ԱՄՆ-Ի ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԱՊՐԻԼՅԱՆ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԺԱՄԱՆԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼ Է ԱՐՑԱԽԻ ԴԵՄ. ՎԵՐՋԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ

Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի կայքում հուլիսի 17-ին հրապարակվեց ինստիտուտի աշխատակից Էմիլ Սանամյանի հոդվածը՝ «2018-2019թթ. ԱՄՆ-ը Ադրբեջանին հատկացրել է 100 մլն դոլարի օգնություն՝ անվտանգության ոլորտի համար» վերնագրով։ Հոդվածում ներկայացվում են բառացիորեն օրերս հայտնի դարձած պաշտոնական տվյալները վերջին երկու ֆիսկալային տարիներին Ադրբեջանին ու Հայաստանին ցուցաբերված ֆինանսական օգնության չափերի մասին, որոնք վկայում են Բաքվին հատկացվող միջոցների ծավալի կտրուկ աճի մասին։

Թրամփի աշխատակազմը հետևողականորեն ավելացնում է անվտանգության հարցերում Ադրբեջանին հատկացվող ֆինանսական աջակցությունը, որը 2019 ֆիսկալային տարվա համար կազմում է ավելի քան 100 մլն դոլար։ Դրա հետ մեկտեղ այդ օգնությունն, ամենայն հավանականությամբ, մաս է կազմում Իրանի դեմ ճնշումն ուժգնացնելու ԱՄՆ-ի ռազմավարությանը և կենտրոնացված է իրան-ադրբեջանական սահմանի ուղղությամբ, սակայն դա անմիջականորեն ազդում է նաև Հայաստանի վրա, գրում է Սանամյանը։ Եվ ներկայացնում հետևյալ տվյալները։

2018-2019թթ. ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության և Պետդեպարտամենտի կողմից ռազմական և իրավական ոլորտներում Ադրբեջանին հատկացված ֆինանսական օգնությունը կազմել է ավելի քան 102,5մլն դոլար։ 2018թ. ֆիսկալային տարում Ադրբեջանին հատկացվել է 59.667.000 դոլար, իսկ 2019-ի համար նախատեսված է 42.910.000։ Հայաստանին 2018-ին տրամադրվել է 4.172.000 դոլար, իսկ 2019 և 2020 թվականների համար նախատեսված է համապատասխանաբար 2,8 և 2,1մլն։

Թեև ԱՄՆ-ը երկար ժամանակ Ադրբեջանին ապահովել է ավելի մեծ ռազմական օգնությամբ, քան Հայաստանին, այդ տարբերությունն ավելի նկատելի դարձավ անցած տարվանից, երբ Հայաստանում փոխվեց կառավարությունը, նշում է վերլուծաբանը։ Նրա խոսքերով, պարզ չէ, թե պայմանավորվա՞ծ է արդյոք այդ հանգամանքը նրանով, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմական առաքելության կազմում մարդասիրական առաքելություն ուղարկեց Սիրիա։

Սանամյանը նշում է նաև, որ ամերիկյան օգնության աճի հետ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության բյուջեն նույնպես աճել է 2018-ի 90 միլիոնից 116 միլիոնի՝ ընթացիկ տարում։ Ընդ որում վերլուծաբանն ընդգծում է, որ անցած տարվա դեկտեմբերին սահմանապհ պետծառայությունն իր վրա է վերցրել հայ-ադրբեջանական սահմանի պաշտպանության գծով Ադրբեջանի պաշտպանության նախարարության պարտականությունների մի մասը, ինչը թույլ է տվել ուժեր ազատել հայ-ադրբեջանական շփման գծի հատվածներում օգտագործելու համար։

Ռազմական թեմատիկայում մասնագիտացած Razm.info կայքն այդ առնչությամբ գրում է, որ նախորդ տարիների հետ համեմատած՝ Ադրբեջանին հատկացվող օգնության ծավալը վերջին երկու տարիներին կտրուկ աճել է. օրինակ, 2017-ին այդ երկիրն ԱՄՆ-ից ստացել է ընդամենը 2 մլն դոլար։ Այդ կապակցությամբ ընդգծվում է, որ թեև Հայաստանին ցուցաբերվող ֆինանսական օգնության չափն անհամեմատելի է Ադրբեջանին հատկացվող միջոցների հետ, սակայն անցած տարի ՀՀ-ն Վաշինգտոնից 2 միլիոն դոլարով ավելի շատ գումար է ստացել, քան 2017-ին։

Ռազմինֆոյի հետ զրույցում Էմիլ Սանամյանն ընդգծեց, որ Ադրբեջանին հատկացվող ամերիկյան օգնության աճը պայմանավորված է Իրանի նկատմամբ իրականացվող քաղաքականությամբ։ Վաշինգտոնը ջանում է հնարավորինս մեծ թվով երկրների ներքաշել հակաիրանական կոլիցիայի մեջ, և այդ օգնությունը դիտարկվում է հենց տվյալ համատաքստում, համարում է նա։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, Սանամյանի խոսքերով, մեր երկրի նկատմամբ չի նշմարվում դրական և հագեցած դինամիկա, թեև Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների ներկայացուցիչները փորձում են շտկումներ մտցնել ստեղծված իրավիճակում։

Մինչդեռ, ինչպես նշում է Razm.info կայքի համակարգող Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆԸ, ներկայումս ԱՄՆ-ում է գտնվում Հայաստանի Ազգային ժողովի մեծ պատվիրակություն՝ ԱԺ նախագահի գլխավորությամբ, և տրամաբանական կլիներ, եթե պատգամավորները պաշտոնական հանդիպումների ընթացքում բարձրացնեին երկու երկրներին ցուցաբերվող ֆինանսական օգնության անհամաչափության հարցը։ Նա հիշեցրեց նաև, որ Ադրբեջանի սահմանապահ պետծառայության ստորբաժանումները մասնակցել են Արցախի դեմ 2016թ. ագրեսիային, իսկ այժմ կանգնած են հայ-ադրբեջանական սահմանի վրա Տավուշի հատվածում։ Այս փաստը, կարծում ենք, անհրաժեշտ է առանձնահատուկ ընդգծել, քանզի ԱՄՆ-ի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկի տրամադրած ֆինանսական օգնությունը, ըստ էության, Ադրբեջանի կողմից անմիջականորեն օգտագործվել է Արցախի Հանրապետության դեմ ուղղված ռազմական գործողությունների ընթացքում։

Հավելենք նաև, որ նման իրավիճակը ստեղծվել է «Ազատությանն աջակցության ակտի» հանրահայտ 907-րդ շտկման խորապատկերին, որն արգելում է ԱՄՆ-ին պետական մակարդակով օգնություն հատկացնել Ադրբեջանին։ Այդ շտկումը, չնայած Բաքվի բազմամյա ահռելի ջանքերին, չեղարկված չէ և շարունակում է գործել։

Համաձայն վերջին տեղեկությունների, հայկական պատվիրակության անդամները, մասնավորապես՝ Էդմոն Մարուքյանն ու Արման Աբովյանը, արդեն սկսել են բարձրացնել հարցը Վաշինգտոնում հանդիպումների ժամանակ։ Մնում է սպասել այդ թեմայով հաղորդագրությունների և հուսալ, որ խնդիրը բարձր մակարդակով կհնչեցվի ոչ միայն պատվիրակության անդամների, այլև դրա ղեկավար Միրզոյանի կողմից։

Վերջապես, անհնար է չհամաձայնել Կարեն Վրթանեսյանի հետ նրանում, որ տվյալ հարցով պետք է հետևողականորեն զբաղվեն ՀՀ ԱԳՆ-ը, Պաշտպանության նախարարությունը, Ազգային անվտանգության ծառայությունը և Անվտանգության խորհուրդը։