ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԲԱՔՎՈՒՄ ԼՌՈՒՄ ՋՈՒԴԻ ՉՈՒԻ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Անցած շաբաթվա վերջին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունեց միանգամից երկու կարևոր որոշում, որոնք վերաբերում են Արցախի հիմնախնդրին։ Կոնգրեսականներ Ջուդի Չուի և Բրեդ Շերմանի առաջարկած լրացումների էության մասին արդեն շատ է գրվել և դժվար թե արժե կրկնել։ Երկու որոշումներն էլ հարկ է գնահատել որպես ԱՄՆ-ի հայ համայնքի և լոբբիստական կազմակերպությունների նկատելի հաջողություն, ինչն անթաքույց նյարդայնություն հարուցեց Բաքվում։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես եկավ Բրեդ Շերմանի լրացման վերաբերյալ հայտարարությամբ, մամուլում բազմաթիվ մեկնաբանություններ ու գնահատականներ հրապարակվեցին նույն այդ թեմայով։ Բնորոշ է սակայն, որ կոնգրեսական Ջուդի Չուի լրացումն ընդունելու մասին Բաքվում լռում են, ասես ջուր են առել բերանները։

Ինչպես պաշտպանության նախարարության հայտարարությունների, այնպես էլ Շերմանի նախաձեռնության թեմայով բոլոր մեկնաբանությունների ընդհանուր տրամաբանությունը հանգում է նրան, թե իբր՝ «մենք ԱՄՆ-ից երբեք չենք էլ գնել հարձակողական բնույթի զենք, այնպես որ անհանգստանալու ոչինչ չկա»։ Այսինքն բացահայտ անհանգստությունը փորձում են քողարկել տվյալ դեպքում անվայելուչ անձնապաստանությամբ, որում նշմարվում է անհամեմատ ավելի կարևոր տեսանկյուն. Ադրբեջանը մտադիր էլ չէ թաքցնել օդանավակայանի գործարկման դեպքում Ստեփանակերտ ժամանող և մեկնող քաղաքացիական օդանավերը խփելու իր մտադրությունը։ Ավելին, այդ բարբարոսական մտադրությամբ դեռ մի բան էլ հոխորտում են, դրանով իսկ հաստատելով ագրեսիվ ծրագրերը Արցախի ժողովրդի և բոլոր նրանց նկատմամբ, ովքեր, ուշադրություն չդարձնելով տխրահռչակ սև ցուցակին, գալիս են հիանալու հայկական երկրամասով։

Բացի այդ, ինչպես նշեց «ԳԱ»-ին տված հարցազրույցում ԱՄՆ գծով փորձագետ Սուրեն Սարգսյանը, կա հարցի նաև մեկ այլ տեսանկյուն։ «Ադրբեջանը, ինչպես հայտնի է, ԱՄՆ-ից ակտիվորեն գնում է տիեզերական սարքեր, ռադիոլոկացիոն կայաններ, արբանյակներ։ Բացառված չէ, որ արգելքը կարող է վերաբերել նաև այդ գործարքներին, որոնք բավական մեծ ծավալ են կազմում երկու երկրների առևտրական շրջանառության մեջ»,- նշեց Սարգսյանը։ Բաքվում այդ մասին նույնպես չեն խոսում, ինչը լոկ հաստատում է ընդհանուր մտահոգությունը Կոնգրեսի ընդունած որոշումների առնչությամբ։

Շատ ավելի պերճախոս է այն փաստը, որ Ադրբեջանում համառորեն նախընտրում են «չնկատել» Ներկայացուցիչների պալատի հավանությանն արժանացած երկրորդ լրացումը։ Ջուդի Չուի նախաձեռնությունն ունի կիրառական նշանակություն և անմիջականորեն վերաբերում է այն հարցին, որի մասին վաղուց և համառորեն խոսում են փորձագետները Երևանում և որի վրա ՀՀ ԱԳՆ-ը առանձնահատուկ շեշտ է դրել իր վերջին հայտարարության մեջ։ Խոսքը Վիեննական և Պետերբուրգյան պայմանավորվածությունների վերադարձի մասին է բանակցությունների օրակարգ, որոնք Ադրբեջանին հաջողվեց երկրորդ պլան մղել «վերելակային բանակցությունների» շնորհիվ։ Շփման գծում վերջերս իրավիճակի սրացումը լիակատար չափով ցույց տվեց հարաբերական անդորրի փխրունությունը և ապացուցեց, որ հրադադարի ռեժիմի ինչպես պահպանումը, այնպես էլ խախտումները իրավիճակն առաջվա պես ի նպաստ իրեն շահարկելու միջոց են Բաքվի համար։

Ջուդի Չուի լրացումը, որն առաջադրվեց որպես կոնգրեսականներ Ռոյսի և Էնգելի հանրահայտ նախաձեռնության համալրում, ոչ միայն արդիականացնում է հետաքննության մեխանիզմների տեղադրման և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդարձակման մասին պայմանավորվածությունները, այլև կրկին շեշտադրում դիպուկահարների հարցը։ Իսկ գլխավորը, ինչպես ընդգծում են փորձագետները, այն կոչ է անում ԱՄՆ-ի կառավարությանը ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որը հրաժարվում է ընդունել և՛ համանախագահների, և՛ հայկական երկու կողմերի հավանությանն արժանացած ու Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ընդունված առաջարկությունները։

Թե ինչու է Բաքուն տրանսի մեջ ընկնում ամեն անգամ, երբ խոսք է բացվում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման մասին, բացատրելն ավելորդ է. որովհետև սրացման և սադրանքների մեղավորը միշտ հենց Ադրբեջանն է։ Թե ինչու է Բաքուն հրաժարվում հեռացնել դիպուկահարներին, նույնպես գաղտնիք չէ. շփման գծում նրանց առկայությունը Ադրբեջանի համար միշտ եղել է բանակցային գործընթացի վրա ճնշում գործադրելու և հայկական կողմերին սպառնալու գործիք։ Թե ինչու է Բաքուն դիմադրում Կասպրշիկի գրասենյակի ընդարձակմանը, նույնպես պարզ է. Ալիևին բացարձակապես ձեռնտու չէ հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ ԵԱՀԿ հսկողության ուժեղացումը։ Այս ամենը գերազանց հասկանում են և՛ համանախագահները, և՛ հարցին այսպես թե այնպես առնչվող ցանկացած կազմակերպություն։

Այս համատեքստում Ջուդի Չուի լրացման վերաբերյալ մեռյալ լռությունը՝ Շերմանի առաջարկի նկատմամբ ակտիվ արձագանքի խորապատկերին, առավել քան պերճախոս է։ Բաքուն հաստատում է օդանավակայանի բացման նկատմամբ իր ագրեսիվ մտադրությունները, բայց ընդ որում պոչը մտցնում ոտքերի արանքը՝ խուճապահար սպասելով Վիեննական պայմանավորվածությունների վերադարձին բանակցությունների օրակարգ։ Ինչը Կոնգրեսի Վերին պալատի կողմից վերջնական որոշման ընդունման դեպքում կդառնա առավել քան հավանական։