ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՄՆՈՒՄ Է ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ

Ահաբեկչությունը մնում է ահաբեկչություն, անկախ նրանից, թե ով է այն իրականացնում և ինչ նպատակով։ Այս միտքը կարմիր թելի պես անցնում է Ֆեյսբուքի օգտվողների մեկնաբանություններում, դառնալով պատասխան «Սասնա ծռեր» խմբի անդամների լկտի հոխորտանքին և սեփական կերպարների անամոթ հերոսականցմանը՝ Երևանում ՊՊԾ գնդի զինված զավթման երրորդ տարեդարձին։

 ТЕРРОР ЕСТЬ ТЕРРОР

Այն ժամանակ, երեք տարի առաջ, հիշեցնենք, «Սասնա ծռեր» զինված խումբը երկու շաբաթ շարունակ պատանդ էր պահում մոտ 10 մարդու՝ ոստիկանների (այդ թվում ներկայիս ոստիկանապետ Վալերի Օսիպյանին) և շտապօգնության բժիշկների։ Երեք ոստիկաններ սպանվեցին «Սասնա ծռեր» զինված խմբի գործողությունների արդյունքում։ Մեկ տարի առաջ ազատ արձակվելով, ծանր հոդվածներով մեղադրվող այդ մարդիկ ամենայն լրջությամբ ու առանց խղճի խայթի սկսեցին ինչ-որ բան բարբաջել խռովության տրամաբանության, այն մասին, թե իրենք օգտվել են խռովության բացառիկ իրավունքից և մարդասիրական իրավունքը չեն խախտել։ Իսկ այնպիսի անդառնալի հետևանքը, ինչպիսին էր մարդկանց մահը, տեղի է ունեցել առանց մարդասիրական իրավունքի խախտման։

Այնուհետ՝ ավելին։ Աշնանը նրանց նկատմամբ կիրառվեց նաև նոր իշխանության ձեռնարկած համաներումը։ Ընդ որում՝ առանձին տողով, այսպես ասած՝ հասցեական։ Քանի որ նրանց մեղսագրվող ծանր հոդվածները համաներումը չէր ընդգրկում։ Այնպես որ ավելի ճիշտ կլինի ասել՝ համաներումը հարմարեցրին «Սասնա ծռերին», թեև նրանց հանդեպ դա կիրառելի չէր ոչ մի տրամաբանությամբ. ո՛չ մարդասիրական, ո՛չ էլ առավելևս իրավական։ Մինչդեռ նրանք առաջադրվեցին խորհրդարան։ Բացի այդ, նրանց գաղափարական ոգևորիչ Վարուժան Ավետիսյանը տարբեր հարցազրույցներում անամոթաբար բարբառում էր անցումային արդարադատության անհրաժեշտության մասին, որի արդյունքում, համաձայն վերջնականապես լկտիացած գրոհայինի, կհաղթի արդարությունը ևմեղադրյալի աթոռին կհայտնվի Վալերի Օսիպյանը, հենց նա, որին «Սասնա ծռերը» պատանդ էին պահում։

Արժե՞ արդյոք զարմանալ նոր անպատկառ հայտարարությունների վրա, ինչպիսիք են շնորհավորանքները «հուլիսյան ապստամբության 3-ամյակի», «հայկական Նյուրնբերգի» (այդպես են Ավետիսյանն ու ընկերներն անվանում անցումային արդարադատության ատյանը-Ա.Չ.) ճանապարհով արդարության վերականգնման» կապակցությամբ, կամ հուլիսի 17-ը ազգային տոն հայտարարելու, իսկ ապստամբության իրավունքը Սահմանադրության մեջ ամրագրելու գռեհիկ ու անամոթ գաղափարը։

Եվ արժե՞ արդյոք զարմանալ մարդկանց արձագանքի վրա, որն անհապաղ հաջորդեց սոցցանցերում։ Այստեղ թերևս ոչ թե զարմանալ, այլ ուրախանալ է պետք. անհրաժեշտ պահին հասարակության առողջ մեխանիզմները սկսում են գործել։ Բայց որոշ մեկնաբանություններ մեջբերելուց առաջ հիշեցնեմ. «Սասնա ծռերի», նրանց արմատական հայացքների և արդարության մասին պատկերացումների նկատմամբ իրենց վերաբերմունքը մարդիկ ցույց տվեցին անցած տարվա դեկտեմբերի 9-ին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ 22868 ձայն կամ 1,8%. այսպիսին է «Սասնա ծռերի» իրական կշիռը, և լավ կլինի, որ նրանք հիշեն այդ մասին՝ մինչ սեփական սիրելի անձը հերոսականացնելը։

ТЕРРОР ЕСТЬ ТЕРРОР

Իսկ ինչ վերաբերում է հասարակայնության առողջ մասին, ապա կրկնենք, լկտիության և սեփական արարքի համար (ընդգծենք, ՊՊԾ գնդի զինված զավթում՝ երեք մարդու սպանութամբ և տասը մարդու պատանդառությամբ) որևէ զղջման բացակայության նկատմամբ արձագանքը հաջորդեց անհապաղ։ «Երեք տարի առաջ այդ տղաները զոհվեցին, պաշտպանելով Հայաստանի պետական և սահմանադրական կարգը։ Երկրի համար հիրավի ողբերգական այդ օրերի և իրադարձությունների ցանկացած այլ մեկնաբանություն աղետալի հետևանքներով է սպառնում մեզ ամենքիս։ Քանզի այդօրինակ անմիտ ֆրոնդականությունը և սովորական ահաբեկիչների հետ թեթևամիտ սիրախաղը մի օր կարող են ավարտվել նրանով, որ այդ տղաներին սպանողները կզավթեն երկրում իշխանությունը։ Եվ այդժամ ոչ մեկին քիչ չի թվա»,- գրել է մեր գործընկեր Աշոտ Սաֆարյանը։ Պատմական էքսկուրս կատարելով, նա հիշեցրեց, թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել քաղցրախոսությունը ծռերի կարգի սուբյեկտների հետ. «Երբ XIX դարի Ռուսաստանի լիբերալ հասարակայնությունը պաշտպանում էր Պետերբուրգի քաղաքագլուխ Տրեպովին գնդակահարած Վերա Զասուլիչին և կատարյալ հրճվանք ապրում, երբ ատենակալները արդարացրեցին նրան, դժվար թե կարող էր ենթադրել, որ 1917 թվականի մի գեղեցիկ օր այդ ամենը փոխարկվելու է Ուլյանով-Բրոնշտեյն արյունոտ ու մղձավանջային տանդեմի։ Իսկ հեղափոխական նավաստիներն ու կարմիրգվարդիականները բռնաբարելու են Սմոլնու օրիորդներին ու սվինահարելու հենց այդ լիբերալ փաստաբաններին և այլ առաջադեմ գործիչների։ Երեք տարի առաջ այդ տղաները զոհվեցին, պաշտպանելով Հայաստանի պետական և սահմանադրական կարգը։ Սա փա՛ստ է։ Ողբերգական և արդեն պատմական փաստ։ Այլ տարբերակ չկա և չի կարող լինել»։

Հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել երեք տարի առաջ, պետք է պատասխանել ընդամենը մեկ հարցի. եթե այսօր 30-ից ավելի զինյալներ հարձակվեին ոստիկանության գնդի վրա, սպանեին գունդը պաշտպանող ոստիկաններին, պատանդ վերցնեին մարդկանց և պահանջեին իրենց հրամանատարի ազատությունն ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ապա ինչպե՞ս դա կորակվեր։ Այսպես է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահը բացատրում ակնհայտը առանձնակի անհասկացողներին։ «Ես գիտեմ պատասխանը, ավելին, իմացել և ասել եմ դեռ 3 տարի առաջ, ուղղակի ցանկանում եմ,որ քաղաքական մանիպուլյատորներն ու օտարերկրյա գործակաները ուղիղ պատասխանեն այս հարցին: Ահաբեկչությունը մնում է ահաբեկչություն, անկախ նրանց, թե ում կողմից է դա արվում և ինչ նպատակով»,- գրել է Ղազինյանը Ֆեյսբուքում։

Հասարակական ակտիվիստ Գևորգ Գրիգորյանը կոչ է անում բոլոր նրանց, ովքեր ոգևորված բղավում են «ոստիկանը մերն է», հիշել ընդ որում ՊՊԾ զավթման օրերին զոհված երեք ոստիկաններին։ «Մեղմ ասած, տարակուսանք է առաջացնում այն փաստը, որ «օրենքի երկրում» ոստիկաններ սպանած ահաբեկիչների խումբը կարող է դառնալ թեկուզ և չնչին ու շատերի կողմից հաշվի չառնվող, բայց քաղաքական միավոր»,- գրել է նա։ Ակտիվիստ Նարեկ Սամսոնյան. «Ահաբեկիչներին ազատություն տալու ու նրանց հետ քաղաքական պայմանավորվածություններ ունենալու համար Նիկոլն ու իր թիմը ոչ միայն պատասխան են տալու, այլև մինչ այդ խիստ զղջալու են… Այն փամփուշտները որոնք կրակվեցին Վանոյանի ու Տեփանոսյանի ուղղությամբ, կրակելու են նաև Նիկոլի իշխանության ուղղությամբ:»։ Հասարակական գործիչ Արա Վարդանյան. «Սրիկա մարդասպաններ միշտ եղել են և կլինեն. դա դժվարությամբ, բայց կարող եմ հասկանալ։ Իսկ այս Հայ տղաներին սպանողներին հերոսացնողներին հասկանալու տարբերակ չկա։ Նույնիսկ դժվարանում եմ գնահատել թե որն է ավելի վտանգավորը հասարակության համար՝ սպանողը, թե իր գործողությունները արդարացնողը։ Կարծիքս աներկբա է՝ մարդասպանները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ»։

Նշենք, որ նման մեկնաբանություններն անթիվ են, դրանք բոլորը մեջբերելու համար լրագրային ոչ մի մակերես չի բավականացնի։ Վերջում մեջբերենք միայն բլոգեր Տիգրան Քոչարյանի գրառումը. «Երբ որ պետականությունը վերականգնվի, առաջին հրամաններից մեկը, որ պետք է արձակի պետականությունից հասկացող ու պետականությունը հարգող երկրի ղեկավարը, դա գնդապետ Արթուր Վանոյանին, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանին և ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանին Հայաստանի Ազգային Հերոսի կոչումը շնորհելն է։

Իսկ Օսիպյանին գեներալի կոչումը պետք էր շատ ավելի շուտ տրվեր՝ պատանդի կարգավիճակում գտնվելիս սպայի պատիվը գետնին չտալու ու արժանավայել պահվածքի համար»։