«Ո՞Վ Է ՄԵՂԱՎՈՐ»՝ «Ի՞ՆՉ ԱՆԵԼ» ՀԱՐՑԻ ՓՈԽԱՐԵՆ

«Սանիտեք» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է ֆինանսական դժվարությունների մասին՝ պայմանավորված նաև քաղաքապետարանի կողմից կիրառվող չարդարացված և ոչ համաչափ պատժամիջոցներով ու տուգանքներով, հաղորդում է ԱՌԿԱ-ն։

«Անդրադառնալով այսօր քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քաղաքապետի կողմից հնչեցրած այն ձևակերպմանը, որ «աշխարհում չկա այնպիսի մարդ, որը կարող է երևանցիների հետ շանտաժի լեզվով խոսել»՝ ընկերությունը տեղեկացնում է, որ երբևէ ոչ մեկի հետ շատաժի լեզվով չի խոսել և չի խոսում։ Ընկերությունը ենթակապալառուների նկատմամբ վճարային պարտավորություններն այս պահին հնարավորություն չունի կատարել բացառապես քաղաքապետարանի ոչ կառուցողական գործողությունների հետևանքով»,-ասվոււմ է հայտարարությունում։

Նշվում է, որ քաղաքապետի հուզական մտքերը է՛լ ավելի են բարդացնում առանց այդ էլ ոչ պարզ իրավիճակը և փակուղի մտցնում ընկերության բաժնետերերի նախաձեռնած բանակցությունները։ Ընկերությունը խոստանում է ամենամոտ ժամանակներս անել բոլոր շեշտադրումները և ներկայացնել բոլոր այն փաստերը, որոնք մինչ այս չեն հրապարակվել բանակցային գործընթացի շահերից ելնելով։

Ավելի վաղ Sanitek International կազմակերպությունը հայց է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի դեմ։ Հայցի գումարը կազմում է 247021876 դրամ։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. մինչ «Սանիտեքն» ու Երևանի քաղաքապետարանը դժգոհություններ են ներկայացնում միմյանց, մինչ կողմերից յուրաքանչյուրն օգտվում է ընդդիմախոսի վրա ֆիսկալ-պատժամիջոցային ազդեցություն գործելու սեփական զինանոցից (տուգանքներ, դատական հայցեր), մինչ գործի են դրվում տեղեկատվական գրոհներ և նախազգուշական մեդիակրակոցներ, մայրաքաղաքը թաղվում է աղբի մեջ։ Թաղվում է հիմնավորապես, ակներև հակասանիտարական վիճակով, համաճարակների առաջացման, առնետների, ուտիճների և հիվանդություններ տարածող այլ կենդանիների գրոհի սպառնալիքով։

Ի դեպ, տարօրինակ է, որ Առողջապահության նախարարությունը չի ահազանգում այս իրավիճակի կապակցությամբ։ Տարօրինակ է, որ հոգ տանելով, օրինակ, քաղաքացիների առողջության մասին, նախարարությունը բացառիկ սկզբունքայնություն է ցուցաբերում ծխելու դեմ պայքարի ոլորտում, իսկ այ համաճարակների տարածման բացահայտ վտանգը չի հարուցում նույնպիսի (ինչպես հակածխախոտային պայքարի դեպքում) մտահոգություն։ Թեպետ, դա մասնակի հանգամանք է։ Եվ խոսքն այս պահին դրա մասին չէ։

Ամենևին չփորձելով արդարացնել ընկերության գործողությունները, այնուամենայնիվ չի կարելի չնշել մի ակնհայտ փաստ։ Երբ քաղաքապետարանն անցավ ընկերության նկատմամբ ֆինանսական պատժամիջոցների քաղաքականության, ակներև դարձավ, որ աղբը Երևանում շատանալու է։ Չէ՞ որ պարզ է, որ նման մեթոդներով պատժելով ձեռնարկությանը, նույնիսկ եթե պատիժն արդար է, անհնար է ակնկալել աշխատանքի արդյունավետության բարձրացում։ Մանավանդ երբ պատժվող կողմը չի ընդունում իր մեղքը, երբ ներկայացնում է հակափաստարկներ, երբ ինքն է պատասխանում ֆինանսական պահանջներով։ Պարզ է, որ հակասությունները, որոնք սահուն կերպով փոխարկվեցին բացահայտ հակամարտության, կարող են հանգեցնել միայն աղբահանության խնդրի խորացման։ Ինչն էլ, ըստ էության, տեղի ունեցավ։

Մինչդեռ ներկայումս կողմերը փորձում են երևանցիների ուշադրությունը սևեռել այն հարցի վրա, թե ո՞վ է մեղավոր։ Այո, շատերի համար դա հետաքրքիր հարց է։ Բայց նույնիսկ առանձնահատուկ, սևեռուն ուշադրությունը պատասխանատվության խնդրի վրա չի կարող երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի ուշադրությունը շեղել աղբամաններից։ Ըստ էության, վերահսկողությունից դուրս եկած իրավիճակն այն աստիճան վտանգավոր ձևեր է ստացել, որ «ո՞վ է մեղավոր» հարցը արդեն վաղուց տեղը զիջել է «ի՞նչ անել» հարցին։ Եվ ի՞նչ։ Ոչինչ։ Հիմա կողմերից մեկը վախեցնում է մյուսին ինչ-որ տհաճ փաստերի հրապարակումով, մյուսը՝ մեղադրում, հայտարարելով, որ չի հանդուրժի շանտաժ։

Իրականում պարզապես զարմանալի է, որ խնդիրն առհասարակ հայտնվեց փոխադարձ կշտամբանքների հարթությունում։ Ակնհայտ է, որ աղբահանության կազմակերպման համար երևանցիների առջև պատասխանատու է քաղաքային վարչակազմը։ Թե ինչպես է նա ապահովում այդ կազմակերպումը, մայրաքաղաքի բնակիչներին մեծ հաշվով այնքան էլ չի հուզում։ Վերջիվերջո, եթե խնդիրներ կան «Սանիտեքի» հետ, ապա դրանք քաղաքապետարանի խնդիրներն են, որը պարզապես պարտավոր է հարթել ի հայտ եկող հակասությունները։ Ի վերջո, եթե ուզում են, թող տուգանեն, թող բանակցություններ վարեն, թող համոզեն, փռեն ասֆալտին կամ ծեփեն պատերին։ Բայց արդյունքը պետք է ապահովվի հենց քաղաքապետարանի կողմից։

Քաղաքի մաքրության համար պատասխանատվությունն ընկած է հենց նրա ուսերին և նրանից էլ պետք է պահանջել, անկախ այն բանից, թե ինչպես է իրեն պահում «Սանիտեքը»։ Չէ՞ որ երևանցիները քաղաքային տնտեսության կառավարումը վստահել են ոչ թե «Սանիտեքին» կամ այլ ընկերության, այլ մայրաքաղաքային իշխանությանը։ Օժտել են համապատասխան լիազորություններով։ Ահա և արդյունքն էլ նրանից են սպասում։

Աղբային ճգնաժամը Երևանում ուժգնանում է օրըստօրե։ Ուղիղն ասենք, արտակարգ իրավիճակի այդ խորապատկերին, երբ շտապ պետք է փնտրել «ի՞նչ անել» հարցի պատասխանը, հասարակությանն ինտրիգում են «ո՞վ է մեղավոր» հռետորական հարցով։ Հարց, որի պատասխանն ակնհայտ է։ Կարելի է չափազանց համոզիչ, փաստարկավորված կերպով մեղադրել օպերատորին ներկայիս իրավիճակի առաջացման համար, բայց դա չի ազատում քաղաքապետարանին քաղաքի մաքրության ապահովման պատասխանատվությունից։ Ժամանակն է դա հասկանալ։ Այդչափ տարրական ճշմարտությունը գիտակցելու համար աշխատանքի 9 ամիսները նոր աշխատակազմին միանգամայն բավական էին

Основная тема:
Теги: