ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՊԱՏՐԱՆՔԻՑ ԴԵՊԻ ԻՐԱԿԱՆ ԱՐՏԱԳԱՂԹ

Ռուսաստանի բնակչության ներգաղթային աճը 2019 թվականի հունվար-ապրիլին կտրուկ ավելացել է, գերազանցելով նախորդ բոլոր տասը տարիների նիշերը։ Այդ մասին հաղորդում է Ռոսստատը, ինչպես տեղեկացնում է PanARMENIAN.Net-ը։

2019 թվականի հունվար-ապրիլին Ռուսաստանի բնակչության ներգաղթային աճը երկրների ճնշող մեծամասնությունից, այդ թվում ԱՊՀ երկրներից, ավելացել է 57,4%-ով՝ 2018-ի համապատասխան ժամանակահատվածի համեմատ, այլ երկրներից՝ 5,2 անգամ։

Ռուսաստանի ներգաղթային խոշոր գործընկեր երկրներից առավելագույնս աճել է ներգաղթը Հայաստանից և Ուկրաինայից։ Այսպես, հաշվետու ժամանակահատվածում Հայաստանից ՌԴ է տեղափոխվել 12,8 հազար մարդ, մինչդեռ 2018-ին այդ ցուցանիշը կազմել է 4,9 հազար։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. հայերի արտագաղթը Ռուսաստան, ըստ էության, աճել է համարյա եռապատիկ։ Ավելին, անցած ամբողջ տարվա ընթացքում Հայաստանից Ռուսաստան է արտագաղթել գրեթե նույնքան մարդ (14,3 հազար), որքան այս տարվա առաջին 4 ամիսների ընթացքում (12։8)։ Համաձայնեք, միտումներն առավել քան տագնապալի են։ Մանավանդ եթե հաշվի առնենք, որ տվյալ դեպքում խոսքը միայն մեկ՝ ռուսաստանյան ուղղության մասին է։ Իսկ ընդհանուր առմամբ ակներև է, որ բնակչության արտահոսքը Հայաստանից բավական մտահոգիչ է։ Եվ այստեղ նույնպես դիմենք վիճակագրական տվյալներին՝ թեև ոչ առաջին թարմության, բայց բավական պերճախոս։ Այսպես ուրեմն, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2018 թվականի ընթացքում երկրի բնակչությունը կրճատվել է, 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչությունը կազմել է 2 միլիոն 996 հազար մարդ, ինչը 7,6 հազարով ավելի քիչ է, քան 2018-ին։

От иллюзии репатриации к реальной эмиграции

Արտագաղթի ոլորտում նման իրավիճակի պատճառները, իհարկե, շատ են։ Ընդ որում դրանք նախկինում էլ կային, մինչ այդ նույնպես մարդիկ ավելի լավ կյանք էին փնտրում երկրի սահմաններից դուրս։ Այլ հարց են բնակչության արտահոսքի աճի տեմպերը։ Այլ հարց է, թե ինչու հենց միայն մեկ՝ ռուսաստանյան ուղղությամբ այդ լավ կյանքը սկսեցին որոնել երեք անգամ ավելի մեծ թվով մարդիկ, քան անցած տարի։ Պատասխանը, ուղիղն ասենք, շատ պարզ է։ Ակնհայտ է, որ հետհեղափոխական դրախտի վերաբերյալ չափազանց բարձր հասարակական հույսերը բախվեցին մռայլ իրականությանը և փլուզվեցին։ Ակնհայտ է, որ քչերը նախընտրեցին տարիներ շարունակ սպասել նոր իշխանության խոստումների կատարմանը։ Ակնհայտ է նաև այն, որ մեկուկես տարվա ընթացքում կյանքի որակը երկրում կտրուկ վատթարացավ, որ տեղի ունեցան աշխատատեղերի զանգվածային կրճատումներ, հետադիմեցին սոցիալական արդարության սկզբունքները… Մի խոսքով, կյանքը Հայաստանում հարմարավետ չդարձավ, թեև, կրկնեմ, իդեալական հարմարավետության խոստումներ էին տրվել։

Անցած տարվա մայիսին Նիկոլ Փաշինյանը Սոչիում Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ խոսում էր հայրենադարձության կարևորության, այն մասին, թե նոր կառավարության ռազմավարությունն ուղղված է հայերի հայրենիք վերադառնալու համար նախադրյալներ ստեղծելուն։ «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել եղբայրական Ռուսաստանին, որ նման պայմաններ են ստեղծվել հայ ժողովրդի համար, բայց ուզում եմ նաև ասել, որ մեր նպատակը մեծ հայրենադարձությունն է, մեր նպատակը հայության մարդկային, ֆինանսական, տնտեսական, հոգևոր, գիտական ներուժը կամ նրա զգալի մասը Հայաստանի Հանրապետությունում կենտրոնացնելն է և նրա անվտանգությունն ու բնականոն զարգացումն ապահովելը։ Ես Ռուսաստանի հայ և ռուս գործարարներին կոչ եմ անում գալ Հայաստան և անել ներդրումներ, ստեղծել աշխատատեղեր, որովհետև հիմա արդեն նոր Հայաստան է, որտեղ յուրաքանչյուր ներդրում պաշտպանված է լինելու, և որևէ ներդրում չի լինելու սպառնալիքի ներքո»,- ասաց Փաշինյանը։

Ներկայումս վարչապետը գնալով ավելի հազվադեպ է խոսում մեծ հայրենադարձության մասին։ Եվ դա զարմանալի չէ, քանի որ Փաշինյանի այդ գաղափարը կատարյալ ձախողում կրեց։ Ավելի հազվադեպ է նա կոչ անում ներդրումներ կատարել Հայաստանում, քանի որ գիտակցում է, որ իր իսկ ջանքերով երկրում տիրող գործարար կլիման նման է տարերային աղետի, իսկ վիրահատական միջամտություն ենթադրող ազդարարված դատական բարեփոխումը ներդրողներին զրկել է իրական պաշտպանությունից։ Չի խոսում նաև աշխատատեղերի մասին, որոնք հենց ինքը փակեց հազարներով։ Դատելով ամենից, Փաշինյանի ոգեշունչ ճառերի փուլն անցել է, ճիշտ ինչպեսև հասարակական դյուրահավատության փուլը։ Առհասարակ հույսերը պիտանիության ժամկետ ունեն։ Ըստ երևույթին, ժամկետը սպառված է։ Եվ նրանց թիվը, ովքեր դա գիտակցում են, ովքեր սկսում են իրենց խաբված զգալ, հետզհետե աճում է։ Ըստ էության, հենց այդ մասին էլ վկայում են արտագաղթի վերաբերյալ վերը ներկայացված վիճտվյալները։ Մեծ հայրենադարձության պատրանքը փոխարկվում է մեծ արտագաղթի իրականության…

 

Основная тема:
Теги: