ԹԱԳԱՎՈՐԻՆ ԹԱԳԱՎՈՐ Է ԴԱՐՁՆՈՒՄ ՇՔԱԽՈՒՄԲԸ. ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՇՔԱԽՄԲՈՒՄ

Երրորդ օրն է, ինչ հայ հասարակայնությունը փոթորկված է «Իրավական ուղի» կազմակերպության հրապարակած Վենետիկի հանձնաժողովի արձանագրությամբ։ Երրորդ օրն է, ինչ փաստաթղթի իրավաբանական և քաղաքական նրբերանգներից լավ գլուխ հանողները, ինչպեսև նրանք, ովքեր տեղի ունեցող ամենը գնահատում են միայն «իշխանություն-ընդդիմություն» սկզբունքով, ամեն տեսանկյունից բացատրում, մեկնաբանում և գնահատում են փաստաթղթի բովանդակությունն ու դրա նշանակությունը Հայաստանում դատական բարեփոխման համար։ Այս խորապատկերին տարօրինակ դատարկությամբ աչք է ծակում հանձնաժողովի շարադրած մտքերի էության վերաբերյալ կառավարության պաշտոնական դիրքորոշումը, քանզի իշխանության ներկայացուցիչների ասած ամենը առ այսօր հանգում է մեն-միակ և տվյալ դեպքում ոչ այնքան էական հարցի. ո՞վ է, իբր, հրապարակել արձանագրությունը և ի՞նչ հիման վրա։

Այս իմաստով ցուցանշական է նրանց արձագանքը, ովքեր ծառայության բերումով պարտավոր են օբյեկտի մեկնաբանություն տալ և ներկայացնել ինչպես պետկառույցների և իշխանության կուսակցության, այնպես էլ հենց իր՝ վարչապետի դիրքորոշումը։ Այդ արձագանքը նախկինում բազմիցս ցուցադրել է մամուլի համար մեկնաբանություններով կամ հայտարարություններով հանդես եկող բարձրաստիճան պաշտոնյաների մասնագիտական անկարողությունը և «իր խաղով թագավոր սարքելու» տարրական հմտությունների և ունակությունների բացակայությունը, ինչպես դա պահանջում են վերջինիս շահերը։ Ավելին, ոճը, որով այդ մարդիկ հարկ են համարում շփվել ԶԼՄ-ների, իսկ հետևաբար նաև երկրի քաղաքացիների հետ, ակնհայտ վնաս է հասցնում և՛ անձամբ վարչապետին, և՛ նրա աշխատակազմին, խաղալով իշխանության իմիջի և հեղինակության հետ՝ ամբողջությամբ վերցրած։ Վենետիկի հանձնաժողովի արձանագրության վերաբերյալ բարձրաստիճան երկու պաշտոնյաների արձագանքը ինչպես հուզական, այնպես էլ մասնագիտական առումով հերթական անգամ ցուցադրեց դա։

Ո՞վ է պետության առաջին դեմքի մամուլի քարտուղարը։ Դասական ընկալմամբ դա այն մարդն է, որը բարձրագույն պաշտոնատար անձի պաշտոնական ձայնն է՝ ներկայացնելով նրա դիրքորոշումը, ինպես նաև երկրի ղեկավարության դիրքորոշումը տարբեր իրադարձությունների նկատմամբ և իրականացնելով կապը զանգվածային լրատվամիջոցների հետ։ Այսինքն Վլադիմիր Կարապետյանը, լինելով Նիկոլ Փաշինյանի մամլո քարտուղարը, պարտավոր է ԶԼՄ-ներին ներկայացնել վարչապետի տեսակետը հասարակայնությանն ու երկրի բնակչությանը հուզող հարցերից ցանկացածի վերաբերյալ։ Եվ այդ պարտականությունը պետք է կատարվի կոռեկտ, անկիրք և պատասխանատու կերպով, քանզի մամլո քարտուղարի պրոֆեսիոնալիզմն ու բարեխղճությունը բազմաթիվ առումներով ձևավորում են ղեկավարի իմիջը։

Հուլիսի 16-ին Panorama.am-ը ոչ մեծ նյութ հրապարակեց այն մասին, թե ինչպես է արձագանքել Կարապետյանը ՎՀ արձանագրության մասին հարցին։ Փոքրիկ հոդվածը լիակատար չափով ցույց տվեց մամլո քարտուղարի վերաբերմունքը սեփական պարտականությունների, իր ղեկավարի, երկրի համար հրատապ խնդրի նկատմամբ, ինչպես նաև նրա լավատեղյակության աստիճանը։ Ճշտենք. խոսքն ամենևին էլ այն մասին չէ, որ խորապես գլուխ հանես փաստաթղթի իրավաբանական նրբություններից, քանի որ այն, ինչ շարադրված է այնտեղ, լիովին հասկանալի է նաև համապատասխան կրթություն չունեցող մարդկանց համար։

Կարդում ենք նյութը. «Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը Panorama.am-ի հետ զրույցում մեծ դժկամությամբ, երբեմն բղավելով պատասխանեց արձանագրության վերաբերյալ հարցերին։ Նախ ասաց, դեռ երեկ մեկնաբանել է։ Խոսքը հավանաբար «Հայկական ժամանակ»-ին տված մեկնաբանության մասին է, որը հրապարակվել է երեկ կեսգիշերին մոտ։ Կառավարության էջում, Վլադիմիր Կարապետյանի ֆեյսբուքյան էջում վերջին օրվա ընթացքում ամենաշատ քննարկված հարցի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի եղել։ Ավելին, հիշյալ մեկնաբանությունից հետո նոր հարցեր են առաջացել։ Արդոք արձանագրությունը հանձնաժողովն ուղարկե՞լ է Հայաստանի կառավարությանը, նաև կառավարության ղեկավարին։ Այս հարցը բարկացրեց Կարապետյանին։ Ասաց՝ տեղյակ չէ, կառավարության անդամներին ուղարկվել է, թե՞ ոչ։ Պնդեցինք՝ իսկ վարչապետի՞ն։ «Էդ ի՞նչ փաստաթուղթ է, որ պիտի վարչապետը իմանար։ Դուք հասկանո՞ւմ եք, ինչի մասին եք խոսում։ Բա ինչի՞ եք էդ հարցը տալիս»,- բարկացավ նա։

Մամուլի ծառայության պետի ավելի ոչ պրոֆեսիոնալ պահվածք, որը շփվելով ԶԼՄ-ների հետ, բարձրացնում է ձայնը, նյարդայնանում, զայրանում, իսկ վերջում նաև անհեթեթ հռետորական հարցեր նետում լրագրողին, համաձայնեք, պարզապես դժվար է պատկերացնել։ Նույնիսկ եթե Կարապետյանը ավելի վաղ պարզաբանումներ է տվել այլ լրատվամիջոցի, նա պարտավոր է պատասխանել յուրաքանչյուր լրագրողի հարցերին։ Նույնիսկ եթե նրան ինչ-որ բան նյարդայնացնում է, ոչ մի դեպքում չպետք է ելք տա սեփական հույզերին և պարտավոր է մնալ անվրդովության շրջանակներում։ Նույնիսկ եթե նա չունի իրեն տրվող հարցերի պատասխանները, նա պարտավոր է գտնել այդ պատասխանը, քանի որ մերժումը նշանակում է, որ պաշտոնական դիրքորոշում չունեն ո՛չ անձամբ տվյալ սուբյեկտը, ո՛չ էլ կառավարության ղեկավարը, որին նա ներկայացնում է։

Եվ իհարկե, դժվար է չհամաձայնել լրագրողի ամփոփիչ մեկնաբանությանը. «Էդ ի՞նչ փաստաթուղթ է, որ պիտի վարչապետը իմանար» տրամաբանությամբ հարց է առաջանում, էդ ի՞նչ փաստաթուղթ է, որ վարչապետը պիտի հայտարարություն անի»։

Իսկապես, եթե այդ փաստաթուղթն արժանի չէ վարչապետի ուշադրությանը, եթե նա պարտավոր չէ իմանալ դրա մասին, ապա ինչո՞ւ հանդես գալ հատուկ հայտարարությամբ հենց այդ առիթով։ Այս տրամաբանական հարցին Պրն. Կարապետյանի արձագանքը պատկերացնելու ցանկություն մի տեսակ չկա, քանզի բանը լիովին կարող է հասնել փրփրած բերանի և նյարդային ջղակծկումների

Ոչ պակաս ցուցանշական էր նաև Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանի արձագանքը հրապարակված արձանագրությունը մեկնաբանելու խնդրանքին. նա, ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանին առավել մտերիմ կերպարներից մեկն է։ Չենք խոսում արդեն այն մասին, որ զբաղեցրած բարձր պաշտոնը պարտավորեցնում է իրազեկ կարծիք ունենալ և արտահայտել պետության համար կարևոր ցանկացած հարցի վերաբերյալ։ Սակայն սույն անձնավորությունը, Կարապետյանի հետ ձայն-ձայնի տված, առաջնորդվում է միանգամայն այլ նկատառումներով։ Այն է՝ նա վստահ է, որ մամուլի համար մեկնաբանություն տալուց հրաժարումը բացառապես անձնական ցանկությամբ կամ դրա բացակայությամբ (այսինքն՝ քմահաճույքով) հիմնավորելը քաղաքական և պրոֆեսիոնալ կատեգորիա է։ Եվ համապատասխան պահվածք է դրսևորում։

Այսպես, իշխանությունների համար այդ չարաբաստիկ օրը՝ հուլիսի 16-ին SputnikArmenia-ն հրապարակեց հետևյալ տեքստը. «Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի լիագումար նստաշրջանն ամփոփող փաստաթղթին ու դրանում վեթինգի վերաբերյալ ներկայացված տեսակետին` Լենա Նազարյանը հրաժարվեց մեկնաբանությունից»։

«Ես ընդհանրապես չեն ուզում մեկնաբանել այդ փաստաթուղթը, չգիտեմ՝ դա ինչ փաստաթուղթ է, ինչ հանդիպման ժամանակ է նշվել, սևագիր է, թե սևագիր չէ։ Ես ընդամենը ուզում եմ վերահաստատել դատաիրավական համակարգը բարեփոխելու, առողջացնելու մեր մտադրությունը, և դա իրականացվելու է հենց այն չափանիշներով, որոնց մասին խոսել ենք»,- ասաց Նազարյանը։

Ահա այդպես. Լենոչկան չի ուզում ու չգիտի. և վե՛րջ։ Նա չգիտի, թե դա ինչ փաստաթուղթ է, չգիտի, թե որտեղ և երբ է դա ընդունվել կամ քննարկվել, նա ոչինչ չի ցանկանում իմանալ, կարող է միայն կրկնել սերտածը, և ոչ մի բառ ավելին։ Հիշեցնեմ, Նազարյանը մեր երկրի օրենսդիր մարմնի՝ խորհրդարանի փոխնախագահն է։ Իսկ Վենետիկի հանձնաժողովը Եվրոպայի խորհրդի կարևորագույն կառույցներից մեկն է, որը զբաղվում է ԵԽ մասնակից պետությունների սահմանադրական իրավունքի խնդիրները շոշափող օրենքների և օրինագծերի վերլուծությամբ։ Այսինքն՝ այն ամենի, ինչի մասին խորհրդարանի փոխնախագահը պարտավոր է տեղյակ լինել լիարժեքորեն, հանգամանորեն ու իրազեկորեն։

Մենք հասկանում ենք, որ կարող են լինել ինտելեկտի և այս կամ այն փաստաթուղթը, այս կամ այն երևույթը, իրադարձությունը կամ կարծիքը գնահատելու և ըմբռնելու ունակության հետ կապված խնդիրներ։ Տվյալ դեպքում դա նորմալ է, եթե նաև հաշվի առնենք այն մարդկանց մտավոր, կրթական ու կենսական պաշարը, որոնք բարձր բարձր պաշտոններում են հայտնվել բացառապես սուբյեկտիվ նկատառումների շնորհիվ։ Սակայն, նույնիսկ եթե կարևոր հարցերի ընկալումն անմատչելի է, միշտ էլ կարելի է, և պե՛տք է, դիմել փորձագետների, մասնագետների օգնությանը, ստանալ պրոֆեսիոնալ խորհրդատվություն, որպեսզի հետո ծաղրի առարկա չդառնաս հասարակության աչքում։ Մնում է ենթադրել, որ նույնիսկ այդ պարզ և պետպաշտոնյաների համար երկաթե կանոնի յուրացումը իշխանության նշյալ երկու ներկայացուցիչների ուժերից վեր գտնվեց։

Եթե Նիկոլ Փաշինյանին դուր է գալիս, թե ինչպես է իրեն «թագավոր դարձնում» կամ, Նիկոլո Մաքիավելիի հայտնի արտահայտության մեկ այլ մեկնաբանությամբ՝ «իր խաղով սարքում» շքախումբը, դա այլ հարց է, որը պատկանում է արդեն «մերկ թագավորների» կատեգորիային։ Պարզապես պետք է հիշել, որ բացի անձնական շահերից ու նախասրություններից, կան նաև պետությունն ու նրա իմիջը, որը նույնպես բավական զգալի չափով բնորոշվում է «թագավորի շքախմբով»։