ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԵՐԿԻՐԸ՝ ԱՖԵԿՏԻ ՎԻՃԱԿՈՒՄ
Պատահարների ժամանակագրությունը Հայաստանում ավելի ու ավելի է նմանվում ռազմաճակատից եկող ամփոփագրերի։ Յուրաքանչյուր օրն իր հետ բերում է հրաձգություն, դանակահարություն, զանգվածային և տեղայնացված ծեծկռտուք, վիրավորներ, զոհվածներ ու սպանվածներ։
Դա մեկ, ասենք այսպես՝ քրեական տեսանկյունից։ Մյուս կողմից, ամեն օր բողոքի ակցիաներ՝ անզիջում պահանջներով, փողոցների, ճանապարհների, պետական հաստատությունների արգելափակումով։ Երրորդ՝ ակնհայտ են ինքնասպանության հաճախակի դարձած փորձերն ու դեպքերը։ Եվ վերջապես, «մարտական գործողություններ», լուտանքներ ու հայհոյանքներ, վիրավորանքներ և սպառնալիքներ սոցցանցերում։ Մի խոսքով, ապրում ենք հույզերի եռացող կաթսայում։ Ավելի ճիշտ՝ հասարակական աֆեկտի վիճակում, որը, ինչպեսև ենթադրվում էր, փոխարինելու եկավ հեղափոխական հասարակական էյֆորիային։ Դա՝ այդ էյֆորիան, անցավ, և հիմա ստրեսը, դեպրեսիան, անբավարարվածությունը, ատելությունը, ագրեսիան թերևս ախտահարել են հասարակական գիտակցությունը և արդեն ձեռք են բերում սպառնալից մասշտաբներ։
Ասենք ուղղակի. խնդիրների պատճառներն առավել քան ակներև են։ Նախ, վերջին մեկուկես տարվա ընթացքում հասարակայնության համար անց են կացվում վարպետության դասընթացներ վարքագծի այնպիսի ոճի գծով, ինչպիսին է «զոռբայությունը»։ Ընդ որում ակնառու ցուցադրվում է նման մոտեցման արդյունավետությունը ցանկացած խնդիր լուծելիս։ Հենց այդպես տեղի ունեցավ իշխանափոխությունը, հենց այդպես լուծարվեց նախկին խորհրդարանը, հենց այդպես աննախադեպ ճնշում գործադրվեց դատական համակարգի վրա։
Իշխանության տված դասերը հասարակությունը յուրացրեց բավական արագ և, համապատասխանաբար, անցավ ինքնուրույն վարժանքների։ Այդ նույն բողոքի ակցիաները՝ ճանապարհների արգելափակմամբ և արմատական պահանջներով, հենց այդ վարժանքներն են, որ կան։ Երկրորդ, իրավական նիհիլիզմը, անպատժելիության զգացումը, որոնք ըստ էության, գլուխ բարձրացրեցին իշխանության կողմից հասարակությանը թուլացնող մի շարք գործողությունների պատճառով (ինչպիսիք են, օրինակ, մի շարք համաներումները), վերացրեցին զսպիչ գործոնները ագրեսիվ հռետորաբանության և պրակտիկայի ճանապարհից։ Այսօր քիչ բան կարող է իրապես հետ պահել մարդկանց զայրույթի, վրդովմունքի, բարկության արտահայտման նույնիսկ ամենավայրի դրսևորումներից։ Ներքին արգելակներ չկան։ Ի՞նչը կարող է, օրինակ, իր արտահայտություններում ու գործողություններում զսպել այն երկրի քաղաքացուն, որի ղեկավարը պարբերաբար ինչ-որ մեկին «փռում է ասֆալտին» և ինչ-որ մեկին էլ «ծեփում պատերին»։
Ասել, թե հասարակության ներկայիս հոգեբանական վիճակը տագնապալի է, նշանակում է՝ ոչինչ չասել։ Այն պարզապես մահացու վհանգավոր է, քանզի հղի է լիակատար դեգրադացիայով և ինքնաոչնչացմամբ։ Ընդ որում՝ նույնիսկ ֆիզիկական։ Ակնհայտ է, որ հասարակությանը պետք է շտապ դուրս բերել աֆեկտի վիճակից։ Եվ անել դա պարտավոր են նրանք, ովքեր մտցրին հասարակությանն այդ վիճակի մեջ, ովքեր սիրով ձևավորեցին զանգվածային ատելության մթնոլորտ, ովքեր խթանեցին նիհիլիզմը, արմատականությունը և ագրեսիան հասարակական գիտակցության մեջ։
Մեկ-երկու ամիս առաջ Gallup International կազմակերպությունը ներկայացրեց Global Emotions-ի հարցման տվյալները աշխարհի 140 երկրների վերաբերյալ։ Ահա ուրեմն, անցած տարի իրականացված այդ հետազոտության շրջանակներում պարզվեց, որ Հայաստանը առաջատարն է այն երկրների թվում, որոնց բնակիչներն ամենից շատ են զայրանում։ Մեր երկիրը այդ ցուցանիշով առաջ է անցել Իրաքից, Իրանից, Պաղեստինից, Մարոկկոյից…