաղաքացիական ակտիվիստին՝ քաղաքացիների իրազեկման գործում ներդրած ավանդի համար։ Բայց այստեղ չի կարելի չնկատել մի հետաքրքիր նրբություն. ստեղծված իրավիճակի մասին առաջին մեկնաբանությունները հնչեցին բնավ ոչ էներգետիկ ոլորտում ամենաիրազեկ անձանց շուրթերից։ Նկատեք. փոխվարչապետ, առողջապահության նախարար, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, վերջապես, հասարակական կազմակերպության համակարգող։ Ահա այն գործիչների կազմը, որոնք առաջինը բացատրեցին համաքաղաքացիներին, թե ինչ է պատահել։
Այո, օբյեկտիվ հանգամանքների բերումով ԱՊ-ին արձագանքողների թվում, ավելի ճիշտ՝ ավանգարդում չկար վարչապետը, որի պարտականությունն է՝ լինել բոլոր, նույնիսկ ամենասպեցիֆիկ ոլորտներում ամենից լավատեղյակ պաշտոնյան։ Փաշինյանը զբաղված էր Տուսկով, բայց եթե անկեղծ, տվյալ գործընթացում նրան փոխարինեցին մարդիկ, որոնց հեղինակությունը էներգետիկ սպեցիֆիկայի առումով փոքր-ինչ կասկածելի է։ Էներգետիկ ֆորս-մաժորի վերաբերյալ թերևս միակ պրոֆեսիոնալ ու պատասխանատու արձագանքը դարձավ տարածքային կառավարման և ենթակառուցվածքի փոխնախարար Հակոբ Վարդանյանի մամլո ասուլիսը վթարից ժամեր անց, որը գործի իմացությամբ հաղորդեց էներգետիկ խնդիրների մասին։
Այժմ անդրադառնանք հենց այն նստվածքին, որ մնաց միջադեպը սպառվելուց հետո։ Ահա ուրեմն, այն երկրում, որտեղ էներգետիկան պետության ու նրա քաղաքացիների անվտանգության հետ անմիջականորեն կապված ռազմավարական ոլորտ է, տնտեսության լոկոմոտիվ հանդիսացող ոլորտ, էներգետիկայի նախարարություն չկա։ Չկա հատուկ էներգետիկ բաժանմունք կառավարության կառուցվածքում։ Սա անհեթեթություն է։ Ըստ էության, չորեքշաբթի օրը էներգահամակարգում տեղի ունեցած ԱՊ-ն որոշակի տեստ դարձավ կառավարության նոր կառուցվածքի համար, որում տեղ չի հատկացվել երկրի տնտեսության կարևորագույն բնագավառի առանձին կարգավորիչին։ Եվ այդ տեստը, գործադիր իշխանության նոր կառուցվածքի կենսունակության և արդյունավետության այդ փորձությունը ձախողվեց։ Իսկ չէ՞ որ «մութ» չորեքշաբթիից հետո էներգետիկ ոլորտը չդադարեց ռազմավարական լինելուց, այդպիսի և ավելի լուրջ ԱՊ-ներից մենք հետագայում էլ ապահովագրված չենք։ Եվ ի՞նչ։ Էներգետիկ ոլորտի պետական կարգավորումը դարձյալ խորհրդանշելու է Արսեն Թորոսյանի կամ Արայիկ Հարությունյանի դե՞մքը։ Թեև գուցե բախտներս բերի և հաջորդ հնարավոր «բլեքաութի» օրը վարչապետի հանդիպումների գրաֆիկը պակաս հագեցած լինի։
Մի քանի ամիս առաջ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը, արդարացնելով կառավարության նոր կառուցվածքի նախագիծը, հայտարարեց, որ դրա (կառուցվածքի) արդյունավետությունը նախորոշվել է ինտուիտիվ։ Դատելով ամենից, ինտուիցիան աչքաթող է արել ֆորս-մաժորային իրավիճակների հնարավորությունը, որում կարող են հայտնվել ռազմավարական, բայց ըստ էության անտերության մատնված բնագավառները…