ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ՛ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԴԵՄՔՈՎ ՇՐՋՎԵԼ ԴԵՊԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ

Մարդիկ հիշում են, թե ինչպես էր վարչապետը քնթուկներ հավաքում

Այս գարնանը Երևանի կենտրոնում, քայլելով շինհրապարակով, վարչապետ Փաշինյանը կռանում ու հեռուստախցիկների առջև ցուցադրաբար քնթուկներ էր հավաքում գետնից։

Ամռան կեսը վաղուց անցել է, իսկ երևանցիները դեռևս հարց են տալիս միմյանց. մի՞թե հեռուստախցիկների առջև քնթուկներ հավաքող վարչապետին չի հուզում, որ քաղաքը թաղված է աղբի ու գարշահոտության մեջ։ Իհարկե, չի հուզում, հակառակ դեպքում քաղաքում չէին շրջի թափառող շների ոհմակներ, որոնք հարձակվում են մարդկանց վրա։ Արդեն տուժողներ կան, մայրաքաղաքի ծայրամասերի բնակիչները հեռուստախցիկների առջև ասում են, որ երեկոյան վախենում են տնից դուրս գալ։

Մարդիկ ամեն օր գոռում են իշխանության դեմքին իրենց խնդիրների մասին, բայց իշխանությունը նրանց չի լսում։ Ժամանակն է, որ նրանք, ովքեր դեռ հույս են փայփայում, թե Փաշինյանի կառավարությունը դեմքով կշրջվի ժողովրդին, ընդունեն, որ վարչապետը պատկանում է քաղաքական կերպարների այն կատեգորիային, որոնք ստում են առավոտից երեկո, այլ ոչ միայն մեծ տոներին։ Կառավարության նիստերը վաղուց արդեն վերածվել են հեռուստատեսային շոուի. Փաշինյանը փորձում է ձևացնել, թե հարցեր է լուծում, նախարարներն օժանդակում են այդ խաղին։

Իշխանությունը չի լսում ո՛չ շարքաին քաղաքացիներին, ո՛չ քաղաքական ընդդիմախոսներին, ո՛չ էլ պրոֆեսիոնալներին, որոնք դեռևս փորձում են խորհուրդներ տալ նրան։ Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրությունը հաստատեց այն, ինչի մասին բավական երկար ժամանակ խոսում էին փորձառու իրավագետները, խոսում՝ առանց լսված լինելու։ Իշխանությունն արդեն ապացուցել է, որ լսում է միայն ինքն իրեն։ Վահե Գրիգորյանի զառանցալից հայտարարությանը՝ Սահմանադրական դատարանի ոչ լեգիտիմ անդամների մասին, որոնք իբր դատավորներ չեն, ուստիև կայացնում են ոչ լեգիտիմ վճիռներ, ծափահարում էր միայն խորհրդարանական մեծամասնությունը։ Փորձառու պրոֆեսիոնալները ջանում էին խելքի բերել իշխանությանը օրենքի վկայակոչումներով, բայց իշխանությունը նրանց չէր լսում։ Նա լսում էր, թե ինչպես է Գագիկ Ջհանգիրյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ՍԴ դատավորներին անվանում ոչ լեգիտիմ։

Փաշինյանին կատաղեցնում է ՍԴ-ի անկախությունը

Պրոֆեսիոնալների հորդորներին փոխարինելու եկավ Վենետիկի հանձնաժողովի շշպռանքը, բայց նույնիսկ դրանից հետո պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ Աննա Հակոբյանի եղբայրը, հայտարարեց, թե իբր՝ Վենետիկի հանձնաժողովը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Սա այն արտահայտությունների շարքից է, որոնք մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը խորհուրդ էր տալիս օգտագործել որպես «Երալաշի» սյուժե։

Երիտասարդ պատգամավորն անտեղյակ է, որ եվրոպական փորձագետները հետևում են մեր երկրում տիրող իրավիճակին տարիներ շարունակ, և հետևում են պրոֆեսիոնալ հետազոտությունների, զեկույցների ու բանաձևերի հիման վրա, ուստիև շատ ավելի լավ լավատեղյակ են կատարվող ամենի մասին, քան Հակոբյանն ու իր խմբակիցները։

Մի շարք վկայություններով, փաստաթղթի բովանդակությունն իշխանությանը հայտնի էր դրա հրպարակումից դեռ շատ առաջ. այլ կերպ ասած, իշխանությունը փորձում էր ժողովրդից թաքցնել արձանագրության բովանդակությունը, իսկ հրապարակեցին դա նախորդ գումարման խորհրդարանի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը և «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը։ Իշխանությունը արձանագրության բովանդակությունը վերագրեց նախկին իշխանության ներկայացուցիչների դավերին։ Ստացվում է, որ այդ ներկայացուցիչները ոչ միայն բացեցին մարդկանց աչքերը փաստաթղթի վրա, որը ներկայիս իշխանութունը ջանում էր թաքցնել ժողովրդից, այլև եվրոպական իսթեբլիշմենտին հասցրեցին Սահմանադրական դատարանի վրա թաթը դնելու և իրեն ծառայեցնելու Փաշինյանի փորձերը։ Այստեղից հարց. իսկ ուրիշ ի՞նչ է թաքցնում իշխանությունը ժողովրդից։

Դատական համակարգի դեմ կոպիտ ոտնձգության փորձն արժանացավ Վենետիկի հանձնաժողովի արձագանքին, բայց իշխանափոխությունից հետո համանման իրավիճակ է տիրում պետական կյանքի բոլոր ոլորտներում։ Իշխանությունը վարկաբեկում է ոչ միայն դատարաններին, այն վարկաբեկում է իրավապահ մարմիններին, ոստիկանությանը, բանակին, գեներալական կազմին, Արցախի Հանրապետության ղեկավարությանը, որի գործողությունները Փաշինյանն իբրև ՀՀ ներքին գործերին միջամտություն է որակում լոկ այն պատճառով, որ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը հանդես եկան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոփոխելու անձնական երաշխավորությամբ։ Փաշինյանն այդ արարքն անվանեց միջամտություն Հայաստանի ներքին գործերին, իսկ որպես հիմնավորում պատճառաբանեց, թե Սահակյանը լիազորություններ ունի և կարող է ճնշում գործադրել դատարանի վրա։

Հերթական սուտը. Հայաստանում դատարանի վրա ճնշում կարող է գործադրել միայն Փաշինյանը, ինչի մասին վկայում են երկու հեռախոսազրույցների հրապարակված ձայնագրությունները՝ Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանի, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի և անձամբ վարչապետի մասնակցությամբ։ Փաշինյանին կատաղեցնում է ՍԴ-ի անկախությունը։ Է՛լ ավելի է նրան կատաղեցնում այն հանգամանքը, որ ՍԴ գործուղված Վահե Գրիգորյանը չկատարեց իրեն հանձնարարված քաղաքական պարտավորությունները, փոխարենը՝ խայտառակեց Փաշինյանին Եվրոպայով մեկ։

Դատարանների նկատմամբ ճնշման հետ կապված իրավիճակը եզակի չէ։ Պետական կյանքի բոլոր ոլորտներում իշխանությունն արմատավորում է անտեղյակություն և ամենաթողություն, ներառյալ ճանապարհներին տիրող իրավիճակը, որը հանգեցրել է ՃՏՊ-ների զոհերի կտրուկ աճի։ Պարզապես այլ ոլորտների վերաբերյալ միջազգային փորձագետները բարձրահունչ հայտարարություններ չեն անում, այլապես մենք ստիպված կլինեինք ծիծաղի պոռթկումներ լսել աշխարհի բոլոր ծայրերից։ Քանզի այդ միայն վարչապետի աներձագն է կարծում, թե երկրի սահմաններից դուրս մեր մասին ոչ ոք ոչինչ չգիտի։ Ավա՜ղ, բոլորը գիտեն և՛ իր՝ Փաշինյանի, և՛ նրա անձեռնհաս քաղաքական քայլակիցների մասին. ամեն քայլը սյուժե է «Երալաշի» համար։ Ընդ որում Փաշինյանը մշտապես վկայակոչում է ժողովրդի կամքը, իբր՝ ինքն անում է միայն այն, ինչ պահանջում է ժողովուրդը։

Ինչ է կամենում ժողովուրդը

Ստացվում է, թե մեր ժողովուրդը ամենից շատ կարիք ունի գեղեցիկ ստերի՝ պետության գանձարան վերադարձվող միլիարդների, համակարգային կոռուպցիայի նկատմամբ հաղթանակի և այն մասին, թե ինքը՝ ժողովուրդն է այսուհետ կառավարում պետությունը։

Ցուցանշական է, որ երջանկության մասին վարչապետը վերջին ամիսներին գրեթե չի խոսում։ Փոխարենը՝ ժողովուրդը Նիկոլի, նրա կնոջ, նախարարների ու պատգամավորների արտասահմանյան ճամփորդությունների քանակից արդեն գիտի, թե ով մեր երկրում երջանկացավ իշխանափոխությունից հետո։

Ի դեպ, որոշ վերլուծաբաններ Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրության մեջ փոխադարձ կապ են նշմարել երկրորդ նախագահի նկատմամբ խափանման միջոցը փոխելու դատական որոշման և դատարանների շենքերը շրջափակելու վարչապետի հաջորդած կոչի միջև։ Այդ վերլուծաբանները համարում են, որ եվրոպական փորձագետները նկատել են երկու իրադարձությունների միջև հենց այն կապը, որն իշխանությունը կտրականորեն ժխտում է։

Վերոնշյալ արձանագրության հրապարակումից հետո վերլուծաբանները, եվրոպական փորձագետների եզրահանգումների հիման վրա, միաձայն եզրակացության հանգեցին այն մասին, որ ժամանակը, երբ եվրոպական հանրությունն աչք էր փակում իշխանության թույլ տված խախտումների վրա, արդեն սպառվել է։ Ըստ երևույթին, եվրոպական ազդեցիկ ինստիտուտներն արդեն վերջնականապես հասկացել են, որ Հայաստանում հաստատվել է մեկ անձի և քաղաքական մեկ ուժի դիկտատուրա։ Իշխանությունը վարկաբեկում է այն ամենը, ինչին դիպչում է. լինի դա օրենք, ժողովրդավարական սկզբունքներ, խոսքի ազատություն և այլն։ Ի դեպ, ներկայումս ԶԼՄ-ների դեմ ներկայացված է ավելի քան 90 հայց։ Նախկին «հանցավոր քրեաօլիգարխական ռեժիմի» օրոք նման բան երբեք չի եղել։ Այդ ռեժիմը հանդուրժողաբար էր վերաբերվում քննադատությանը։

Փաշինյանն ասում է, թե գործում է բացառապես ժողովրդի կամքով, բայց ժողովուրդը կամենում է բնավ ոչ դատական հայցեր ԶԼՄ-ների դեմ և պետբյուջեից արվող միլիոնանոց հատկացումներ քաղաքապետարանի և Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցների պարգևավճարների համար։ Ժողովուրդը կամենում է, որ հեռավոր գյուղերում լինի խմելու ջրի անխափան մատակարարում, որ գործի ոռոգման համակարգը, որ չկրճատվեն աշխատատեղերը, որ չթանկանան առաջին անհրաժեշտության ապրանքները, որ իշխանությունը, որն ինքը ոչինչ չի կարողանում, գոնե չփլուզի այն ամենը, ինչ ժառանգություն է ստացել նույն այդ «հանցավոր քրեաօլիգարխական ռեժիմից»։

Մեր երկրում բառացիորեն ամեն օր մարդիկ արգելափակում են միջպետական մայրուղին։ Ալավերդու պղնձաձուլական գործարանի հուսահատության հասցված աշխատողները փակեցին նույնիսկ Երևան-Թբիլիսի երկաթուղին։ Նրանք փետրվարից պահանջում են, որ կառավարությունն իրենց չզրկի աշխատանքից։ Մարդիկ ուզում են աշխատել և վաստակել իրենց հացը, ինչպես «հանցավոր քրեաօլիգարխական ռեժիմի» կառավարման տարիներին։

Основная тема:
Теги: