ԻՋԵՎԱՆՈՒՄ ՈՒՐԱԽ ՉԵՆ ՏԵՍՆԵԼ ԵՐԵՎԱՆԻՑ ԵԿԱԾ ՀՅՈՒՐԵՐԻՆ

Դժվար է դատել, թե որ զենքն է ավելի ծանրակշիռ հեղափոխականի համար. Հոկտեմբերյան հեղափոխության ժամանակների քարակտորը, թե Ֆեյսբուքում ասված թունոտ խոսքը, որը կարող է գործողությունների ազդանշան դառնալ։

Իջեվանում տիրող անկայուն իրավիճակը հասարակության մեջ քննարկվում է ոչ այնքան անտառներն ապօրինի հատումից պաշտպանելու տեսանկյունից, որքան վարչապետի հայրենիքում կարգուկանոն հաստատելու համար եկած օտար երևանցիների նկատմամբ վառ դրսևորված ատելության համատեքստում։ Դա սպասելի էր։ Հասարակությանը «սևերի» ու «սպիտակների» «հայաստանցիների» և «ղարաբաղցիների» բաժանելուց հետո մենք ականատեսը դարձանք այն բանի, որ իջևանցիներն իրենց հակադրում են երևանցիներին։ Եվ դիմակայության հեղափոխական տեխնոլոգիայից ծնունդ առած ատելության շղթայական ռեակցիան դեռ երկար կբռնկվի երկրի տարբեր տարածաշրջաններում։

 Ситуация в Иджеване

Բայց նույնիսկ այդպիսի անհեթեթ երկփեղկումն այնքան վիրավորական չէ, որքան հակադիր կողմին նետված «թուրք» մակդիրը։ Թերևս հենց այդ բառն է գնալով ավելի հաճախ հանդիպում սոցցանցերից օգտվողների մեկնաբանություններում, որոնց փաստարկները չեն բավականացնում քննադատությանը կամ այլախոհությանը պատասխանելու համար։

Այդ շարքում տարածվածությամբ հաջորդ վիրավորանքը, որպես կանոն, դուռը ցույց տալն է. իբր՝ անհամամիտները թող մաքրվեն մեր երկրից։ Այսպիսով, ագրեսիվ տրամադրված հեղափոխական հանրությունը համակարգչային մկնիկի սեղմումով հընթացս վճռում է հասարակության այն մասի ճակատագիրը, որը համամիտ չէ ինչ-որ հարցի վերաբերյալ իր դիրքորոշմանը։ Եվ նրանցից յուրաքանչյուրն իր վրա է վերցնում դատախազի, դատավորի և դահճի դերը, մատնանշելով, թե ում է թույլատրված ապրել «նոր Հայաստանում», իսկ ով է, իրենց կարծիքով, կորցրել այդ իրավունքը։

Արդյունքում զայրագնած օգտվողների տապարի տակ են ընկնում ոստիկանները, դատավորները, լրագրողները, մշակույթի և արվեստի նշանավոր գործիչները, պատմաբանները, քաղաքական, հասարակական գործիչները և նույնիսկ պատգամավորները, որոնք հանդգնել են արտահայտել պաշտոնական դիրքորոշման հետ լիովին չհամընկնող սեփական կարծիքը։ Կախված վիրավորական մակդիրը նետողի պատկանելությունից, գրոհը սրվում է կամ մարում, տեղը զիջելով փողոցային հայհոյանքին, ինչում հմտացել են ֆեյսբուքյան տարերքի բնակիչները։

Անանուն լեզվակռվի նախանձախնդիրների ճնշումն իրեն է ենթարկել համակարգչային հատուկ ծրագրի պայմանները, որն ըստ մտահղացման պետք է զտեր գրառումներն ու ջնջեր հայհոյանքները։ Վիրավորանքները գնալով ավելի գունեղանում են, իսկ անարգանքների աստիճանը չի դիմանում քննադատության։ Ընդ որում հեղափոխական Հայաստանի ջատագովների համար անցանկալի սուբյեկտների թիվն աճում է երկրաչափական պրոգրեսիայով։

Այնպես որ հեռու չէ այն օրը, երբ առաջնորդի և հեղափոխության գաղափարների պաշտպանության համար սոցցանցերում կմնան միայն ֆեյքերը՝ նախապես տպած մեկնաբանություններով։ Եվ արդեն չեն լինի «սևերի» ճամբար անցած «սպիտակներին» զտողներ։ Բայց իրական կյանքում դեռ երկար կշարունակվի տարանջատումը յուրայինների և օտարների, այնպես որ դժվար թե առաջիկայում մեծապատիվ ընտանիքը մեկնի հարազատ Իջևան՝ հանգստանալու։ Ինչպես պարզվեց, այնտեղ այնքան էլ ուրախ չեն տեսնել Երևանից եկած հյուրերին։

 

Основная тема:
Теги: