Ո՞ՒՐ Է ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԴՅՈՒՆՔԸ

Հրապարակվել է ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում կատարած աշխատանքի համար Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին և քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին տրված պարգևավճարների ցուցակը, հաղորդում է News.am-ը։

Համաձայն ցուցակի, քաղաքապետի տեղակալները ստացել են 956 հազարական դրամ։ Իսկ քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին տրվել է 840 հազար դրամ։ Պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է 56.319.500 դրամ։

Ինչ վերաբերում է Երևանի վարչական շրջանների ղեկավարներին, ապա նրանք ստացել են 840 հազարական դրամ։ Պարգևավճարների ընդհանուր գումարն այդ մասով կազմել է 10.080.000 դրամ։

Այսպիսով, ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի համար պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է 66.399.500 դրամ։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. թեև այդ տեղեկատվությունը հասարակական արձագանքի հերթական ալիք բարձրացրեց, այդուհանդերձ տարօրինակ է, որ ոմանց նման որոշումները դեռ զարմացնում են։ Առնվազն այն պատճառով, որ քաղաքապետարանի աշխատակիցներին պարգևավճարների կանոնավոր հատկացումը բազմիցս ծանուցվել է քաղաքային վարչակազմի ղեկավարության կողմից։ Վերջինս շատ անգամներ է հայտարարել, որ չնայած հասարակության բացասական արձագանքին, աշխատակիցների խրախուսումից հրաժարվել մտադիր չէ։

Ի դեպ, դա թերևս միակ խոստումն է, որ մայրաքաղաքային իշխանության կողմից կատարվում է հստակ ու հետևողականորեն, առանց շտկումների, առանց գաղափարի իրականացմանը խոչընդոտող օբյեկտիվ խնդիրների վկայակոչման։ Մինչդեռ օբյեկտիվ խոչընդոտներ կան։ Օրինակ, միջոցների անբավարարությունը քաղաքային գանձարանում, ինչի պատճառով բացի ամենայնից չլուծված են մնում քաղաքային տնտեսության մի շարք հրատապ խնդիրներ, ինչպիսիք են տրանսպորտը, վերելակները, աղբահանությունը և այլն։ Այդուհանդերձ մայրաքաղաքի վարչակազմը շատ ավելի առաջնահերթ է համարում կադրերի խրախուսման գործընթացի ֆինանսավորումը, քան այլ ծրագրերը։

Աստղաբաշխական արագությամբ են փոխվում իշխանության գերակայությունները։ Մի քանի ամիս առաջ, երբ գործող իշխանության օրակարգում հայտնվեց պետապարատի օպտիմալացման հարցը, երբ հայտնի դարձավ, որ գործադիր իշխանությունը որոշել է գործազուրկ թողնել մոտ 10 հազար պետծառայողների, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ խոսքը կադրային կազմի այն հատվածի կրճատման մասին է, որը հավելյալ արդյունք չի ստեղծում։

Դեռ այն ժամանակ վարչապետի այդ մոտեցումը, մեղմ ասած, տարօրինակ էր թվում, քանի որ պետկառավարման համակարգում ծառայողներից հավելյալ արդյունք պահանջելն անհեթեթություն է։ Չի կարող, օրինակ, պաշտոնյային սպասարկող վարորդը հավելյալ արդյունք ստեղծել։ Չի կարող դա անել նաև պաշտոնյայի քարտուղարուհին, չեն կարող հաշվապահներն ու գործավարները։ Ասենք, իրենք՝ պաշտոնատար անձինք, աստիճանավորներն էլ հաճախ չեն ստեղծում այդ արդյունքը։ Այդուհանդերձ ազդարարվեց պետապարատի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու հենց այդ սկզբունքը՝ հաստիքների կրճատման հաշվին, ինչը, կրկնեմ, պետք է իրականացվեր հավելյալ արդյունքի ստեղծման գաղափարի հիման վրա։

Այժմ վերադառնանք ներկա ժամանակ և Երևանի քաղաքապետարանի տարածք։ Հետաքրքիր է, ի՞նչ հավելյալ արդյունք են կարողացել ստեղծել քաղաքային վարչակազմը, համակարգի ծառայողները, որպեսզի ոչ միայն հիմնավորեն իրենց գոյության անհրաժեշտութունը, այլև ֆինանսապես խրախուսվեն ու խթանվեն։ Եթե հետևենք քաղաքի վարչակազմի քայլերին, ապա ակներև կդառնա. չի երևում քաղաքապետարանի գործունեության նույնիսկ ոչ թե հավելյալ արդյունքը, այլև հիմնական արդյունքի առկայությունն անգամ կասկածելի է։ Անշուշտ ակնհայտ է. «հիմնական բնազդը» ավելի բարձր է վարձատրվում։ Իսկ հավելյալը (բնազդը)՝ ավելի լավ ու արդյունավետ աշխատանքը, ինչ-որ չի երևում։

Իհարկե, հավելյալ արդյունքի կատեգորիային կարելի է դասել կուտակված աղբը Երևանի փողոցներում ու բակերում։ Դա իսկապես հավելյալ արդյունք է, բայց դա քաղաքապետարանի ոչ թե գործունեության, այլ անգործության արդյունքն է։

Քաղաքային վարչակազմի աշխատանքի հավելյալ արդյունք կարող էր դառնալ, օրինակ, Օպերայի մերձակա տարածքի նախնական պատկերը, դրա ազատումը բազմաթիվ սրճարաններից և այդ հատվածի լիարժեք կանաչապատումը, ինչը խոստացել էին։ Սակայն այդ հարցում էլ հիմնական արդյունքից հրաժարվեցին, ապամոնտաժեցին երկու սրճարան, իսկ հավելյալ արդյունք, ըստ էության, չստեղծեցին։ Կանաչ սիզամարգը տարածքի փոքրիկ պատառիկի վրա դժվար թե կարելի է անվանել համատարած կանաչապատում և նախկին պատկերի վերականգնում։

Վերելակների և տրանսպորտի մասին խոսելն անգամ ավելորդ է։ Այստեղ հավելյալ արդյունքը, նախ, խոստանում են ստեղծել մի քանի տարվա ընթացքում։ Երկրորդ, դրա համար պետք է վճարեն երևանցիները։ Օրակարգում է տրանսպորտի սակագների, վերելակից օգտվելու համար վճարի բարձրացումը։

Մնում է առեղծված, թե ո՞ւր կորավ հավելյալ արդյունքի մասին վարչապետի գաղափարը քաղաքապետարանի աշխատողների խրախուսման համատեքստում։ Ինչո՞ւ ոմանց, ում աշխատանքը հավելյալ արդյունք չի ստեղծում, պետք է կրճատել, իսկ մյուսներին՝ նույն բանի համար խրախուսել։

Основная тема:
Теги: