Վենետիկի հանձնաժողովի զեկույցը Հայաստանի վերաբերյալ. ամբողջական տեքստը
Վենետիկի հանձնաժողովը Վենետիկում հունիսի 21-22-ը 119-րդ լիագումար նիստի արդյունքներով հրապարակել է փաստաթուղթ, որում անդրադարձել է Հայաստանում կատարվող իրադարձություններին: News.am-ը ներկայացնում է փաստաթղթում Հայաստանի վերաբերյալ հոդվածի տեքստը.
Պարոն Մարկերտը հիշեցրել է, որ անցյալ տարի Հայաստանում խաղաղ հեղափոխություն է տեղի ունեցել, որը համպատասխանում Սահմանադրության նորմերին: Սակայն դատական իշխանությունը շատերի կողմից գնահատվել է որպես կոռումպացված և նախորդ իշխանության ժամանակների նման:
Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու դատարանի որոշումից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կտրուկ քննադատության էր ենթարկել դատարաններին և իր կողմնակիցներին կոչ արել արգելափակել դատարանների շենքերը և վերափոխել դատական իշխանությունը:
Հանձնաժողովի ղեկավարը վարչապետին հասցեագրված նամակում նշել է, որ դատարանների նկատմամբ ակնհայտ անսվտահություն կա և որ ցանկացած միջոց պետք է իրականացվի Սահմանադրությանը և միջազգային չափանիշներին համապատասխան:
Հայաստանի իշխանությունների հրավերով՝ Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակությունը Մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրենի, ինչպես նաև հանձնաժողովի քարտուղարի գլխավորությամբ դատական համակարգի բարեփոխումների քննարկման համար այցելել է Հայաստան:
Կողմերը պայմանավորվել են, որ գործող դատավորների համընդհանուր վեթինգը օգտակար և անհրաժեշտ չէ: Դրա փոխարեն հարկավոր է ամրապնդել կարգապահական ընթացակարգերը և կապ հաստատել եկամուտների հայտարարագրերի համակարգի հետ:
Դրա համար Հայաստանի դատական օրենսգրքում հարկավոր է մինչև հուլիսի վերջ փոփոխություններ կատարել:
Հայաստանի իշխանությունները հետաքրքրություն են ցուցաբերել այդ փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի շտապ եզրակացության ստացման հարցում, սակայն դեռ պաշտոնական դիմում չեն ներկայացրել, քանի որ փոփոխությունները պատրաստ չէին:
Ընդլայնված կազմի բյուրոն իր նիստին նախաձեռնել էր շտապ եզրակացության նախապատրաստումը: Հանձնաժողովը թույլատրել էր շտապ եզրակացություն պատրաստել Հայաստանի դատական օրենսգրքի բարեփոխման մասին, որը մինչև հոկտեմբերի լիագումար նիստը ուղղված կլինի դիմող մարմիններին:
Հանձնաժողովը նաև տեղեկացվել է այն մասին, որ Սահմանադրական դատարանի նորից ընտրված դատավորը կասկածի տակ է դրել 9 դատավորներից 7-ի օրինականությունը, որոնք ընտրվել են մինչև 2015 թվականի սահմանադրական բարեփոխումների ուժի մեջ մտնելը:
Նրա խոսքով՝ նրանք ընտրվել են ՍԴ անդամների կողմից, իսկ նոր տեքստում հիշատակվել են ՍԴ դատավորները:
Սահմանադրության վերանայված 231-րդ հոդվածը, այնուամենայնիվ հստակ և անվիճելի կերպով նշում է, որ մինչև սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելը ՍԴ նշանակված ղեկավարը և անդամները պետք է շարունակեն իրենց պաշտոնները զբաղեցնել մինչև 2005 թվականի Սահամանդրությունում նշված լիազորությունների ժամկետի ավարտը:
Մտահոգություն է առաջացնում այն, որ դատավորի այս հայտարարությունը ողջունել է խորհրդարանը և գործող դատավորների մանդատների նկատմամբ միջամտության սպառնալիք գոյություն ունի:
Հանձնաժողովը Վենետիկի հանձնաժողովի ղեկավար Ջ. Բուքիքիոյին լիազորել է հետևել տվյալ հարցի շուրջ զարգացումներին և անհրաժեշտության դեպքում հրապարակային ելույթով հանդես գալ: