ԻՆՉՈ՞Ւ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ԿՏՐՈՒԿ ԿՐՃԱՏԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ

2020 թվականին ԱՄՆ-ի կողմից Հայաստանին հատկացվող արտաքին օգնությունը կկազմի ընդամենը 6,75 մլն դոլար։ Հենց այսպիսի գումար է նախատեսված մեր երկրի համար Foreign Assistance («Օգնություն օտարերկրյա պետություններին») ծրագրի շրջանակներում, ֆեյսբուքյան իր էջում հաղորդեց քաղաքագետ-միջազգայնագետ, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆԸ, նշելով որ ամենախոշոր գումարը ՀՀ-ին հատկացվել է 2011 թվականին։

Համեմատության համար նա ներկայացնում է հետևյալ տվյալները. 2019 թվականին օգնության ծավալը կազմել է 6,4 մլն դոլար, 2018-ին՝ 6,80 մլն, 2017-ին՝ 26,41 մլն, 2016-ին՝ 23,10 մլն դոլար։

2020 թվականի համար հատկացվող գումարից 100.000 դոլարը նախատեսված է տրամադրել կրթության ոլորտին, 800.000-ը՝ տնտեսական զարգացմանը։ Գրեթե կեսը՝ 3.100.000 դոլար հատկացվում է ժողովրդավարության և մարդու իրավունքների սատարման համար, ևս 1.500.000՝ անվտանգության և խաղաղության, այդ թվում բախումների կարգավորման և հաշտեցման ծրագրերի իրականացման: Մնացածը հատկացվում է այլ նպատակների համար, նշում է Սարգսյանը, հավելելով, որ «Foreign Assistance»-ի շրջանակներում ամենամեծ օգնությունը Հայաստանին տրամադրվել է 2011 թվականին. 45.2 մլն դոլար:

«6,75 մլն դոլարը արտաքին աջակցության բյուջեով նախատեսված օգնությունն է: Իհարկե չեն բացառվում նաև լրացուցիչ փաթեթներ, բայց դեռևս առաջընթաց չկա»,- ընդգծում է նա։

Դժվար չէ նկատել, որ վերջին տարիներին ԱՄՆ-ի կողմից Հայաստանին հատկացվող ֆինանսական օգնության ծավալը հետևողականորեն ու կտրուկ նվազում է. 2017-ի համեմատ այն կրճատվել է գործնականում քառակի։ Մենք խնդրեցինք Սուրեն Սարգսյանին մեկնաբանել, թե ինչով դա կարող է պայմանավորված լինել. հայկական լոբբիստական կազմակերպությունների ազդեցության անկումով կամ ակտիվության նվազմամբ, Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությամբ, թե՞ կոնկրետ ներկայիս իշխանությունների հանդեպ վերաբերմունքով։ Իսկ գուցե Թրամփի աշխատակազմի տարածաշրջանային գերակայությունների փոփոխությա՞մբ։

Սարգսյանի խոսքերով, Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո ԱՄՆ-ի համար իրոք շատ բան փոխվեց արտաքին քաղաքական գերակայությունների հարցում, ինչի հետևանքով մեր տարածաշրջանն ամբողջությամբ և Հայաստանը՝ մասնավորապես, արդեն չեն համարվում գերակա ուղղություն որևէ տեսանկյունից։ Դրանից ելնելով՝ կազմավորվում է օտարերկրյա պետություններին հատկացվող օգնության բյուջեն, որը Թրամփի գալով կրճատվեց, իհարկե, ոչ միայն Հայաստանի առումով, այլև ամբողջությամբ վերցրած։

«Դա առաջին հերթին «Նախևառաջ՝ Ամերիկան» հայեցակարգի արտացոլումն է։ ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի համար դրանք պարզապես բառեր չեն, այլ դիրքորոշում, սկզբունք, որը հաստատվում է ամենօրյա աշխատանքով»,- համարում է փորձագետը։

Ինչ վերաբերում է լոբբիստական աշխատանքին, Սարգսյանը նշեց, որ իրավիճակը բարդանում է նրանով, որ հայկական լոբբիստները ինչպես Կոնգրեսում, այնպես էլ Սպիտակ տանը սովոր են աշխատել Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների հետ։ «Պետք է հասկանալ, որ հանրապետականների հետ աշխատելը մեր լոբբիստների համար փոքր-ինչ ավելի դժվար է։ Բացի այդ, ավանդաբար հայկական համայնքն առավել ակտիվ է գործում այն նահանգներում, որտեղ օրենսդիր մարմնի կազմում ընտրվում են դեմոկրատները։ Բնականաբար, այդ բարդություններն անդրադարձել են լոբբիստների աշխատանքի արդյունավետության վրա»,- ասաց նա։

Քաղաքագետն ընդգծեց նաև, որ ֆինանսական օգնության ծավալների կրճատումը ոչ մի կերպ կապված չէ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության հետ, համենայն դեպս վերջին տարվա ընթացքում ցուցանիշների մեջ որևէ փոփոխություններ չեն եղել. ո՛չ աճի, ո՛չ էլ հակառակը, նվազման ուղղությամբ։ «Կարծում եմ, ներկայիս իշխանություններին անհրաժեշտ է շատ լուրջ ջանքեր գործադրել՝ ԱՄՆ-ի հուսալի գործընկերը դառնալու և ավելի էական աջակցություն ակնկալելու համար, այդ թվում՝ ֆինանսական։ Դա մարտահրավեր է, որը կարելի է հաղթահարել հետևողական և ջանադիր աշխատանքի միջոցով»,- ամփոփեց Սուրեն Սարգսյանը։