ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՉԻ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ, ՆՐԱՆ ՊԵՏՔ Է ԼՈՒԾԱՐԵԼ

Երբ հեղափոխություններն ավարտվում են, սովորաբար հայտնաբերվում է, որ ազդարարված նպատակները ոչ միայն իրականացված չեն, այլև հակառակը, ստացված արդյունքներն ուղղակիորեն հակասում են դրանց։ Եթե նպատակն ազատությունն էր, ապա արդյունքում մենք ունենք բռապետություն, եթե արդարությունը, ապա հաստատվում են աղաղակող անհավասարություն ու անօրինություն, եթե ծաղկումը, ապա վրա է հասնում չքավորություն։

Եվ այդժամ երեկվա հեղափոխական-հաղթողները ջանում են ապացուցել. դա իրենց մեղքը չէ, դա հակաների՝ խավարի ուժերի, նախկին հանցավոր վարչախմբի դավերի հետևանքն է։ Եվ ընդ որում Կռիլովի առակի կապիկի պես ճղավում են անպատեհ ձեռքի տակ ընկած հայելու վրա։

Անցած մեկ տարվա և երեք ամիսների ընթացքում մեր երկրում աղետալիորեն վատթարացավ ամեն ինչ, իսկ գլխավորը՝ փոխհարաբերությունները, քանի որ արհեստական, սարքովի պառակտումը երկփեղկեց ինչպես հասարակությանն ընդհանրապես, այնպես էլ նույնիսկ ընտանիքների, իսկ երբեմն էլ նաև առանձին վերցրած գլուխների։ Մի կողմից՝ քաղաքացիների աճող դժգոհությունն ու հիասթափությունը, մյուս կողմից՝ այն գիտակցումը, որ երկիրը մտել է փակուղի, ստիպում են Հայաստանի ճակատագրով մտահոգ քաղաքական գործիչներին ելքեր փնտրել։ Քանզի երկրի առջև այսօր կա մի քանի ճամփաբաժան-հնարավորություն։ Եվ միայն մեկ բան է միանգամայն երաշխավորված. որ փաշինյանական բոլոր օյինների համար հատուցում ենք մենք։ Նրանք, ում անունից ներկայիս իշխանությունը խրոխտ ճամարտակում է։

Եվ որպեսզի դա այնուամենայնիվ տեղի չունենա, անհրաժեշտ է միավորվել ու պայքարել։ Հենց այս մասին է խոսում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Գոլոս Արմենիի»-ին տված հարցազրույցում. «Կարծում եմ` «կոնսենսուս մինուս մեկ»-ը, որպես գաղափար, արդեն ձևավորվել է քաղաքական դաշտում: Բոլորը տեսնում են, որ պետական ապարատը ծառայում է ոչ թե երկրի զարգացման ծրագրերին, այլ մեկ մարդու բնազդներին ու քմահաճույքներին, որ բխում են նրա` ծայրահեղ պարզունակ աշխարհայացքից: Իշխանությունների պարզունակության և ֆունկցիոնալ իմպոտենցիայի մասին այսօր խոսում են բոլորը: Այսինքն` ընդդիմության դաշտում համախմբման համար բարեբեր հող կա… Աշնանն ընդդիմության դաշտում համախմբման և գործընկերության ձևավորման գործընթացը կավարտվի, և քաղաքական պայքարը կստանա համակարգված ու մասշտաբային բնույթ»։

Դե ինչ, նախագահ Քոչարյանն անշուշտ իրավացի է, և դրանում կարող է համոզվել ինքը՝ Փաշինյանը, եթե հարազատ զանգվածների մեջ շրջի առանց թիկնազորի, Հարուն ալ Ռաշիդի օրինակով։ Վարչապետը, ավա՜ղ, մեծագույն ցանկության դեպքում անգամ չի կարող լուծել մեր խնդիրները, քանի որ մեր խնդիրը հենց ինքն է։ «Որքա՜ն երջանիկ է երկիրը, որտեղ ոչինչ արված չէ»,- բացականչել է Դիդրոն Եկատերինա կայսրուհուն ուղղված նամակում։ Փաշինյանի օրոք մենք դարձանք աշխարհի ամենաերջանիկ երկիրը, քանզի մեզանում արված չէ բացարձակապես ոչ մի բան։ Միայն՝ սխալ սխալի հետևից։ Մնացել է իջնել առաջնոդին բնազդաբար հնազանդվող ոհմակի մակարդակի, լոկ այն տարբերությամբ, որ Աքելլան կարող է վրիպել ինչքան ասես։

Մեր ժողովրդին Փաշինյանն այնքա՜ն բան է խոստացել, իսկ մարդկանց շարունակ քիչ է թվում։ Բայց չէ՞ որ խոստումներն այդ տրվել են բնավ ոչ նրա համար, որ կատարվեն, այլ որպեսզի զավթի իշխանությունը. զգացեք տարբերությունը։ Շատերն արդեն զգում են, ուստիև վարչապետի վարկանիշը վայր է ընկնում աշնան տերևի պես։

Համախմբման համար հողն ընդդիմադիր դաշտում այսօր իսկապես առավել քան բարեբեր է։ Այլ հարց է, թե կերգի արդյոք ընդդիմությունը «Ձեռք-ձեռքի՛ տանք, բարեկամնե՛ր, որ մեկ առ մեկ չկորչենք»։ Եթե երգի, ապա վիճել կարելի կլինի միայն այն մասին, թե որքան կդիմանա ռինգում ներկայիս իշխանությունը և ով հանդերձարան կտանի նոկաուտի ենթարկված մարմինը։ Իսկ եթե ծայրահեղ հավակնություններն ու կուսակցական շահերը խանգարեն ընդդիմությանը ստեղծել «ձգողականության տարբեր ուժով մի քանի կենտրոններ», որոնց մասին խոսեց Ռոբերտ Քոչարյանը, ապա նախաձեռնությունը կվերցնեն ծայրահեղ վիճակի հասցված հասարակ քաղաքացիները։ Թե ինչ տեսք կունենա դա, հայտնի չէ, բայց, ինչպես ասում էր Շվեյկը, դեռ երբեք չի եղել այնպես, որ ոչ մի կերպ չլինի։

Ասենք, այդ Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում է, որ երկրի քաղաքական ապագան կանխատեսում են քաղաքագետները։ Մեզանում դրա համար հարկավոր է նաև հոգեբույժ։ Բայց հանուն արդարության անհրաժեշտ է նշել, որ հնարավորություն ունի ոչ միայն ընդդիմությունը, այլև իշխանությունը։ Հիշո՞ւմ եք Բրեխտի անմահ բանաձևը. քանի որ ժողովուրդը չարդարացրեց կառավարության վստահությունը, ապա կառավարությունը պետք է լուծարի նրան և իր համար ընտրի նոր ժողովուրդ։

Основная тема:
Теги: