ԵՐԵՎԱՆԸ ԱՌԱՆՑ ԱՆՃՈՌՆԻ ԳՈՎԱԶԴԻ՞
Անճոռնի վահանակների և բաններների ապամոնտաժումն անհրաժեշտ է հասցնել ավարտին։ Բայց մենք բոլորս գիտենք, թե երբեմն որքա՜ն հեռու է տեսությունը պրակտիկայից։ Դրանում մենք համոզվեցինք նաև նոր իշխանությունների պարագայում։ Ինչ ասես արժեր բարձրահունչ հայտարարությունն այն մասին, թե Օպերային թատրոնի տարածքից պետք է ապամոնտաժվեն անխտիր բոլոր սրճարանները և փոխարենը ծառեր տնկվեն։ Իսկ աղբի հետ կապված իրավիճակի մասին խոսելու հարկ էլ չկա։
Երևանի քաղաքապետարանը սկսել է պատմամշակութային և ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերի վրա տեղադրված գովազդային վահանակների ապամոնտաժումը, հաղորդեցին «ԳԱ»-ի թղթակցին մայրաքաղաքի աշխատակազմի մամլո ծառայությունում։ Քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Գարիկ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ նշեց, որ պատմամշակութային շենքերի համար արդեն կան հաստատված գովազդային սխեմաներ։
«Նշված սխեմաներում այս ապամոնտաժվող գովազդային միջոցները նախատեսված չեն եղել,- ասաց Գ.Խաչատրյանը։- Խնդրի հետ կապված մեզ դիմեցին շենքերի համատիրությունները, ինչի հիման վրա նախաձեռնեցինք այս գործընթացը։ Առաջինն ապամոնտաժվում են Բաղրամյան պողոտայի 1 և 2 հասցեներում գտնվող շենքերի վրա փակցված գովազդային միջոցները։ Այս հատվածում գովազդային միջոցները 10-ն են: 8-ն արդեն ապամոնտաժվել են: Շաբաթվա ընթացքում կապամոնտաժվեն նաև մյուսները»։
Խաչատրյանը հաղորդեց նաև, որ քաղաքապետարանի նախաձեռնությամբ գովազդակիր ընկերությունների հետ տեղի են ունեցել բանակցություններ՝ պատմամշակութային նշանակության շենքերի վրա տեղադրված վահանակների ապամոնտաժումն իրականացնելու համար։ Բոլոր տնտեսվարող սուբյեկտները պատրաստակամություն են արտահայտել սեփական միջոցների հաշվին ապամոնտաժել գովազդային վահանակները։ Երևանի վարչական շրջաններում գույքագրումը շարունակվում է։ Նախնական հաշվարկներով, մայրաքաղաքում կա ավելի քան 100 այդպիսի վահանակ։ Դրանց ապամոնտաժումից հետո համապատասխան քայլեր կձեռնարկվեն նաև շենքերի ճակատամասերին նախկին գույները վերադարձնելու ուղղությամբ։
«ԳԱ»-ի թղթակիցն ականատես դարձավ գովազդային վահանակների ապամոնտաժմանը, որոնք տեղադրված էին Բաղրամյան 1 հասցեում պատմական ամենաինքնօրինակ շենքերից մեկի վրա, որը կառուցվել է առաջին կին ճարտարապետ Աննա Տիգրանի Տեր-Ավետիքյանի նախագծով։ «Այս գեղեցիկ շենքը չէր երևում, այն ծածկված էր բաններներով ու վահանակներով, - ասաց շենքի բնակիչ, ինժեներ Ավետիք Մեսրոպյանը։- Մենք բազմիցս դիմել ենք և՛ համատիրությանը, և՛ քաղաքապետարանին, պահանջելով հանել այդ այլանդակությունը։ Եվ ահա վերջապես սառույցը կարծես թե շարժվեց»։
«Գլխավորը՝ հետևողականություն դրսևորել և գործն ավարտին հասցնել,- համարում է Ճարտարապետության և շինարարության համալսարանի ուսանող Պողոս Հովհաննիսյանը։- Մենք երկար տարիներ լսում ենք քաղաքաշինական կամայականությանը վերջ տալու իշխանությունների խոստումները, բայց առայժմ ամեն ինչ մնում է առաջվա պես»։
Եվ իրոք, փոխվում են քաղաքապետներն ու գլխավոր ճարտարապետները, խորհրդարանը օրենք է «ընդունում» փոքր կենտրոնի մասին, իսկ մայրաքաղաքը շարունակում է թաղված մնալ քաղաքաշինական սանձազերծ անօրինության մեջ։ Կետային կառուցապատումը հասել է անհավանական մասշտաբների, ամեն քայլափոխի խախտվում են քրեստոմատիական Շինարարական նորմերն ու կանոնները։ Դա վերաբերում է նաև ճակատամասերի արտաքին ձևավորմանը, ներառյալ տգեղ, անճաշակ ցուցանակներն ու գովազդները։ Դատողություններն այն մասին, որ Երևանը կանաչ ու հարմարավետ քաղաք է, վաղուց ընկալվում են որոշակի հեգնանքով։
Քաղաքակիրթ երկրներում բնակելի շենքերի վրա, որոնց առաջին հարկը զբաղված է գրասենյակներով ու խանութներով, գովազդը տեղադրում են առաջին և երկրորդ հարկերի միջև ծածկի գծից ոչ բարձր։ Ցուցանակների թույլատրված բարձրությունը՝ 0,5 մետրից ոչ ավելի։ Եթե շենքում տեղավորված են մի քանի կազմակերպություններ, ապա տառերի բարձրության հարցում բոլոր հաջորդ գովազդատուները պարտավոր են հարմարվել առաջին ցուցանակին։ Իդեալական դեպքում ընդհանուր գեղարվեստական կոմպոզիցիան պետք է ստացվի համաչափ, աչքին հաճելի և շենքի տեկտոնիկային ներդաշնակ։
Առանձին կանգնած առևտրային, գրասենյակային և արդյունաբերական շենքերի վրա գովազդային կառուցվածքներ կարելի է տեղադրել նաև երկրորդ հարկից բարձր։ Բայց արգելվում է փակել ապակենախշերը, ցուցափեղկերն ու պատուհանները, նույնիսկ անկախ այն բանից, որ ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս պատուհանի վրա փակցնել ցուցանակ, որի միջով գրասենյակի աշխատողները գերազանց տեսնում են դրսում կատարվող ամեն ինչ։ Տվյալ դեպքում գովազդատուներին խորհուրդ է տրվում իրենց մասին հայտարարել պատուհաններից ու դռներից զուրկ արտաքին պատերի խուլ մակերեսին փակցված գովազդային միջոցներով։ Եվ նույնպես՝ չափերի և գեղարվեստական ձևավորման առումով հարմարվելով հարևան ցուցանակներին։ Այդ կանոններից ոչ մեկը մեզանում չի պահպանվում։ Բավական է անցնել Մաշտոցի, Կոմիտասի, Սայաթ-Նովայի պողոտաներով և Թումանյան ու Ամիրյան փողոցներով՝ դրանում համոզվելու համար։
Եթե 25 տարի առաջ համարվում էր, թե ճչան բաններներն ու նեոնային լույսերը կցրեն հետխորհրդային փողոցների դարավոր տաղտկալիությունը, ապա շատ շուտով պարզ դարձավ, որ խառնիճաղանճ գույներն ու տառատեսակները գրավչություն չեն ավելացնում քաղաքին, այլ ճիշտ հակառակը։
Իհարկե, քաղաքային իշխանությունների երկար սպասված որոշումը կարելի է միայն ողջունել։ Եվ անճոռնի վահանակների ու բաններների ապամոնտաժումն անհրաժեշտ է հասցնել ավարտին։ Բայց մենք բոլորս գիտենք, թե երբեմն որքա՜ն հեռու է տեսությունը պրակտիկայից։ Դրանում մեզ համոզեցին նաև նոր իշխանությունները։ Ինչ ասես արժեր բարձրահունչ հայտարարությունն այն մասին, թե Օպերային թատրոնի տարածքից պետք է ապամոնտաժվեն անխտիր բոլոր սրճարաններն ու փոխարենը ծառեր տնկվեն։ Իսկ ի՞նչ ստացանք արդյունքում։ Քանդեցին երկու սրճարան և դրանց տեղում տնկեցին երկու թուփ ու խոտ։ Իսկ աղբի հետ կապված իրավիճակի մասին խոսելու հարկ էլ չկա։