ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ՈՒ VIBER-Ի ՀԱՄԱՏԵՂ ՔԱՅԼԸ՝ ՍՈՑՑԱՆՑՈՒՄ ՀԱՅԵՐԵՆԸ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆեյսբուքյան էջում ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ներկայացրել է Rakuten Viber-ի հետ համատեղ նախագիծ՝ ուղղված սոցիալական ցանցերում հայերենով հաղորդակցումը խթանելուն:
Ֆեյսբուքյան ուղերձում Ռալֆ Յիրիկյանը վերահաստատել է, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշտապես կարևորում է հայերենի կիրառումն առօրյա հաղորդակցության մեջ՝ թե՛ կարճ հաղորդագրություններում (SMS), թե՛ սոցիալական ցանցերում՝ հաշվի առնելով այն, որ լեզուն ազգային ինքնության կարևոր մաս է:
Մասնավորապես՝ տարիներ առաջ ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջինն է սկսել իր բաժանորդներին ուղարկել հայատառ SMS-ծանուցումներ: Այժմ, երբ սոցիալական ցանցերը գնալով ավելի ու ավելի են զարգանում, հայերեն գրելն այլևս բավարար չէ: Չէ՞ որ մարդիկ տարբեր հավելվածներում շփվում են ոչ միայն գրելով, այլև՝ հաճախ պիտակներ (ստիկերներ) ուղարկելով:
«Սոցիալական ցանցերում ստիկերներն օգտագործվում են զգացմունքներ արտահայտելու կամ տպավորություններ կիսելու համար: Ուշադրություն դարձրե՛ք և ինքներդ էլ կհամոզվե՛ք, թե որքան հաճախ եք օգտագործում լատինատառ ստիկերներ. «OK», «OMG», «Oooops», և այլն … Դրանք համատարած են և հասկանալի՝ աշխարհի ցանկացած կետում: Բայց արդյո՞ք դրանք արտահայտում են մեր ազգային առանձնահատկությունները, արդյո՞ք դրանք արտահայտում են հայախոս մարդու հարուստ ներաշխարհը, հային բնորոշ՝ զգացմունքների ու հարաբերությունների ամբողջ ջերմությունը, մեր հայրենիքի գույներն ու երանգները: Որքա՜ն լավ կլիներ, եթե դրանք լինեին հայերեն»,- նշել է Յիրիկյանը:
Բաց աղբյուրների համաձայն՝ Հայաստանում ամենաօգտագործվող հավելվածը «Viber»-ն է: Այս հանգամանքը հաշվի առնելով, որպես սոցիալական հարթակներում ազգայինը խրախուսող ընկերություն՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Viber»-ի հետ համատեղ իրականացրել է ևս մեկ կարևոր քայլ՝ համացանցում մարդկանց շփումը հայերեն դարձնելու ուղղությամբ:
«Այսօր՝ «Viber»-ի հետ միասին գործարկում ենք հայկական ստիկերներ: Ինչու՞ չասել «Բարև»՝ «Hello»-ի փոխարեն, ինչու՞ չլինի հայկական կերպար, ինչու՞ «Good night», այլ ոչ թե՝ գեղեցիկ «Բարի գիշեր», ինչու՞ սերը չխոստովանել հայերենով…»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենն իր ուղերձում:
Սոցիալական ցանցերի օգտատերերին ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Viber-ը հորդորումմ են երեք ամիս անվճար ներբեռնել ու օգտագործել հայեցի պիտակներ (ստիկերներ):